ՄԱԿ ԱԽ նիստ, թե «38 թվականի Մյունխենյան գործարք»

ՄԱԿ ԱԽ նիստ, թե «38 թվականի Մյունխենյան գործարք»

Հայ-ադրբեջանական հակամարտության եւ արցախյան թեմայով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը շատ փորձագետներ ուղիղ տեքստով անվանում են «Մյունխենյան 1938 թվականի գործարք»։ Թեեւ ցանկալի կլիներ, որ կոնկրետ քայլեր  հետեւեին նիստին, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Իսկ եղավ այն, որ արձանագրվեց, որ «Արցախն Ադրբեջան է», եւ նաեւ խոսվեց այնպիսի անատամ ու ոչ մի բանի համար պիտանելիություն չունեցող հասկացության մասին, ինչպիսին է «իրավունքներ եւ անվտանգություն» բառակապակցությունը։

Այսպիսով, առանց գլոբալ անվտանգության պատասխանատու մարմնի կողմից կարելի է ասել մերժվեց Արցախի եւ արցախահայության ազգային-պետություն ունենալու իրավունքը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի համար խնդիրը կարելի է ասել պարզ էր ջրի կաթիլի նման, այն մասով, որ Արցախն Ադրբեջան է ու վերջ՝ «Արցախի խնդիրը փակված է, դա Բաքվի ներքին խնդիր է, այսինքն՝ ագրեսիան օրինական է, էթնիկ զտումներ չկան»։ Միայն Ֆրանսիան, թերեւս, պնդեց «պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը»։ Սակայն միայն Ֆրանսիայով բան դուրս չէր գա, թեեւ հենց Ֆրանսիան էր եղել ՄԱԿ ԱԽ նիստ գումարելու նախաձեռնողը։ Նիստի մասնակիցների համար պակաս «կարեւոր» չէր նաեւ Հայաստանի համար Ադրբեջանի՝ ներառյալ նաեւ ԼՂ-ով, տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եւ թերեւս այս թեզն էլ իր դերակատարությունն ունեցավ, որպեսզի խոսվի այն ճանապարհային քարտեզի անհրաժեշտության մասին, որով արցախահայությունը կկարողանա ինտեգրվել ադրբեջանական պետականությանն ու հասարակությանը։ 

Ու որպեսզի պատկերն ամբողջական լինի, մեջբերենք մի շարք երկրների ելույթներից․

Մալթան օրինակ, խորապես մտահոգված լինելով Արցախում տիրող իրավիճակով, նաեւ արձանագրում է, որ դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ դեմ ռազմական ագրեսիան սկսելուց առաջ այդ մասին Ադրբեջանը տեղյակ է պահել ռուս-թուրքական համակարգման կենտրոնին և ՌԴ խաղաղապահներին եւ ապա նշել, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում խստագույնս հետևել 2020թ նոյեմբերի հայտարարության համաձայն սահմանված հրադադարին և շարունակել կատարել իրենց պարտականությունները, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի հետ: 

Ֆրանսիան, որ թերեւս միակ հայամետ կեցվածքն ուներ նիստին, նաեւ արձանագրել է, որ «ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել»

ԱՄԷ-ի համար տեղի ունեցածն ընդամենը ցուցիչ էր, թե որքան փխրուն է խաղաղությունը ռեգիոնում

Կարծես թե նույնն է արձանագրել նաեւ Շվեյցարիան, նկատելով, որ թեեւ մարտական գործողությունները դադարել են, բայց իրադրությունը չափազանց փխրուն է

Մեծ Բրիատանիան մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը

Պեկինը ցավակցություն հայտնելով զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին եւ մտերիմներին, արձանագրել է, որ շարունակաբար հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացումներին

Ռուսաստանի ներկայացուցիչը ոչ միայն աչքի է ընկել այն հանգամանքով, որ առաջարկել է մշակել ճանապարհային քարտեզ՝  ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար, այլ նաեւ ներդրել է ՄԱԿ ԱԽ-ում Ստեփանակերտի փոխարեն «Խանքենդի» տեղանվանային տարբերակի կիրառությունն իր ելույթում

ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ

Եւ վերջապես, Թուրքիան էլ, արդարացնելով Ադրբեջանին, ասել է, որ Բաքվին այլ ելք չէր մնացել, քան դիմել «հակաահաբեկչական գործողության» եւ արձանագրել, որ այն ավարտվել է եւ հիմա ընթանում են բանակցություններ։