«Հրապարակ». Ալիեւը հեքիաթներ չի պատմում, մոտիվացիա է ստեղծում իր բանակի համար

«Հրապարակ». Ալիեւը հեքիաթներ չի պատմում, մոտիվացիա է ստեղծում իր բանակի համար

Մեր զրուցակիցը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։
 
- Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի հետ ներկա է գտնվել Տավուշում անցկացվող բանակային խաղերին։ Ոմանք ենթադրեցին, որ սա քողարկված զորավարժությունների նման մի բան է, ինչը նշանակում է, որ Փաշինյանը գուցե սկսել է արժեւորել` վերջապես հասկացել է բանակի կարեւորությունը։ Արդյոք բանակային խաղերն ու զորավարժություններն ունե՞ն նույն նպատակն ու նշանակությունը։

- Բանակային խաղերը սպորտային միջոցառում են, զորավարժությունը զորքերի մարտունակությունը, զորքերի ներդաշնակումը, մասնագիտական ունակությունները, մարտական ոգին ստուգելու համար է։ Դրանք տարբեր բաներ են։ Ի՞նչ կապ ունեն բանակային խաղերը զորավարժությունների հետ։ Բանակի զինծառայողները, որոնք նաեւ մարզիկներ են, սպորտային միջոցառում են անցկացնում։ Իսկ զորավարժությունների նպատակն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, մարտական ոգին բարձրացնելու, զենքին տիրապետելու, մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ներդաշնակում իրականացնելու, ներառյալ, եթե այդ ամեն ինչն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ, այսինքն՝ ռազմական գործողություններն առավել մոտ իրավիճակում այդ ամեն ինչը ստուգելու համար են՝ դրանք անհամատեղելի են։

- Այսինքն՝ 2020 թվականից հետո հայկական բանակը որեւէ զորավարժություն չի անցկացրել ու նման միջոցառման չի մասնակցել, ուստի թշնամու առաջ անպաշտպա՞ն է։

- Այո, ինքն է ասել՝ ես չեմ ասել: Գերմանիայում ասել է՝ ես չեմ կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե, ինքն իրեն ու պետությունը նույնականացնում է, երբ որ ասում է` ես չեմ կարող: Պետական ինստիտուտները հոր տնից է երեւի բերել... Ասել է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, եւ դրա լավագույն լուծումը զրո զորավարժությունն է։ Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանը, որ հաղթող կողմ է, տարեկան տասը զորավարժություն է անցկացնում։ Այ, սա է իրականությունը։

- Իսկ Ադրբեջանը դրա կարիքը չունի՞։

- Իհարկե, իսկ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում՝ իր կորուստներն է վերականգնում եւ, երկրորդ՝ պատրաստվում է ռազմական առումով նաեւ խնդիրներ լուծել, ներառյալ՝ Արցախում եւ Հայաստանում։

- Baku TV-ով ՀՀ քարտեզը ներկայացվում է որպես Արեւմտյան Ադրբեջանի տարածք․ դա ներքին լսարանի համար նախատեսված քարոզչությո՞ւն է։

- Եվ դա հեքիաթ չէ, երբ որ ասում են՝ Երեւանը մերն է։ Ալիեւը հեքիաթներ չի պատմում, այդ մարդը մոտիվացիա է ստեղծում իր բանակի համար, ինչո՞ւ․ որովհետեւ գրավող զինվորի մոտիվացիան այլ բան է, զոհվելու պատրաստակամությունը քիչ է, ազատագրողինն այլ բան է։ Երբ որ ինքն ասում է՝ Հայաստանը մեր պատմական հայրենիքի մի մասն է, ինքն իր բանակին՝ ներքին սպառման համար, մարտական ոգին է բարձրացնում ու մոտիվացիոն դաշտ է տանում, որոնք գալու են մեր երկիրը նվաճեն՝ որպես ազատագրողներ։ Նրանց հավատացրել են, որ իրենք իրենց կորցրածն են հետ բերում։

- Այսինքն՝ պայքարելու են մինչեւ մա՞հ։

- Այո, որովհետեւ իրենք ազատագրողի մոտիվացիայով են գալու։ Ազատագրողը պատրաստ է զոհաբերության՝ կյանքի գնով պայքարելու, գրավողը՝ ոչ։

