Միակողմանի ֆինանսատնտեսական սանկցիաները բումերանգի էֆեկտ ունեն

Միակողմանի ֆինանսատնտեսական սանկցիաները բումերանգի էֆեկտ ունեն

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանկցիոն արշավը վերջնագծին հասնելու միտում դեռ չունի, եւ, ինչպես ասում են, արդեն գրեթե ամեն բացվող օրվա հետ լրահոսից իմանում ենք, որ  Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ են սահմանվել Արեւմուտքը ներկայացնող ճամբարի որեւէ երկրի կողմից։ Թե ինչի է հանգեցնելու սանկցիոն այս արշավը Ռուսաստանի եւ հետսովետական տարածքի երկրների համար, դեռ լիովին պարզ չէ, սակայն անհանգստանալու առիթներ կարծես թե ունեն բոլորը։ 
Բանն այն է, որ օրեր առաջ Financial Times-ը գրեց, որ Միացյալ Նահանգները խոստանում են պատժել այն երկրներին, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել սանկցիաները։ Այդ երկրներից են Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիություններն ու Հայաստանը։

Այս ամենով հանդերձ, սակայն, արձանագրենք, որ ժամանակակից փոխկապակցված աշխարհում միակողմանի սանկցիաների սահմանումը որեւէ երկրի դեմ, հենց այնպես՝ անհետեւանք չի լինում եւ, որպես կանոն, ունենում է «բումերանգի էֆեկտ» ու վերադառնալու է սանկցիան սահմանող երկրին, գուցե՝ ոչ պակաս ցավոտ կերպով հարվածելով վերջինիս տնտեսությանը, քան հարվածել էր այն երկրի տնտեսությանը, որի նկատմամբ այդ սանկցիան կիրառվել էր։ Իհարկե, եթե, օրինակ, վաղն ԱՄՆ-ն որոշի սանկցիաներ սահմանել Հայաստանի դեմ, դա չի նշանակի, որ այդ սանկցիաների հետեւանքն Ամերիկայի տնտեության համար լինելու է նույնքան ճակատագրական, որքան Հայաստանի համար։ Գուցեեւ ամերիկյան տնտեսությունը նույնիսկ չնկատի դրա հետեւանքները։

Խոսելով միակողմանի սանկցիոն արշավ իրականացնելու քաղաքականության «բումերանգի էֆեկտի» մասին՝ մենք նախեւառաջ նկատի ունենք համաշխարհային տնտեսության մեջ իր տեղն ունեցող ռուսական տնտեսությունը։ Ու այս առումով, որքան էլ, օրինակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ լինի սանկցիաներին եւ գտնի, որ մի քանի տարում իր երկիրը կարող է հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն ստիպված է նաեւ խոստովանել, որ սանկցիաները բավական ցավոտ հարվածում են եվրոպական տնտեսություններին եւ հասարակ քաղաքացիների գրպանին։ 

Եվրոպան, առհասարակ, իր սպառած գազի 40 տոկոսն ստանում է Ռուսաստանից, իսկ Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվ Գերմանիան իրեն անհրաժեշտ գազի 55 տոկոսը, ածխի 50 տոկոսը եւ նավթի մոտ 35 տոկոսն է գնում Ռուսաստանից։ Սա՝ այն դեպքում, երբ Գերմանիան հրաժարվել է ատոմային էներգետիկայից եւ ահռելի միջոցներ է ներդրել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ոլորտում, այդ թվում նաեւ՝ քամու եւ արեւային էներգակայաններում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ հենց այս պահին Գերմանիան Ռուսաստանից բոլոր տեսակի մատակարարումները դադարեցնում է, ապա բավականին երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք փոխարինի այլ երկրների էներգակիրներով, քանի որ նորվեգական կամ նիդերլանդական հանքավայրերն այնքան էլ լավ վիճակում չեն, իսկ Քաթարը, Ալժիրը, Նիգերիան իրենց արտադրանքն ավելի շատ վաճառում են Ասիայի շուկաներում։ Սակայն ամեն ինչ միայն էներգակիրներով չի վերջանում։

Այսպես․ Այգեգործների բելդիական ֆեդերացիան, որը խնձորի եւ տանձի խոշոր արտադրող է, հայտարարել է, որ իր անդամ ֆերմերները մինչեւ հիմա չեն հաղթահարել այն բացասական ազդեցությունը, որը կրել են դեռ 2014 թվականին, երբ ռուսական կողմը՝ ի պատասխան արեւմտյան սանկցիաների,  սանկցիաներ էր կիրառել եվրոպական գյուղմթերքի նկատմամբ։ Գյուղմթերքի ոլորտում եվրոպական շուկայի համար խնդիրները լինելու են չափազանց զգալի եւ ցավոտ, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի, եգիպտացորենի, գարու, բուսայուղի համաշխարհային շուկայում առանցքային խաղացողներից մեկն են։ Վերլուծաբաններն արդեն իսկ կանխատեսում են, որ Ռուսաստանից մատակարարումների խաթարումները կարող են գյուղմթերքի հումքի շուկայում առաջացնել գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Եգիպտոսում կարող է սով առաջանալ, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում կարող են սկսվել լուրջ պարենային խնդիրներ։ Ու այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ պարարտանյութերը, մետաղաձուլությունը, ադամանդագործությունը եւ այլ ոլորտներ, որոնցում Ռուսաստանն ունի բավականին նկատելի կշիռ համաշխարհային տնտեսության մեջ, ու հիմա այս սանկցիաները կարող են հարվածել այդ հումքով աշխատող արեւմտյան տնտեսություններին։