Թիրախավորում են, որովհետեւ…

Թիրախավորում են, որովհետեւ…

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է անցկացրել, որից մի լրատվամիջոց տպավորվել է, որ նրա «անցյալը շատ հարցեր է առաջացրել»:  Այդ հարցերը հիմնականում հնչել են, պատասխաններ ստացել: Այդուհանդերձ, Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը որոշակի շրջանակներից շարունակում է թիրախավորվել: Ինչու՞: Պատասխանը մակերեսին է՝ որովհետեւ առաջիկա ընտրապայքարում հաղթելու ամենամեծ հնարավորություն նա ունի:

Նա մի կուսակցության առաջնորդ է, որ ունի շուրջ 8000 անդամ, իսկ դա արդեն ընտրություններին մասնակցողների 10 տոկոսն է: Վերջին ՏԻՄ ընտրություններում Ազատ հայրենիք կուսակցության թեկնածուներն ու համակիրները հաղթել են 100-ից ավելի համայնքներում: Որեւէ մեկն այդ արդյունքները չի վիճարկել, ոչ մի, այդ թվում՝ Հայաստանից գործուղված, դիտորդ խախտում չի արձանագրել: Սա քաղաքական լուրջ ռեսուրս է: Ընդ որում, ինչպես մամուլի ասուլիսին բացահայտեց Արայիկ Հարությունյանը, նրան արվել է գրավիչ առաջարկ՝ լինել նախագահի միասնական թեկնածու, ինչից հրաժարվել է, որպեսզի ընտրությունների արդյունքը չլինի կանխորոշված: Կասկածել պետք չէ, եթե Արայիկ Հարությունյանը համաձայներ լինել նախագահի միասնական թեկնածու, ապա Արցախում բոլորովին այլ դասավորություն կունենայինք: «Խոցելի» անցյալով գործիչը տրամաբանորեն պետք է նախընտրեր այլ ուժերի հետ համաձայնության եւ միասնական թեկնածու առաջադրվելու տարբերակը: Ինչ վերաբերում է «հարցերին»՝ դրանք առաջանում են բոլոր թեկնածուների անցյալին անդրադառնալիս: Նաեւ՝  հիշյալ լրատվամիջոցի ղեկավարի: