Ահավոր վիճակ

Ահավոր վիճակ

Այն, ինչ այսօր կատարվում է մեր դատաիրավական համակարգում, հնարավոր չէ մեղմ բառերով նկարագրել։ Այս իշխանությունների իրական դեմքը, իրականացրած ավերածություններն ամբողջ հասակով հառնում են, երբ խորանում ես այդ համակարգում տիրող իրավիճակի մեջ։ Ոչ մի ոլորտում այդքան ակնհայտ չէ սրանց քանդիչ հետքը, որքան այդ համակարգում։ Մի կողմից՝ երկու ընկեր կարծում են, թե դատական համակարգն իրենց բոստանն է՝ կարող են օրենքը շրջանցելով ցանկացած բան անել․ հեռացնել անցանկալի դատավորներին, խլել ՀՀ նախագահի լիազորությունները եւ դատարանի ստվերային նախագահ նշանակել, խախտել Սահմանադրությունը եւ դատավորներին զրկել կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքից, ոտնահարել դատավորների անկախության սկզբունքը՝ նրանց որոշումներ ու պահվածք թելադրելով։ Մյուս կողմից «բեսպրեդելի» մի սոսկալի մթնոլորտ է տիրում նաեւ քննչականներում։

Գորիսում օրը ցերեկով հանցագործություն կատարած անձին ոչ մի կերպ չեն կարողանում «հայտնաբերել», բայց գրեթե ամեն օր հաղորդագրություն են տարածում նախկիններին առնչվող՝ 10-15 տարի առաջ կատարված հանցագործությունների «բացահայտման» մասին։ Մինչդեռ տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե գոնե մի 10 տոկոսի չափով արդարություն եւ օրինականություն լինեին այդ համակարգերում, չէին կարող այսօր կալանավայրում լինել Մամիկոն Ասլանյանն ու Միքայել Արզումանյանը, Արմեն Աշոտյանն ու Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանն ու Գրիգորի Խաչատուրովը։

Իրականում, այս անձանց՝ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների բանտում պահելը շատ ավելի ծանր հանցագործություն է, քան նրանց ներկայացված մեղադրանքները՝ միասին վերցրած։ Այս պարագայում ոչ միայն արդարադատության դեմ է հանցանք կատարվում, այլեւ մեր պետության ու ապագայի։