Յորգոս Սեֆերիս. Նոբելյանակիր պոեզիա 

Յորգոս Սեֆերիս. Նոբելյանակիր պոեզիա 

«ԵՐԵԿՈՅԻ ԹՌՉՈՒՆ» շարքից

Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
որ կին է:
Օրը` ինքնասպանված թռչուն`
զարկված խոր ձորին:
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
որտե՞ղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
դու, որ ձորի սրտին փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտով...


                                   ***

Ծառի արմատներով հոսում է երեկոյի կաթը:
Քամին օրորում է թռչունների բարուրը մայրամուտի կրծքին:
Նավահանգիստը` արեւը գրպանում թաքցրած հրեա է,
որ չգիտի գույնն իր արյան:
Երեք հրեշտակ Աստծուն բերել են ձիթենու ճյուղեր,
արցունք է սահում աչքերից Նրա,
որ ծառ տեսնելիս հանկարծ հիշում է մի փշե պսակ:


                                  ***

Իբրեւ վիրավոր թեւով թռչուն,
որ տարիներով չի ճախրել,
որպես թռչուն`
չհաղթահարած 
քամիներ եւ հողմեր,
իջնում է երեկոն:
Կանաչ հրվանդանին,
ուր ողջ օրը պարել են
պողպատի պես մերկ երեք հազար հրեշտակ`
ուշաթափվում է անարյուն երեկոն.
երեք հազար հրեշտակ ծալել են թեւերը`
վերածվելով շան`
լքված,
կաղկանձող,
մենավոր
փնտրող` 
ոսկոր,
տիրոջը,
կամ երկրորդ գալուստը:
Ես հիմա որոնում եմ մի քիչ խաղաղություն,
ինձ կհերիքեր մի խրճիթ ժայռին կամ ծովի մոտ,
ինձ կհերիքեր պատուհանի մոտ կախված սավանի
ինդիգոն`
փռված իբրեւ ծով,
ինձ կհերիքեր 
ծաղկամանում տեղավորված մի մեխակ,
նույնիսկ արհեստական,
փշալարին այնպես կպած կարմիր թուղթ,
որ քամին կարողանար,
կարողանար քամին
թեքել, պտտել այն առանց ջանքերի`
ուր որ կամենար...
Երեկոն կիջներ, 
հոտը բառաչելով եւ զանգակներով աղմկելով
կշարժվեր գոմ` 
իբրեւ ամենահասարակ եւ երջանիկ միտք,
եւ ես կպառկեի քնելու,
որովհետեւ չէի ունենա ոչ մի մոմ` ընթերցելու համար...


                                      ***

Դալկացած լուսնի անարյուն դեմքին
սառը քրտինք կա:
Մահն ամենուր է, որտեղ կա սարսափ,
կյանքը չի ներում 
իլիկը ահի, որ մանում է վախ`
ընկրկող սրտի պաղ սարսուռներով.
դեռ ոչ մի վախկոտ չի տեսել 
անսահմանության կույսի ոսկե գանգուրները,
դեռ ոչ մի մեռյալ չի վերադարձել անդրաշխարհից:
Իմ մեջ փշաքաղվել է աշխարհը` Բրուտոս:
Տխուր Ուրբաթ է: Կախաղանի սյունին իր ծերությունն է լռում 
անտարբեր ագռավը:

 

Թարգմանությունը հունարենից՝  Մարգարետ Ասլանյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