«Հրապարակ». Լիսկայի որդու փոխարեն տուժողին են ձերբակալել

«Հրապարակ». Լիսկայի որդու փոխարեն տուժողին են ձերբակալել

Լիսկայի որդին շարունակում է մնալ ազատության մեջ, թեպետ մեկ օրում եռակի «դեբոշների» հեղինակ է, ինչի մասին գրել էինք նախօրեին։ Հիշեցնենք, որ Գորիսում երեք տարբեր անձանց նկատմամբ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, միջադեպ էր հրահրել, հայհոյել, վիրավորել, լեզվակռվի մեջ մտել, ծեծի ենթարկել Գորիսում ոչ պակաս հայտնի Շալունցների գերդաստանից 24-ամյա մի երիտասարդի, իսկ օրվա վերջում՝ երեկոյան, իրեն «Տիկո» անվանելու համար կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի ձեռքին։ Եթե այս քաջագործություններին գումարենք նաեւ այն, որ նա ներկայացել էր ոստիկանություն՝ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ գոռացել ոստիկանների հասցեին ու թողել հեռացել, ապա հասկանալի կլինի, թե ինչ կարգի խուլիգանի մասին է խոսքը, եւ ինչպիսի անարխիա է տիրում Գորիսում, ոստիկաններն էլ անգործության են մատնված։ Իսկ քաղաքում շրջում է վենդետայի ուրվականը։

Գորիսի մեր աղբյուրները երեկ պատմեցին, որ Շալունցների գերդաստանի քրեական հեղինակություններն աջուձախ հայտարարում են, որ Տիգրան Խաչատրյանը չի մարսելու, եթե ոստիկանությունը Տիգրան Խաչատրյանին այս միջադեպերի համար էլ անպատիժ թողնի, ապա իրենց ձեռքով վենդետա կանեն, չեն թողնի, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսում հանգիստ ապրի։

Իսկ միջադեպը տեղի է ունեցել Գորիսի 24-ամյա բնակիչ Նարեկ Շալունցի հետ, միջադեպի պատճառների, շարժառիթների մասին հարցին մեր աղբյուրները պատասխանում են․ «Լիսկայի տղուն պատճառ պետք չի՝ դեբոշ սարքելու համար, նա մարդկանց կողքով անցնելիս էլ կարող է օդից կռիվ հրահրել»։ Եվ չնայած Տիգրան Խաչատրյանն է ծեծի ենթարկել Ն․ Շալունցին, սակայն ոստիկանությունը մի քանի ժամով ձերբակալել է տուժողին, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Լիսկայի որդիներն ու նրանց շրջապատը մարզում դեռ ազդեցություն ունեն, որոշող են կամ առնվազն գտնվում են ոստիկանության հովանու ներքո։ 

Երեկ զրուցեցինք տուժող Նարեկ Շալունցի հետ, ով հաստատեց, որ իրեն ձերբակալել են, ապա բաց թողել, սակայն, հասկանալի պատճառներով, միջադեպից այլ մանրամասներ չհայտնեց՝ փորձելով «ատկազով» «ջրել» կատարվածը։ «Մենք ամեն օր էլ կամ օրը մեջ իրար տեսնում ենք, խոսում ենք, կարանք օրը հարյուր անգամ էլ իրար հետ խոսանք, մենք ո՛չ ընկերներ ենք, ո՛չ բարեկամներ, ուղղակի ծանոթներ ենք, երկուսս էլ քաղաքի տղերք ենք (նկատի ունի Տիգրան Խաչատրյանին), ոչ մի բան էլ չի եղել»,- ասաց Նարեկ Շալունցը։ Ինչո՞ւ են Ձեզ ձերբակալել։ «Ով ձերբակալել է, իրանցից հարցրեք, ես ոչ մի բան չեմ ուզում ասել, ես չգիտեմ՝ ինձ ինչի են ձերբակալել»։ Հնարավո՞ր է Տիգրան Խաչատրյանն է Ձեր դեմ հաղորդում ներկայացրել։ «Ես չգիտեմ՝ ինձ ինչի համար են ձերբակալել»։ Ճի՞շտ է, որ ասել եք՝ եթե ոստիկանները նրան չպատժեն, Շալունցների կողմից է լինելու պատիժը, Գորիսում այդպես են խոսում։ «Գորիսում շատ բան կարող ա խոսան, որովհետեւ մեր ցեղը շատ մեծ ցեղ ա, ու, ասենք, սաղ մեզ գիտեն»։ Նարեկ Շալունցը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ 

Նշենք, որ իրավապահները Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ընդամենը մեկ՝ կրակոցների միջադեպով են հաղորդագրություն տարածել՝ առ այն, որ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք կրելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով), կատարվում են քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»։

Քննչական կոմիտեից հայտնել են նաեւ, որ տվյալներ են առկա միջադեպին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, բայց արի ու տես, որ երկու օր է՝ նրան չեն կարողանում հայտնաբերել։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է նաեւ 2022-ի մայիսին կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել էր բացակայելու արգելքը։