Ծառուկյանի՝ խմբակային բռնաբարության մեղադրանքի դատավճռի հրապարակմամբ իշխանությունները խմբակային կերպով բռնաբարեցին պետական ինստիտուտների հեղինակությունը

Ծառուկյանի՝ խմբակային բռնաբարության մեղադրանքի դատավճռի հրապարակմամբ իշխանությունները խմբակային կերպով բռնաբարեցին պետական ինստիտուտների հեղինակությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում»  երեկ տպագրվեց 1979 թ․ հանցագործության մասին  նույն՝ 1979 թ․ դատարանի վճռի հրապարակումը՝ բոլոր եղկելիագույն մանրամասներով։ Այնպես չէ, որ լրագրողական դաշտում այդ նյութերին ծանոթ չէին․ դեռ 2012-ին, երբ Սերժ Սարգսյանի դեմ ընդդիմացած Գագիկ Ծառուկյանին «բամփում էին», լրագրողները գիտեին։ Բայց անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ Ծառուկյանի նկատմամբ իրական ռեպրեսիաներ էին սկսվել, այդ նյութերը՝ թեթևակի ադապտացված էին։ Հիմա Փաշինյանը դարձել է Հովիկ Աբրահամյանից ավելի կաթոլիկ բամփող ու պոռնկագրական բնույթի նյութեր է տպագրում իր թերթում։ Հարցի էթիկական կողմը դեռ մի կողմ, իսկ արդյոք այդ հրապարակումը խնդիրներ չունի օրենքի հետ։ Զրուցել ենք  Yerkir.am լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի հետ։

Վերջինիս գնահատմամբ՝«Հայկական ժամանակի» կողմից Գ. Ծառուկյանի դատավճռի հրապարակումը բազմաթիվ մտահոգիչ երևույթներ է իր մեջ պարունակում: Նախ՝ հարց այն մասին, թե որտե՞ղ են պահվում Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանի արխիվային նյութերը, այսինքն՝ ո՞վ է տրամադրել գաղտնի համարվող անձնական գործը: 

«Որքան ինձ հայտնի է՝ դրանք պահվում են ՀՀ Ազգային արխիվում: Ես, որպես նաև պատմաբան, մի քիչ գոնե տեղյակ եմ, թե ինչպես է հնարավոր այդ կարգի նյութը ստանալ այնտեղից. դա կա՛մ պետք է լինի տվյալ անձի դիմումի, կա՛մ ընտանիքի անդամի (եթե տվյալ անձն այլևս կենդանի չէ), կա՛մ տվյալ անձի կողմից լիազորված մեկի միջոցով: «ՀԺ»-ի՝ «Համացանցում շրջանառվում է» թեզը ծիծաղելի է, և բոլորին պարզ է, որ սովորական լրատվականներին և անձանց անհասանելի այդ դատավճիռը տրամադրվել է վարչապետի ուղիղ հրահանգով, ով նաև պատվիրել է ընտանեկան թերթին՝ մասսայականացնել այն: Այստեղ կոնկրետ չենք կարող ասել, թե այն տրամադրվել է հենց Ազգային արխիվի կողմից, քանի որ փաստաթղթի վրայից մաքրված են այն պահպանող պետական հաստատության տվյալները՝ սա մեկ, մյուս կողմից՝ այդ նյութերը, որքան տեղյակ եմ, վերջերս են հանձնել արխիվին, և շատ հնարավոր է՝ նման կարևորության փաստաթղթի պատճենի արտահոսքը տեղի ունեցել մինչ դա արխիվին հանձնելը»,-ասաց Վահե Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ աստեղ գործ ունենք այն հերթական խայտառակ իրողության հետ, երբ պետության ղեկավարը, հանուն սեփական քաղաքական ամբիցիաների,  ընդդիմադիրներին լռեցնելու կամ հեղինակազրկելու գործում գործիք է դարձնում պետական այս կամ այն հաստատությունը՝ ստիպելով կատարել ապօրինի գործողություններ: 

«Այդ իմաստով՝ Գ. Ծառուկյանի՝ խմբակային բռնաբարության մեղադրանք պարունակող դատավճռի հրապարակմամբ իշխանությունները հերթական անգամ  խմբակային կերպով և այս էլ որերորդ անգամ բռնաբարեցին պետական այս կամ այն ինստիտուտի հեղինակությունը, քաղաքացիների՝ պետական համակարգի հանդեպ օրավուր նվազող վստահությունը»,-ասում է  Վահե Սարգսյանն  ու ավելացնում․«Իհարկե՝ «անգրագետ Պողոսը» կծափահարի իշխանություններին և կնվաստացնի Գ. Ծառուկյանին, բայց մտածող մարդիկ լավագույնս գիտակցում են, որ այս ճղճիմ քայլով ՀՀ իշխանություններն ապացուցեցին, որ պետությունը թքած ունի մարդու անձնական տվյալների գաղտնիության վրա, և ոչ մեկս այլևս ապահովագրված չենք, որ նման անբարո քայլ կկատարվի յուրաքանչյուրիս հանդեպ, եթե համարձակվենք քննադատել իշխանություններին»։

Նա նաև նշեց, մի շատ զավեշտալի, իրականում՝ ամոթալի իրողություն ևս. երբ հրապարակվեցին Սուրեն Պապիկյանի՝ անցյալում դատվածություն ունենալու մասին տեղեկությունները, իշխանական և այլ շրջանակներ անարգանքի սյունին գամեցին այդ իրողությունը՝ նշելով, որ դա բարոյական չէ: Դրան արձագանքեց նաև ինքը՝ պարոն Պապիկյանը: Այժմ հանրությանն է ներկայացվում Գ. Ծառուկյանի անձնական կյանքին առնչվող մի փաստաթուղթ, որը պահվում է ՀՀ Ազգային արխիվում, այն հիմնարկում, որը շուրջ մեկ տարի ենթարկվում էր Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությանը, իսկ 2019 թ. սեպտեմբերից փոխանցվել է Արդարադատության նախարարությանը: Վահե Սարգսյանը կուզենար իմանալ՝ պարոն Պապիկյանը կամ ԱՆ Ռուստամ Բադասյանն այս առիթով որևէ բացատրություն կամ հիմնավորում ունե՞ն: