Ո՞վ է ասոցացվում

Ո՞վ է ասոցացվում

Civilnet-ին տված հարցազրույցում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասում է, որ սահմանադրական փոփոխությունների հարց քննարկվել է 2012թ.-ին, բայց ինքը կարողացել է կանխել: Նա փակագծեր չի բացում, բայց իրավիճակին տեղյակ շրջանակներից ասում են, որ քաղաքական երկու ուժ՝ Ազատ հայրենիք կուսակցությունը եւ ՀՅԴ արցախյան կառույցը փորձել են նախագականից խորհրդարանական կառավարման անցնելու նախագիծ ներկայացնել:

Այդ մասին ավելի բաց նրանք արտահայտվել են Հայաստանում 2015թ. սահմանադրական փոփոխությունների փուլում, մինչդեռ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը մշտապես պնդել է նախագահական ինստիտուտի կարեւորությունը եւ իշխանության ուղղաձիգի ամրապնդումը: 2017թ.-ին հենց այդ տարբերակն է ընտրվել, եւ Աշոտ Ղուլյանը փաստացի հաստատում է, որ այն հեղինակվել է Երեւանում: Ընդ որում, նոր սահմանադրությամբ Արցախում լուծարվել է վարչապետի պաշտոնը, որը 10 տարի զբաղեցրել է Արայիկ Հարությունյանը: Թե ինչ նկատառումներով է դա արվել, մնում է միայն ենթադրել:

Փաստն այն է, որ սահմանադրական ճանապարհով Արայիկ Հարությունյանը հեռացվել է կառավարման համակարգում առաջատար դիրքից: Գրեթե միաժամանակ տասնամյա մոռացությունից նախ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի, ապա արտաքին գործերի նախարարի պաշտոնի նշանակվեց Մասիս Մայիլյանը, որ 2007-ի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, իսկ 2012-ի նախագահական ընտրապայքարում քվեների շուրջ մեկ երրորդն ստացած Վիտալի Բալասանյանը, որ 2015թ. խորհրդարանական ընտրություններում «Այսպես այլեւս չի կարելի» կարգախոսով շահել էր ավելի քան 7 տոկոս ձայն եւ ձեւավորել երեք հոգանոց խմբակցություն, նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Եթե ճիշտ է, որ Արցախում քաղաքական դասավորությունը տեղի էր ունենում առնվազն պաշտոնական Երեւանի համաձայնությամբ, ապա պետք է ընդունել, որ առաջատար դիրքերից Արայիկ Հարությունյանի հեռացումը եւ Աշոտ Ղուլյանին երրորդ ժամկետով ԱԺ նախագահ կարգելը, Մասիս Մայիլյանին ԱԳ նախարարի, Վիտալի Բալասանյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ իշխող ՀՀԿ հետ պայմանավորվածությամբ: Այսօր որոշակի շրջանակներից քարոզչական կաղապար է ներդրվում, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանի նախկին իշխանությունների հետ է ասոցացվում, իսկ Աշոտ Ղուլյանը եւ Մասիս Մայիլյանը՝ ոչ:

Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ եթե 2017թ.-ին Արցախի ապագա իշխանության հարց քննարկվել է, ապա ֆավորիտ են դիտարկվել Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Վերջնական ընտրությամբ այս երեքից մեկը պետք է լիներ Բակո Սահակյանի իրավահաջորդը, իսկ Արայիկ Հարությունյանի համար, երեւի, կանխածրագրվել էր հաջողակ գործարարի ապագա՝ Ազգային ժողովում Ազատ հայրենիք կուսակցության սահմանափակ ներկայացվածությամբ: Սրան է բերում ոչ հեռավոր անցյալի իրադարձությունների նույնիսկ թռուցիկ վերլուծությունը: Իսկ եզրակացություն թող ընտրողն անի՝ առաջադրելով պարզ մի հարց՝ ինչո՞վ է Աշոտ Ղուլյանը բացատրում 2015 թ.-ին ԱԺ նախագահի պաշտոնում երրորդ անգամ անընդմեջ ընտրվելը, երբ իր գլխավորած կուսակցությունն ընտրություններում պարտվել էր ոչ միայն Ազատ հայրենիքին, այլեւ՝ Դաշնակցությանը:

Նույն տրամաբանությամբ ինչպե՞ս է Մասիս Մայիլյանը բացատրում ԱԳ նախարարի պաշտոնում իր նշանակումը, եթե ինքը «ոչ համակարգային» գործիչ է: Նույն հարցը Վիտալի Բալասանյանին ուղղելու հարկ չկա, քանի որ նա, ի տարբերություն գործող ԱԺ նախագահի եւ արտգործնախարարի, քաղաքական նախասիրությունները չի թաքցնում եւ չի ժխտում կապը Հայաստանի նախկին իշխանությունների հետ: