Այստեղ գտնվելու նպատակը Երևանում զբոսնելն ու քաղաքին ծանոթանալը չէ․ այլ նպատակներ կան

 Այստեղ գտնվելու նպատակը Երևանում զբոսնելն ու քաղաքին ծանոթանալը չէ․ այլ նպատակներ կան

Երևանի «Փյունիկն» այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափելու «Բազելի» հետ։ «Փյունիկը» խմբի մրցաշարային աղյուսակում այժմ գտնվում է երրորդ հորիզոնականում։ «Սլովանն» ու «Բազելը» վաստակել են 8-ական միավոր, հայկական ակումբը՝ 6։ Միայն հաղթանակը «Փյունիկին» թույլ կտա պատմական արդյունք գրանցել ու դուրս գալ հեղինակավոր խմբային փուլից։

«Կարծում եմ՝ «Փյունիկը» բավական փորձառու թիմ է։ Սա ասում եմ նախ հաշվի առնելով այն ֆուտբոլիստների տարիքը, որոնք խաղում են հայկական ակումբի կազմում։ Ընդհանուր առմամբ դրական կարծիք ունենք այս ակումբի մասին ու պիտի ասեմ, որ բավական դժվար է նրանց հաղթել»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց «Բազելի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրեյը։

«Միանշանակ փորձելու ենք այնպես անել, խաղն այնպես կառուցել, որը առավելությունը մեր կողմը լինի, ոչ թե մրցակցի։ Այո, մենք Երևանում զբոսնել ենք, բայց ուզում եմ նշել, որ մեր՝ այստեղ գտնվելու նպատակը ամենևին զբոսանքը չէ, քաղաքին ծանոթանալը չէ։ Մենք զբոսնել ենք, քանի որ մեր փոփոխություն էր անհրաժեշտ, մենք պիտի հանգստանայինք ու դա արեցինք, սա ևս, կարծում եմ, աշխատանք է»,- հավելեց նա։