Այդ մարդը չի փոխել իր ձեռագիրը, իրեն

Այդ մարդը չի փոխել իր ձեռագիրը, իրեն

Այնքան հասարակ բաներ կան, որոնց վրա կամ ուշադրություն չենք դարձնում, կամ մտածում ենք, որ ինչ որ բան փոխվել է։ Հաճախ եմ հանդիպում, երբ գրում են, թե Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանություն գալը ա՜յ այսպիսի հայրենասիրական ճառեր է ասել, կոկորդ է պատռել․․․ Նման հարցերը մի պատասխան ունեն՝ իսկ ինչպե՞ս գար իշխանության։ Այստեղ էլ, առանց փակագծեր բացելու, թույլ եմ տալիս ձեզ մտածել, թե երբվանի՜ց էր նա սպասում այս օրվան, երբվանի՜ց էր նախապատրաստվում կամ երբվանի՜ց էին նրան նախապատրաստում այս օրվան։ Մի հարցի կանդրադառնամ, որը կապված է մեր երկրի անվտանգության հետ, որը կապված է մեր Բանակի հետ։ Բոլորդ էլ տեղյակ եք, թե  մեր Բանակը ինչ դժվարությամբ ստեղծվեց, քարից հաց քամելու նման մի բան էր։ Բանակաստեղծման մեջ մեր ողջ ժողովրդի տքնանքն էր, նա անուրանալի անձնազոհության գնաց։ Ովքեր սերնդակից են այդ ժամանակների, գիտեն, որ Բանակին քննադատելը, նրան քննարկման, քննադատության թիրախ  դարձնելը հանցագործության նման մի բան էր։

Հանցագործություն էր, քանի որ յուրաքանչյուր հայ Բանակի ստեղծման մեջ լումա ուներ, Բանակ ստեղծելու համար իրեն զրկել էր ինչ որ անհրաժեշտ բանից։ Զինվորի մասին էլ չեմ խոսում․ սրբություն էր, քանի որ հայ ժողովուրդն ամբողջովին զինվորագրվեած էր։ Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ սահմանամերձ շրջաններում  կանայք նվիրաբերություն էին անում։ Հարյուրավոր օրինակներ գիտեմ, որ կանայք նվիրում էին ամուսնության իրենց զարդերը, որ մեր հողը պաշտպանենք։ Բանակ ստեղծելը մի մարդու գործ չէր, դա հայ ազգի մարտական ոգու շնորհիվ ստեղծվեց։ Ու հանկարծ այդ համատարած նվիրաբերության , անձնազոհության շրջանում հայտնվում է մեկը, ով քննադատում, արատավորում, սևացնում է մեր Բանակը, Բանակի հրամանատարին։ Անուններ չեմ գրում, բայց փաստերը կան, որ այդ մարդուն հենց հրամանատարը կանչում ու տղայականով «իր խոսքը հասկացնում է»։ Բոլորդ արդեն գիտեք, թե ով էր այդ մարդը ու ով էր հրամանատարը։ Ես այլ բան եմ ուզում ասել, ինձ համար տհաճ է անգամ հիշել այդ դեպքը։ Եվ հանկարծ տասնյակ տարիներ հետո «Բանակը սևացնող այդ մարդը» հայտնվում է երկրի ղեկին, գերագույն հրամանատար իրեն հռչակում ու հաղթանակած, զոհի կարգավիճակից դուրս եկած երկիրը տանում խայտառակ պարտության, կապիտուլյացիայի։ Հետո Արցախն է հանձնում ու Հայաստանը մաս- մաս․․․ Այս ամենի մեջ իմ ասելիքը սա է՝ այդ մարդը չի փոխել իր ձեռագիրը, իրեն։ Այդ մարդը նույնն է։ Քաղաքական այն գիծը, որ նա տանում էր, նույն կերպ շարունակում է։ Մեղավոր են զինվորը, Բանակը, հրամանատարությունը, ժողովուրդը, բայց ոչ ինքը։ Ինքը շարունակում է անել նույնը, ինչ անում էր Վազգենի ժամանակ։ Այդպես էլ ինքը չսիրեց հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող Բանակը ու դրա համար բոլորս կանգնած ենք օրհասական  աղետի առաջ և չենք ուզում հասկանալ, թե ինչու՞ այդպես եղավ։