Ինչպիսին էր ֆրանսիական կինոն 1920-30-ական թվականներին 

Ինչպիսին էր ֆրանսիական կինոն 1920-30-ական թվականներին 

Մաս 3-րդ 

1930-ական թվականների սկզբի ֆեյդերյան կինոնկարներն արդեն պարունակում էին, այսպես ասած, «պոետիկ իրապաշտության հիմնական թեմաներն ու մոտիվները։ Իրապաշտության պատկերումը ռեժիսորի համար կարեւոր էր ինքնին։ Նա սիրում էր դիտել եւ էկրանի վրա վերարտադրել կենսական միջավայրը, արձանագրել կենսական միջավայրի եւ դրանում գործող անձերի միջեւ եղած բազմաթիվ կապերը, ներկայացնել մարդկային բնավորությունները իրենց յուրահատուկ հոգեբանական բարդությամբ։ 

Սակայն իրականությունը պատկերելու 30-ական թվականների հանձնառությունը զուգորդվում էր ներքին իրականության բացահայտման ձգտմամբ։ Ավելի ու ավելի մթնոլորտը դառնում էր լարված ու, ինչպես գրել է Լուի Արագոնը, 1936 թվականին՝ «Ճաքճքում էին հին տան պատերը, պայթում էին խռովությունների ատրճանակները եւ մոտենում էր պատերազմի մռնչյունը»։ Գաղափարական հոսանքները, որոնք առաջացան դեմոկրատական շարժման վերելքի եւ Ժողովրդական ճակատի ստեղծման պայմաններում, ընդհանուր տագնապալի ֆոն էր ապահովում այդ ժամանակների իրականության համար։ 

Այդօրինակ աշխարհընկալումը, որն օրըստօրե հաստատվում էր քաղաքականության մեջ տեղի ունեցող նորանոր իրադարձություններով, բնականաբար արտահայտվում էր նաեւ կինոյում։ Ճակատագրի թեման, ճակատագրի սիմվոլիկան ինքնաբավ է դառնում Ֆեյդերի աշակերտ Մարսել Կարնեի կինոնկարներում։ 

Այդ ժամանակ էր նաեւ, որ սկսեց աչքի ընկնել Ժյուլյեն Դուվիվյեն, ով իր կինոկարիերան սկսել էր դեռ 1919 թվականին «Գասելդամա կամ արյան գինը» կովբոյական կինոնկարով։ Այս կինոնկարին հաջորդել էին մի քանի կոմերցիոն ֆիլմեր, որոնք իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում եւ համարվում են վատ մելոդրամաներ։ Միայն խոսուն կինոն Դյուվիվյեին տվեց այն, ինչի պակասը նա ուներ համր կինոյի ժամանակներում։ 

Խոսուն կինոյում նա ունեցավ արդեն զգալի հաջողություններ իր «Մարդու գլուխը», «Հինգ անիծյալ ջենթլմենները», «Դավիթ Գոլդար», «Մարիա Շապդելեն», «Շիկամազը» եւ այլ կինոնկարներով։ Նրա հիմնական հատկանիշն հանդիսանում էր ժամանակի քամիների ընկալունակությունը։ Ճակատագրականության թեման նրա համար առանձնակի կարեւոր իրողություն չէր։ 

(շարունակելի)
Արամ Յանին