Վարդան Խաչատրյանը հերքում է, որ փոխնախագահն է

Վարդան Խաչատրյանը հերքում է, որ փոխնախագահն է

Երեկ առավոտյան էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացանք Երվանդ Թարվերդյանի հասցեից․ «Սարգիս-Կարոլինա» ընկերության նախկին տնօրեն, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Թարվերդյանը հաղորդում էր, որ ինքը եւ «կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների, որոնց հետ քննարկել են հայ ժամանակակից արվեստի եւ մշակույթի արդի խնդիրները»։

Աստվածաբան, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահն է։ Դա վերագրեց ինչ-որ ֆեյքերի։ «Ես կուսակցության փոխնախագահը չեմ, սխալ եք տեղեկացել, համագումարում տենց բան տեղի չի ունեցել։ Հո չե՞մ  խաբի։ Դեռեւս նման բան չկա։ Հնարավոր է լինի, բայց դա առայժմ եւ կատարված փաստ չէ»։ Մինչդեռ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրության մեջ ոչ միայն նրա պաշտոնն է շեշտել, այլեւ լուսանկարներ է կցել։ Խաչատրյանին հարցրինք՝ իսկ ինչո՞ւ է գրված՝ «փոխնախագահ Վարդան Խաչատրյան»։ Ասաց․ «Ի՞նչ ասեմ, ուզում եք պատասխանեմ, թե սա ով է անում եւ ինչո՞ւ է անում։ Լուրեր են, որոնք հիմք չունեն»։ Իսկ կուսակցությունում իր կարգավիճակի մասին ասաց՝ խորհրդակցական կարգավիճակ։ Ենթադրեցինք՝ գուցե գժտվե՞լ եք կամ նեղացե՞լ։ Ոչ․ «Ես ոչ մեկից չեմ նեղանում ու գժտվում եւ առավել եւս՝ որեւէ մեկին չեմ դավաճանում»։

Ի դեպ, ժամանակին քաղաքական պրոցեսներում խիստ ակտիվ Վարդան Խաչատրյանը հերքում էր նաեւ, որ «Միացյալ Հայաստան» կուսակցության անդամ է։ Բայց պատրաստվո՞ւմ եք։ «Եթե լինի, էդ ժամանակ կխոսենք»։ Եվ շատ մեծ դժկամությամբ էր պատասխանում կուսակցությանը վերաբերող հարցերին, առաջարկում էր դրանք ուղղել «կուսակցության ղեկավարությանը»։ Միայն  ասաց, որ կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի։ Բնականաբար, չպատասխանեց նաեւ այն հարցերին, թե ինչպես եւ ինչու հայտնվեց «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրենի կուսակցությունում։ 

Հիշեցնենք, որ «Սարգիս-Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանի մուտքը քաղաքականություն ուղեկցվեց մի հավակնոտ հայտարարությամբ՝ նա պատրաստ է միավորել Քոչարյանին ու Փաշինյանին։ «Այո։ Ես իմ մեջ ուժ ունեմ համախմբել բոլոր բեւեռներին, բոլոր հայերին։ Ինձ համար դա անձինք չեն, դա 2 խումբ է, որը տարանջատվել է առանձին անձանց շուրջ։ Ես կհամախմբեմ բոլոր հայերին»,- հայտարարել էր «Սարգիս-Կարոլինա»-ի տնօրենը՝ ձեւակերպելով, որ 10 միլիոն հայության մեջ ավելորդ մարդիկ չկան։

Ապրիլի 10-ին կայացած «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարվեց, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, «Միացյալ Հայաստանը» կմասնակցի առանձին, բայց եթե այլ ուժեր ցանկանան միանալ՝ բաց են։ Իրենց համարում են ազգային գաղափարախոսություն դավանող ուժ, բայց ՌԴ-ին համարում են Հայաստանի ռազմավարական գործընկերը, խոստանում են տնտեսական ծրագրեր անել, եւ ամենակարեւորը՝ Թարվերդյանը կարծում է, որ ընտրություններից հետո երկրում «օպոզիցիա չպետք է լինի»։

Վարդան Խաչատրյանն ասում է, որ կուսակցության հետ տարբեր ֆորմատներով շփումներ ունի եւ փորձում է տարբեր կուսակցությունների հետ միասնականության ինչ-որ մի դաշտ, հարթակ ստեղծել։ «Ինչքանով կստացվի, ինչքանով՝ ոչ, բավական բարդ է էս պահի դրությամբ ասել»։ Այսինքն՝ միասնական հարթակը նշանակում է դաշի՞նք։ Վարդան Խաչատրյանը նորից լակոնիկ ու խորհրդավոր ասաց․ «Ես ինչ որ ասում եմ, էդ հասկացեք։ Դաշինքով, թե չէ՝ գործընթաց է, որը լայն պարագիծ է ենթադրում գործողությունների ու գործունեության, ինչը կլինի, էդ ժամանակ էլ կխոսենք։ Հիմա, երբ նախնական փուլն է, դրանից խոսելու ժամանակը չէ»։

Իսկ ինչո՞վ է զբաղվում Վարդան Խաչատրյանը դեռեւս չգրանցված քաղաքական ուժում։ «Միասնականացման հարթակի հարցեր»։ Ի՞նչ է նշանակում դա։ «Միասնականացման հարթակ՝ նշանակում է միասնականացման հարթակ։ Էն ուժերի, որոնք ի վիճակի են միավորվել»,- խուսափողական պատասխան տվեց Խաչատրյանը։ Ո՞ր ուժերի՝ նախկիններ, ներկաներ։ «Նախկինները չեն, ներկաները չեն։ Ընթանում են հնարավոր բանակցություններ էն կառույցների հետ եւ միջեւ, որոնք պատրաստ են էդ հարթակում ինչ-որ չափով իրենց տեսնել»։ Ո՞ր կողմնորոշման՝ աջ, ձախ, լիբերալ, ազգային։ «Հիմնականում էն է, որ քանի որ երկրում կյանքը, ըստ էության, արգելակվել է, եւ առաջացել են բեւեռներ, տարաձայնությունը, որպես էդպիսին, կարելի է հաղթահարել միայն միասնական հարթակով»։ Երրո՞րդ ուժ։ Խաչատրյանը չի կարծում, որ դա պետք է կոչել «երրորդ ուժ», կարծում է, որ այն չպետք է լինի գերագրեսիվ, «այս փուլում կընթանա խնայողական բանակցությունների տեւական պրոցես, որից հետո պարզ կլինի, թե ինչի է ի վիճակի, ի վիճակի՞ է, թե՞ չէ»։