Մեր բախտը չի բերել

Մեր բախտը չի բերել

Իշխանափոխությունից հետո գրեթե ամեն ամիս Արցախ այցելող իշխանությունն արդեն 3 տարի է` ոչ միայն ոտք չի դրել Արցախ, այլեւ Արցախը ջնջել է իր օրակարգից:

Կառավարության նիստերի լալահառաչ տեքստերին ուշադրություն մի դարձրեք` դրանք հնչեցվում են որոշ արցախասերների ականջներին լապշաներ կախելու համար: Իրականությունն այն է, որ այս իշխանության ներկայացուցիչները` վերից վար, զայրույթից կապտում են, երբ նրանց հիշեցնում են Արցախը, եւ ամեն ինչ կտային «Արցախ» անունն անգամ մարդկանց գիտակցությունից ջնջելու համար:

Իսկ կար ժամանակ, երբ մեզ` հայաստանցիներիս համար ոչ մի տարբերություն չկար Տավուշի, Գեղարքունիքի, Լոռվա եւ Արցախի միջեւ: Մենք Արցախը Հայաստանի անբաժանելի մասն էինք համարում, անկախ նրանից՝ ֆիզիկապես եւ իրավական առումով միացած է մեզ, թե ոչ: Եվ վստահ էինք, որ Արցախի հարցը լուծված է` հետվերադարձ սովետական տարիների վիճակին երբեք չի լինելու:

Հիմա, այս իշխանությունների թեթեւ ձեռքով, հասել ենք մի սահմանի, երբ սովետական տարիների վիճակին եւ ԼՂԻՄ կարգավիճակին ենք անգամ երանի տալիս: Բայց խնդիրը նույնիսկ կարգավիճակը չէ` աշխարհում շատ օրինակներ կան, երբ մարդկանց ինչ-որ հանրույթ մայր երկրի հետ խնդիրներ ունի եւ երազում է անկախ ապրել, բայց բախտ չի վիճակվում` իսպանական Կատալոնիայից մինչեւ մեծբրիտանական Շոտլանդիա, Թայվանից մինչեւ Աբխազիա: Բայց գտնում են համակեցության ձեւերը: Այսպես կոչված, մետրոպոլիան գնում է զիջումների, փորձում է ընդառաջել եւ այդ հողի վրա ապրող մարդկանց համար կյանքի նպաստավոր պայմաններ է առաջարկում, կոնտակտի ու բանակցության գնում, զիջումներ անում: Մեզ, իհարկե, ագրեսիվ, անկիրթ եւ բարբարոս ախոյան է բաժին ընկել, բայց դա բոլորովին պատճառ չէ ազգային տեսլականից հրաժարվելու համար: