Իրանից եկած ընտանիքին օգնության ձեռք մեկնող չի եղել, ոչ էլ կարողացել են օգտվել 13 ծրագրերից

Իրանից եկած ընտանիքին օգնության ձեռք մեկնող չի եղել, ոչ էլ կարողացել են օգտվել 13 ծրագրերից

Մարտի 15-ին «Հրապարակը» զրուցել էր մարտի 15-ին Իրանից Հայաստան վերադարձած Գրիգորյանների  ընտանիքի հետ, որը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է անելանելի դրության մեջ։ Նրանց գազը, հեռախոսը անջատված է, սպասում են, որ ուր որ է՝ հոսանքն էլ կանջատեն ու ավելին՝ ընտանիքը նաև սննդի խնդիր ունի։  Ընտանիքը հայտնվել էր անելանելի  իրավիճակում, քանի որ 2019-ի տարեվերջին՝ դեկտեմբերին Իրանում համատեղ բիզնես էին սկսել, սակայն Իրանում տարածված կորոնավիրուսը խաչ էր քաշել բիզնեսի վրա, իսկ իրանական կողմն էլ պահանջել էր, որ ընտանիքը լքի իր երկրի տարածքը։

Հսկայական գումար թողնելով Իրանում,  առանց հագուստ, դափ-դատարկ, ընտանիքը եկել էր Երևան՝ 22 հազար դրամով։ Երևան գալու պես Գրիգորյանների 4 հոգանոց  ընտանիքը հայտնվել է նույնքան ծանր իրավիճակում, չկա փող, չկա, գազ, հեռախոս ու սնունդ։ Անգամ «Ռոստելեկոմն» է դադարեցրած եղել ծառայությունների մատակարարումը։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Գրիգորյանը զանգահարել է ամեն տեղ՝ պարետ Ավինյանի գրասենյակ, կառավարություն և այլն, մինչև բազում զանգերից հետո Ավինյանի գրասենյակից բարեհաճել են վերցնել կնոջ հեռախոսահամարը՝ խոստումով, որ իրեն ինչ-որ բանով ընդառաջելու խնդրանքը կփոխանցեն այս կամ այն մարմնին։ «Ու ոչ մի բան, ոչ մի օգնություն»։

Մեր հետ վերջին զրույցին կինն ասել էր․ «Կառավարությունից պահանջում եմ, որ մարդ լինեն, իրենց խոսքի տերը լինեն, մարդկանց կողքին կանգնեն, օրենք է հանում՝ եթե կարանտինի մեջ մարդ է, դուրս եկավ, տուգանք, բա կարանտինի մեջ չեմ, զանգում եմ, խնդրում եմ, հնարավո՞ր չէ մարդուն օգնել։ Սննդով, ինչ-որ մի հատ գազի հարց լուծել․․․ »։

Այսօր մեզ հետ զրույցում Արմենուհին ասաց, որ իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ոչ օգնել են, ոչ էլ կարողացել օգտվել կառավարության օգնություններից։

«Ոչ մի բան, իրենք այնպիսի օրենքներ են ընդունում, որ ոչ ոք չկարողանա օգտվել»,-ասաց Արմենուհին։ Նրա խոսքով՝ այս ընթացքում մեկ բարեգործական կազմակերպություն՝ «Ապավեն» սննդի տոպրակներ է ուղարկել և վերջ։

Տանը, նրա խոսքով՝ այսօր կար կես տոպրակ բրինձ։