- Այսօր Արցախում ադրբեջանցիների կողմից ուսանողներ են առեւանգվել։

- Իմ տվյալներով՝ չորս հոգի են այս պահին։ Չեն առեւանգել, եկեք իրերն իրենց անուններով տանք, պետք չէ ապատեղեկատվություն տալ, հետո գրելու են՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, ոնց որ հիմա ներկայացնում են, չէ՞։ Երեք երիտասարդի ադրբեջանցիները բերման են ենթարկել, ինչո՞ւ, տեսանյութ կա, նրանք ուսանողներ են, Մարտունու շրջանից ֆուտբոլիստներ են, ովքեր ստադիոն խաղի դուրս գալուց առաջ ոտքերը մաքրել են կամ անցել են Ադրբեջանի դրոշի վրայով, որը գետնին փռված է եղել։ Դա պետական խորհրդանիշի պղծում է, որը ցանկացած երկրում քրեորեն պատժելի արարք է։ Հիմա հարց․ ցանկացած մարդ, որն Արցախից գալիս է դեպի Հայաստան, այդ ցուցակներն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունով, հարց՝ Ազգային անվտանգության ծառայությունը չունե՞ր հետախուզվողների ցանկը։ Ընդ որում, ասեմ Ձեզ, 11 ֆուտբոլիստ է հետախուզվում, ովքեր 2021 թվականի այդ ֆուտբոլային խաղին են մասնակցել՝ 11 երիտասարդներ։ Հիմա ինձ մոտ ու բոլորի մոտ հարց է առաջանում․ այդ ո՞նց եղավ... եթե հետախուզման մեջ են՝ բաց աղբյուրներ կան, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն ու անձամբ Արայիկ Հարությունյանը չգիտե՞ն, որ երիտասարդներին թույլ են տալիս՝ Հակարիի կամրջին դուրս գալ։ Մյուսն էլ, իմ տվյալներով, կոնֆլիկտ է եղել ադրբեջանցիների հետ, ինչ-որ տեսախցիկ է կոտրել՝ իմ նախնական տվյալներն են, բայց, ամենայն հավանականությամբ, այդպես է։ Հիմա հարցադրում պետք է անել, թե ինչու է ԱԱԾ-ն այդ անձանց թույլ տվել, որ Հակարիի կամրջով դուրս գան, որոնք հետախուզման մեջ են։

- Ինչո՞ւ։

- Ո՞վ է մեղավոր, որ այդ երեք հոգին հիմա ադբեջանցիների մոտ են հայտնվել։

- Այսինքն՝ անփութությա՞ն հետեւանք է։
 

- Ոչ, սա նույն այն օպերացիան է, որն այս տարի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները դրոշ էին դնում, «Հայկական ժամանակն» առաջինը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ դրոշը դնելու ժամանակ ռուս խաղաղապահներն օժանդակում են ադրբեջանցիներին։ Ես հենց հունիսի 15-ին եմ ասել, թե իրականում դա ոնց է եղել, իսկ հուլիսի 7-ին տեսանյութ տարածվեց, որտեղ ռուսներն այդ ադրբեջանական դրոշը ձողով գցում են գետը, երկրորդ անգամ ձողից իջեցնում են դրոշը, տալիս ադրբեջանցիներին, երրորդ փորձով էլ արգելում են։ «Հայկական ժամանակի»՝ հունիսի 15-ի այդ տեղեկատվության համաձայն` մեղավորը ռուս խաղաղապահներն են։ Այ, հիմա նույն ձեւով ռուս խաղաղապահներին մեղավոր են ներկայացնում, որ ադրբեջանցիներն առեւանգել են, իրենք չեն կարողացել ապահովել այդ քաղաքացիների ապահով անցնելը։ Հիմա հարց․ եթե 11 ֆուտբոլիստներից երեքը հետախուզման մեջ են եղել, ո՞նց է թույլ տվել ԱԱԾ-ն, որ դուրս գան Հակարիի կամրջով։ Հարցն ուղղեք Արցախի ԱԱԾ-ին եւ Արայիկ Հարությունյանին, ո՞նց են թույլ տվել՝ իմանալով, որ 90 կամ 100 տոկոս հավանականությամբ այդ երիտասարդները բերման են ենթարկվելու։ Ընդ որում՝ տեսանյութն էլ կա, BBC-ն էր նկարել տեսանյութը։