Չարենցավանում սկսել են չարախոսել վարակվածների հասցեին

Չարենցավանում սկսել են չարախոսել վարակվածների հասցեին

Կորոնավիրուսով վարակվածության ամենաշատ դեպքեր ունեցող քաղաքներից մեկում՝ Չարենցավանում, այս օրերին հանգիստ, համեմատաբար ոչ խուճապային իրավիճակ է: Նոր դեպքեր կարծես թե էլ չեն լինում կամ լինում են ավելի քիչ, վարակվածներն ու նրանց հետ շփում ունեցածներն էլ մեկուսացված են, բուժվում են: Որոշներն արդեն վերադարձել են կարանտինից եւ անցել իրենց բնականոն կյանքին: Ճիշտ է, ոստիկաններ դեռ կան, շրջում են, կանգնեցնում մարդկանց, փաստաթուղթ ստուգում, ակնհայտ խախտումների դեպքում նաեւ տուգանում, սակայն համեմատած նախորդ օրերի հետ՝ վերջին մի քանի օրերին Չարենցավանում աշխուժություն է նկատվում: Վիրուսի եւ խստացումների ազդեցությունը կարծես թե չի զգացվում, հատկապես արեւոտ օրերին փողոցներում մարդկանց ու մեքենաների ակտիվ շարժ կա, ինչպես Երեւանի շատ հատվածներում: Ի պատիվ շատ գործարարների՝ Չարենցավանի անապահով խավն այս օրերին նաեւ հացի խնդիր չունեցավ, ինչը զարմացրել էր նաեւ մարզային իշխանություններին: Բայց մի խնդիր կա, որը թերեւս երկար հետք կթողնի փոքրաթիվ բնակչությամբ այս քաղաքում՝ բարոյահոգեբանական մթնոլորտը:

Վարակվածներն այստեղ դարձել են ամոթի առարկա: Առաջին դեպքերի ի հայտ գալուն պես՝ քաղաքում սկսեցին տարատեսակ բամբասանքներ տարածվել վարակվածների, նրանց ընտանիքի անդամների հասցեին: Արդեն լեգենդներ էին պտտվում ոմանց շուրջ, մեղադրանքներ, քիչ էր մնում իրենց կամքից անկախ կորոնավիրուսի գերի դարձած անմեղ մարդկանց խարազանեին, դարձնեին ազգի թշնամի: Մարդիկ կային` այնպես էին նայում վարակված անձանց, ինչպես թուրքը կնայեր խոզի մսին: Ասես հանցանք են գործել այդ մարդիկ Եվրոպա գնալով կամ որեւէ կարի ֆաբրիկայում աշխատելով: Սկզբում սկսեցին Եվրոպայից վերադարձած եւ անմիջապես մեկուսացված ու Նորքի ինֆեկցիոն տեղափոխված զույգի մասին բամբասանքներ տարածել, հետո՝ Շենգավիթի արտադրամասի աշխատակիցների հասցեին, թեպետ նրանց մեջ էլ կային անձինք, որոնք իրենք էին փորձում ամեն գնով թաքցնել իրենց վարակվածությունը, որ հանկարծ «հարեւանները չիմանան»: Չարախոսում էին նաեւ Չարենցավանի գործարաններից մեկում հաստատված անձի ու նրա հարազատների հասցեին:

Եվ այս ամենը բավականին ճնշող ազդեցություն է ունեցել փոքր քաղաքի այս բնակիչների վրա, որոնք բավական չէ՝ հայտնվել էին 14-օրյա կարանտինի մեջ, ընկել էին հիվանդանոց, դեռ մի բան էլ դարձել էին տարատեսակ խոսակցությունների ու բամբասանքների, թշնամական վերաբերմունքի զոհ: Թերեւս այս հարցում անելիք ունեն նաեւ իշխանությունները, որոնք պետք է կոչ անեն չթիրախավորել այդ անձանց եւ ավելորդ չչարանալ նրանց հանդեպ, որոնք ակամայից վիրուսակիր են դարձել, ի վերջո, ոչ ոք այս կյանքում ապահովագրված չէ, որ հաջորդ վարակակիրը հենց ինքն է լինելու: