2014-ին Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԼՂ անկախության ճանաչմանը

2014-ին Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԼՂ անկախության ճանաչմանը

Ներքին ու արտաքին ապաշնորհ կառավարման, պետականակործան քաղաքականության արդյունքում եւ արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով ի վերջո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թշնամուն հանձնած ՀՀ ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակ տարբեր, հատկապես՝ միջազգային հարթակներում հայտարարում են, թե ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ն էլ՝ հետը։ Այդ մասին ոչ միայն հայտարարում են, այլեւ ստորագրում նման բովանդակությամբ ցանկացած փաստաթղթի տակ, որը դեմ են տալիս իրենց աշխարհի որեւէ ծագում եւ միջնորդական հարթակներում։

Այդ հայտարարությունները ոչ թե ուղեկցվում են իշխանությունների կողմից Արցախի գոյության ու արցախցիների հիմնախնդիրների իսպառ բացառմամբ կամ, ավելի պարզ՝ «Արցախի էջը փակելու» թշնամական քաղաքականությամբ, այլ այդ օրակարգի ու խոսույթի հետեւանքն են։ Հիշո՞ւմ եք, նախքան չարաբաստիկ պատերազմը, հայ մեծ երգիծաբան Երվանդ Օտյանի հայտնի հերոսի՝ ընկեր Փանջունու ոգեւորությամբ ու ամբոխավար կեցվածքով Փաշինյանը Ստեփանակերտում բղավում էր՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ»։ Ասել է թե՝ իբրեւ Հայաստանի դե յուրե ու դե ֆակտո ղեկավար (Արցախի գլխավոր երաշխավոր երկրի վարչապետ), նա ընդունում էր Արցախի անկախությունը, ճանաչում էր Արցախի Հանրապետությունը։ Այս իմաստով, մեկ պահ էլ հիշատակենք․ այսօր նույնիսկ «Արցախ» բառից սարսափող Նիկոլը ժամանակին կողմ էր Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը․

2014 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 8 պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցության բոլոր 5 պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Արծվիկ Մինասյան), «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ քվեարկեց։ Բոլոր մյուս պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, որի արդյունքում նախագիծը չընդունվեց։
Նախագծով նախատեսվում էր պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ բացառել այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին, ինչպես նաեւ՝ երկու այլ դրույթ։

Սա պետք է ոչ թե հիշել, այլ՝ չմոռանալ, որովհետեւ պատմության Ահեղ ու Արդար դատաստանից դեռ ոչ ոք չի խուսափել։ Պետությունը, պատմությունն ու ժողովրդին ուրացողների համար գալու է պատժի եւ պատմության ու սերունդների առջեւ հատուցման ժամը։