99․9 տոկոսով գործադուլ անել չես կարող

99․9 տոկոսով գործադուլ անել չես կարող

Մայիսի 1-ն աշխատավորների օրն է։ Հայաստանում սովետական տարիներից եկած այս տոնը մինչև հիմա հպարտությամբ հիշում են, թախիծով արձանագրում, որ մեր երկրում աշխատավորի իրավունքները պաշտպանված չեն։ Էլ չենք ասում, որ աշխատավորների օրը կառավարությունը սահմանել է ոչ աշխատանքային, բայց դա միայն իրենց՝ պետական աշխատողներին է վերաբերում։ Այս ոլորտում, իրականում, խնդիրներ շատ կան, և աշխատելու շատ տեղ կա։ Նախևառաջ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն, որ օրենքով ուժեղացվեն աշխատողների իրավունքները։ Մյուս կողմից` պետք է սեփական իրավունքներին տեր կանգնելու, արհմիությունների միջոցով իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու մշակույթ ձևավորվի, որը դեռ թույլ հիմքերի վրա է։ Բայց դրական միտումներ էլ կան։ APR գրուպի նախագահ Ռուբեն Սարգսյանը, ով մասնագիտացած է աշխատանքային օրենսդրության և իրավունքների ոլորտում, Hraparak.am-ի հետ զրույցում նախ դրականն արձանագրեց․ «Դրականն այն է, որ առանց պայմանագրի աշխատողների թիվն ինչ-որ չափով նվազել է։ Այսինքն՝ գրանցված աշխատողները շատացել են, և միտում կա, որ գրանցեն աշխատողներին։ Դա լավ է, քանի որ պայմանագրով աշխատողն ինչ-որ չափով ավելի պաշտպանված է»։

Ապա թվարկեց բացասական դրսևորումները, որոնցից մեկը օրենսդրության անկատարությունն է, մյուսը` իրազեկվածության ցածր մակարդակը թե՛ գործատուի, թե՛ աշխատողների շրջանում։ Ինչ վերաբերում է արհմիություններին, Ռուբեն Սարգսյանն ասաց, որ մենք այսօր ունենք 19 ճյուղային արհմիություններ, որոնք միասին ունեն 191 հազար անդամ։

- Իսկ այդ արհմիությունները նորմալ գործու՞մ են, իրենց ընձեռված բոլոր հնարավորություններն օգտագործո՞ւմ են իրենց անդամների շահերը պաշտպանելու համար։

- Դատելով 2017 թվականին մեր արած հետազոտությունից՝ չէ։ Աշխատողներն էլ չեն վստահում արհմիությանը և որպես աշխատանքային վեճի լուծման ինստիտուտ` այդքան էլ չեն դիտարկում այն այդպիսին։ Մարդիկ նախընտրում են ավելի շատ գնալ բանակցել գործատուի հետ, կամ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով, կամ էլ, ծայրահեղ դեպքում, դատական կարգով են փորձում իրենց վեճերը լուծել։ Ի դեպ, կարող եմ ասել, որ արդեն մի քանի հաջողված դեպքեր կան, որ մարդիկ դատական կարգով հասել են հաջողության։

- Օրինակ՝ վերջերս Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը դատարանում հաղթել էր նախկին նախարար Մանե Թանդիլյանին, ով հեռացրել էր իրեն աշխատանքից։ Սա կարելի՞ է համարել հաջողված օրինակ։

- Ես վեճի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց եթե աշխատանքային վեճ է, ապա շատ լավ է, ինչո՞ւ ոչ, շատ հաջողակ օրինակ է։ Բայց ես ավելի շատ կսկսեի հասարակ աշխատողներից, որոնք ամենախոցելին են, ոչ թե պաշտոնյաներից։ Օրինակ՝ բանկի աշխատող, դպրոցի աշխատող․․․ էդ դեպքերն են կարևոր, որ նախադեպային լինեն։

- Իսկ կա՞ն այդպիսի դեպքեր։

- Բանկի ոլորտում կա, վերջերս է դատարանը վճիռ կայացրել հօգուտ աշխատողի։

- Օրենսդրական առումով ի՞նչ բացեր կան, և ի՞նչ փոփոխությունների կարիք կա։

- Երկու մասի կարող ենք բաժանել՝ աշխատանքային իրավունք և արհմիություններ, կոլեկտիվ շահերի պաշտպանություն։ Հիմնական բացերից որ խոսենք, ես արհմիության շարժմանն ավելի շուտ ուշադրություն կդարձնեի, որովհետև, եթե արհմիությունն ունենում է ռեսուրս, ապա ինքը կարող է նաև պահանջել աշխատանքային օրենքի փոփոխություն։ Իսկ ինչ չունի։ Ամենատարածված գործիքը, որ համարում ենք, գործադուլն է, որը, իրականում, մեր ներկայիս օրենսդրությամբ դու օրինական գործադուլ չես կարող անել։ 99․9 տոկոսով գործադուլ անել չես կարող։ Նաև մի բան էլ կա կարևոր՝ արհմիությունների հաշվետվողականության հարցը։ Ոչ մեկս չգիտենք, թե ինչ է անում արհմիությունը, հաշվետվությունը չի երևում։