Դիվանագիտական սկանդալ՝ Վարշավայի և Կիևի միջև․ ի՞նչ է հայտնի

Դիվանագիտական սկանդալ՝ Վարշավայի և Կիևի միջև․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինա-լեհական հարաբերությունները լավագույն վիճակում չեն, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։

RFM FM -ի եթերում նա նշել է, որ դա պայմանավորված է Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների վերջին գործողություններով, ինչի պատճառով Վարշավայում Ուկրաինայի փոխդեսպանը հրավիրվել է Լեհաստանի ԱԳՆ։

«Խոսակցությունը [Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցչի հետ] կլինի անկեղծ և կոնկրետ։ Ինչպես միշտ։ Մենք կփոխանցենք մեր գնահատականները, թե ինչպիսի տեսք ունեն մեր հարաբերություններն այսօր, որոնք, ցավոք, Ուկրաինայի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունների պատճառով վերջին շրջանում լավագույնը չեն։ Ոչ ոք դա չի թաքցնում», - ընդգծել է Յաբլոնսկին:

Նա հավելել է, որ վերջերս Ուկրաինայում ի հայտ են եկել «որոշ հույզեր», որոնք կարող են կապված լինել երկրում հակամարտության շարունակման հետ։ Յաբլոնսկին ընդգծել է, որ Վարշավան համակրում է Ուկրաինա պետությանը, սակայն կոչ է անում չհարձակվել իր դաշնակիցների վրա։

«Մենք առաջնորդվում ենք Լեհաստանի ազգային շահերի քաղաքականությամբ։ Մենք աջակցում ենք Ուկրաինային այնքանով, որքանով այն համապատասխանում է Լեհաստանի ազգային շահերին»,- եզրափակել է Յաբլոնսկին։