Խեղճ ու ողորմելի ենք դարձել, որովհետեւ ագրեսոր չենք դարձել

Խեղճ ու ողորմելի ենք դարձել, որովհետեւ ագրեսոր չենք դարձել

Այո, տեսեք մեր շրջապատի հարեւան ազգերին եւ, ընդհանրապես, աշխարհի հաջողակ երկրներին ու համեմատեք մեզ հետ: Տեսեք մեր ամենամոտ դրացի Պարսկաստանը: 2 հազար 500 տարի թագավորությունը պահել է, ոչ մեկի չի ենթարկվել, հասկացել է աշխարհի կարգը, եղել է հարձակողական, սարսափի եւ զենքի ուժով հարատեւել է մինչ օրս: Հիմա էլ առանց վարանելու եւ լսելու աշխարհի վաշխառու մեծերին, այսպես ասած, ոտք է մեկնում՝ իր ուժն է «չափում» ԱՄՆ-ի նման մեծ տերության հետ: Էլ չեմ խոսում Ալեքսանդր Մեծի, Հռոմի, Նապոլեոնի եւ մյուս աշխարհակալների մասին։

Այո, մենք էլ մի կարճ ժամանակ ունեցել ենք մեր Տիգրան Մեծը եւ Արտաշես Աշխարհակալը: Հետո ի՞նչ եղավ… սխալ հասկացանք քրիստոնեությունը, դարձանք բարի, ներող, հնազանդ… մի աշխարհի դեմ, որ ո՛չ ներող է, ո՛չ էլ բարյացակամ մեր նկատմամբ եւ, ընդհանրապես՝ ոչ մեկի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ նվաճող է, հարձակվող, տիրապետող: 

Մեր սիրելի ժողովրդավար Ամերիկան, որը ժառանգորդն է Անգլիայի կայսրության, որը 400 միլիոն հպատակ է ունեցել, որի կազմում էր երկրագնդի մակերեսի 40 տոկոսը, պակաս ագրեսոր չի եղել: Ուսումնասիրեք՝ քանի երկրներ է նվաճել եւ հպատակեցրել, օրինակ, Մեքսիկան, Ֆիլիպինները եւ այլն…։

Արեւմուտքը Հիսուսի պատգամին, որ՝ «Երբ քեզ ապտակեն, մեկնիր երեսիդ մյուս այտը», երբեք չի հետեւել: Ճիշտ հակառակը՝ ոչ միայն մյուս այտը չի մեկնել, այլեւ ապտակողի գլուխն է կտրել: Շատ հեռու չգնանք․ սեպտեմբեր 11, 2001 թվական, սաուդյան ծագումով անձանց կողմից հարձակում Նյու Յորքի երկու հայտնի շենքերի վրա: Ամերիկան ռմբակոծեց մի ամբողջ երկիր՝ Իրաքը, որը մինչեւ հիմա մնում է ավերակ ու կռիվների նոխազ, Միջին Արեւելքի մյուս դժբախտ երկրների հետ միասին: 

Մեր շատ սիրելի պոետը՝ Պարույր Սեւակը, իր «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» գրության մեջ հպարտությամբ գրում է․ «Երբ եղել ենք շատ ու եղել կանգուն, դարձյալ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի, ոչ ոք չի տուժել զարկից մեր բազկի: Եթե գերել ենք՝ լոկ մեր գրքերով…»։ 

Ցավոք սրտի, չենք կարողացել անգամ գրքերով գերել: Քանի՞ հոգի է լսել կամ կարդացել աշխարհում, օրինակ, Հովհաննես Թումանյանին, Նարեկացուն, Չարենցին, բայց միլիոններ կարդացել են Օմար Խայամ, Ռումի եւ այլն։ 
Ահավասիկ, նորից եկանք նույն կետին, պարսիկն ուժեղ է եղել, եւ, հետեւաբար, նրա մշակույթը տարածվել է: Նույնը կարող ենք ասել գորգագործության մասին՝ աշխարհում հայտնի է որպես PERSIAN CARPET: Ըստ պատմության՝ գորգագործությունը Հայաստանից է սկսվել, բայց մեր անունը չկա այդ ասպարեզում: Քանի որ պարսիկն ուժեղ ու ագրեսիվ է եղել, կայսրություն է եղել, տարածել է իր արհեստն ու արվեստը:

Նորից հիշելով Պ. Սեւակին՝ շատ վատ է, որ մենք մեր շրջապատին չենք ճնշել: Շատ վատ է, որ մեր զարկից չի տուժել ոչ մեկը… Ահավասիկ, պատմությունը մեզ ցույց է տալիս, որ մենք այդպիսի կեցվածքով ոչնչի չենք հասել, որ այսօրվա գազան, ցեղասպան թուրքը ներկայանում է՝ հպարտությամբ կանգնած ԱՄՆ նախագահի կողքին, միջազգային համագումարում, իսկ մեր նախագահն ու վարչապետն Արցախի եւ Հայաստանի հարցով մուրացկանի դերում են՝ բոլորի առջեւ: Թույլին ոչ ոք չի սիրում: Ողորմություն խնդրողին կարեկցանքով մի սեւ փող են նետում, ինչպես որ անում է Եվրամիությունը կամ ԱՄՆ-ի պետքարտուղարը: 

Բոլորս էլ գիտենք մեր տաղանդավոր Գարեգին Նժդեհի պատգամը՝ «Արդարությունը հրացանի միջով է անցնում: Երբ թույլ ես, ուրեմն արժանի ես այն ամենին, ինչին որ ենթարկվում ես…»: Եվ շարունակենք կարդալ Պ. Սեւակին, որ մի քանի տող հետո պատգամում է․ «Պարզապես մահն է մեզ սիրահարվել, իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել: Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել, գիտենք թշնամու կողը մխրճվել…»: Ահա, հիմա պահն է «թշնամու կողը մխրճվելու»։ Այս ճգնաժամային օրերին լավ կլինի վերջ տալ շվայտություններին, օրինակ, արտգործնախարարության ճոխ շենքի միայն մաքրության եւ սպասարկող անձնակազմի ծախսերն ուղղել բանակաշինությանը, վերջ տալ պարգեւավճարներին, ճանապարհների եզրաքարերի նորոգմանը, ճաշարաններում խնջույքներ կազմակերպելը եւ այլ ծախսեր հատկացնել զենք ու զրահի արտադրությանը: 

Ամենացայտուն խոսքը, որ Պարույր Սեւակը շատոնց ասել է, այս է՝ Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք․․․։ Շատ լավ է, որ մեր մեջքը շտկենք, սփյուռքի հետ ձեռք-ձեռքի տանք, չհավատանք մեր հյուսիսային ոչ բարով դաշնակցի պրոպագանդային եւ արեւելյան ցեղասպան թշնամու ստերին, որովհետեւ թշնամին ավելի է վախենում ինքնաճանաչ հայից, քան նրա զենքից։

Արմինե  Կ.  ԿՈՒՆԴԱԿՃՅԱՆ
Սփյուռք