«Ցավդ տանիմ Արցախ» խորագրով փառատոններ Արցախում

 «Ցավդ տանիմ Արցախ» խորագրով փառատոններ Արցախում

Աշխարհաքաղաքական խառնաշփոթի մեջ վիրավոր Արցախը, չնայած փոքր քայլերով, սակայն մեծ ուժով փորձում է ոտքի կանգնել, ու դա արվում է նաև արցախցի երիտասարդների օգնությամբ։ Hraparak.am-ը զրուցել է  Արցախում «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ նախագահ Սնեժանա Թամրազյանի հետ։

«2020 թվականի սեպտեմբերի 24֊ին ստեղծվեց մեր «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ-ն` նախապես ունենալով այլ ուղղվածություն։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սանձազերծված պատերազմից հետո արմատապես փոխվեցին նաև ՀԿ ուղղվածությունը, օրակարգային խնդիրները։ Մեր կազմակերպությունը մեկնարկեց իր աշխատանքային գործունեությունը «Ես ապրելու եմ Արցախում» ֆլեշմոբով` ուղենշելով ՀԿ երիտասարդների որդեգրած կարգախոսը, արցախանպաստ գործունեությունը։ ՓՄՀԱ ՀԿ֊ի նպատակը դարձավ Արցախը ճանաչելի դարձնելը` ուժերի ներածին չափով, Արցախաշինման գործում փոքրիկ ավանդ ունենալը։ Այս ընթացքում մենք նյութական և բարոյական աջակցություն ենք ցուցաբերել տեղահանված ընտանիքների, այցելել հյուրանոցներ, մանկատուն, հասարակության խոցելի խմբերի տներ»,-ասաց զրուցակիցս։

Կազմակերպության երիտասարդները, կարևորելով արցախյան մշակույթը, նախաձեռնեցին «Ցավդ տանիմ Արցախ» խորագրով փառատոնը` նախատեսելով մշակութային տարբեր միջոցառումների իրականացում։ 

«Արցախի պետբյուջեից կազմակերպությանը 2021 թվականին հատկացվել է մոտ 1 մլն դրամ ծրագրերի իրականացման համար։ Նոյեմբերին փառատոնի շրջանակում կազմակերպել ենք նկարչության մրցույթ, որին մասնակցել են 300-ից ավելի երեխա՝ ներկայացնելով 1500-ից ավել նկարներ։ Ամանորին ընդառաջ կազմակերպեցինք մեծ միջոցառում և ամփոփեցինք մրցույթի արդյունքները։ 2022թ. -ի հենց առաջին օրերին հայտարարեցինք նոր մրցույթների մասին՝ բանաստեղծությունների և ձեռագործ աշխատանքների։ Ուրախալի է այն փաստը, որ նախորդ մրցույթի մասնակիցները էլ ավելի ոգևորությամբ մասնակցել են նաև այս մրցույթներին։ Կրկնակի հաճելի է, երբ Արցախի փոքրիկներից բացի մեզ են ուղարկում իրենց բանաստեղծությունները նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները։ Ապրիլի 16-ին կազմակերպելու ենք մեր հերթական միջոցառումը որտեղ կամփոփվեն այս մրցույթների արդյունքները։ Միջոցառումը լինելու է հայրենասիրական երգ ու պարով, հայրենասիրական բովանդակությամբ։ Կազմակերպվելու է ցուցահանդես- տոնավաճառ։ 

Սնեժանա Թամրազյանը գտնում է, որ այսօր ավելի, քան երբևէ Արցախում նման միջոցառումներն անհրաժեշտություն են, որպեսզի երիտասարդությունը չկոտրվի, քանզի դա է թշնամու նպատակը՝ արցախցու ոգին կոտրելը։ 

«Մենք պիտի ստեղծենք ու արարենք մեր հայրենիքում՝ Արցախում։ Նման միջոցառումները մեր ծրագրում շարունակական են լինելու։ ՓՄՀԱ ՀԿ֊ն չի սահմանափակվում միօրինակ ծրագրերի իրականացումով և նպատակ ունի նոր ու առանցքային նշանակության ծրագրեր իրականացնել հօգուտ արցախցու և Արցախի»,- զրույցը եզրափակեց Սնեժանա Թամրազյանը։