Զելենսկին շնորհակալ է, Բայդենն՝ ուրախ․ ԱՄՆ-ն հաստատեց երկար սպասված օգնությունը

Զելենսկին շնորհակալ է, Բայդենն՝ ուրախ․ ԱՄՆ-ն հաստատեց երկար սպասված օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության բազմամիլիարդանոց փաթեթին։

Deutsche Welle-ն հայտնում է, որ օրինագիծը լայն աջակցություն է ստացել երեքշաբթի՝ ապրիլի 23-ի ուշ երեկոյան, տեղի ժամանակով Սենատում քվեարկության ժամանակ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «ստորագրել այս օրինագիծը և հենց այս շաբաթ սկսել զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»։ 

«Սա անհետաձգելի անհրաժեշտություն է Ուկրաինայի համար, որը բախվում է Ռուսաստանի կողմից չդադարող ռմբակոծություններին, անհրաժեշտ է  Իսրայելին, որը վերջերս բախվեց Իրանի աննախադեպ հարձակումներին, ինչպես նաև փախստականների և նրանց համար, ովքեր տուժել են հակամարտություններից և բնական աղետներից ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Գազայում, Սուդանում և Հաիթիում, նաև մեր գործընկերների համար, ովքեր հավատարիմ են հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», - ասվում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ: 

«Այս կարևոր օրենքը մեր երկիրն ու աշխարհն ավելի անվտանգ կդարձնի…»,-հավելել է Բայդենը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ իր երկրի համար կենսական նշանակություն ունեցող օգնության փաթեթն ընդունելու համար։ Նա նշել է, որ անհամբեր սպասում է օրինագծի ստորագրմանը։

Հավելենք, որ ԱՄՆ արտաքին օգնության ընդհանուր փաթեթը կազմում է 95 միլիարդ դոլար: Այս գումարից 61 մլրդ դոլարը նախատեսված է Ուկրաինայի համար, իսկ փաթեթը ներառում է նաև օգնություն Իսրայելին, Գազայի հատվածի բնակչությանը և Թայվանին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ գերակշռում են հանրապետականները, ապրիլի 20-ին հաստատել է Ուկրաինային օգնության փաթեթը՝ ամիսներ շարունակվող թեժ քննարկումներից հետո: