«Հրապարակ». Մի իշխանություն, որն ուզում է բանակը ոչնչացնել եւ խնայված գումարներն օգտագործել ասֆալտապատման համար, պետք է սրան հասներ

«Հրապարակ». Մի իշխանություն, որն ուզում է բանակը ոչնչացնել եւ խնայված գումարներն օգտագործել ասֆալտապատման համար, պետք է սրան հասներ

2020 թվականի 44-օրյա դաժան պատերազմից մոտ երկու տարի անց Հայաստանին պատուհասած նոր պատերազմի պատճառների մասին երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից տարօրինակ պարզաբանումներ ներկայացրեց, որոնցից մեկը շատերի զարմանքն էր հարուցել եւ ուշադրության արժանացել. «Ադրբեջանի այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»։

Վարչապետի խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կենտրոնանում է զինված ուժերի ու բանակի բարեփոխումների թեմայի վրա, Ադրբեջանը սադրանք է իրականացնում։ Փաշինյանն ասաց նաեւ, որ Ադրբեջանն ուզում է՝ հիմնովին հրաժարվենք Արցախի հարցից, Զանգեզուրի միջանցք է ուզում, ինչի մասին, ի դեպ, երկու տարի շարունակ իշխանականները չորով հերքում էին, թե չկա նման հարց։ Փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարը մոտ երկու ժամ խոսեց, բայց այդպես էլ լուծումներ չառաջարկեց, ասաց միայն այն, որ շարունակելու է հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին», այսինքն՝ մի բանի, որը նոր զոհեր եւ նոր տարածքային կորուստներ է բերում: Նրա ելույթի բազմաթիվ դրույթներ հակասում էին նախկինում իր իսկ ասածներին, եւ շեշտադրումներն էլ էին փոխվել: Կարծես ժամանակին ինքը չէր ասում, որ Արցախը ոչ մի շանս չունի ինքնուրույն կարգավիճակի, եւ մեր գործընկերները պահանջում են, որ կարգավիճակի պահանջի նշաձողը փոքր-ինչ իջեցնենք: Այլ հակասություններ էլ կարելի էր գտնել նրա երեկվա եւ նախորդ ժամանակաշրջանի ելույթների միջեւ, սակայն կենտրոնանանք պատերազմի եւ թշնամու հերթական ագրեսիայի վրա:

1992-98 թթ. խորհրդարանի փոխխոսնակ Արա Սահակյանը նկատում է, որ Հայաստանի քաղաքական ազատ շրջանակները, որոնք կաշկանդված չեն վերադասի ցուցումով, վաղուց կանխատեսում էին նման զարգացումներ։ «Ես երկուշաբթի օրը ներկա եմ եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած անվտանգային թեմայով քննարկմանը, որտեղ նկարագրվում էին այս գիշերվա իրադարձությունները։ Այդ ամենն այնքան չարագույժ էր, որ երբ ելույթ ունեցողներից մեկը թվարկեց ագրեսիայի սպասվող թիրախները՝ Վայք, Սյունիք, ես ասացի՝ եւ հատկապես Սյունիք։ Այսինքն՝ յուրաքանչյուրս ինչ-որ ձեւով կռահում էր, որովհետեւ այս ամենի առանցքն այն համոզումն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հակընդդեմ դիրքերից էին գնում, այսպես կոչված, հաշտեցման։ Ադրբեջանը գնում էր Հայաստանից ամեն ինչ կորզելու կամ նոր տարածքային զիջումներ կորզելու եւ քաղաքական զիջումներ՝ Ղարաբաղի հարցում, իսկ մենք «անկեղծ» պատրանքների դիրքից էինք, եւ մեր պատրանքները փշրվեցին։ Այդպես է լինելու մշտապես։ Հրաժարվել բանակաշինությունից, ռազմական ծախսերը կրճատելու ուղեգիծ ընտրել, կրճատել բանակը եւ նրա առջեւ դնել մկրատված ֆունկցիաներ, բերելու էր սրան։ Մի իշխանություն, որն ուզում է բանակը ոչնչացնել եւ այդ խնայված գումարներն օգտագործել ասֆալտապատման, շինարարության նպատակներով, պետք է սրան հասներ։ Ցավալիորեն, ինչպես միշտ, տուժում է ոչ թե իշխանությունը, այլ պարզ ժողովուրդը»,- ասում է Արա Սահակյանը՝ շեշտելով, որ «վարչապետ կոչվածի» խոսքում որեւէ հետեւողականություն այդպես էլ չի տեսել:
«Հիմա էլ իբր Ղարաբաղի պաշտպանն է դարձել, Ղարաբաղի խնդրով է մտահոգված, ռազմատենչ հայտարարություններ է անում, բայց ինչ որ անում է, նպատակը միայն սեփական իշխանությունը պահպանելն է։ Խորքային մոտեցում, հետեւողականություն, դաշնակիցների հետ լրջախոհ աշխատանք, ռիսկերի կառավարում… այս ամենը նրա համար խորթ բաներ են, «մի բան կասենք, մի բան կլինի»․ այսպես ասել-խոսելով՝ գնում են առաջ, դրա համար էլ դարձել ենք մեր հարեւանի ոտքի կոխանը»,- նկատում է քաղաքական գործիչը։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ «տոտալ սթրեսից» խուսափելու նպատակով, որպես կանոն, բոյկոտում է ԱԺ նիստերը` չի դիտում, չի լսում, բայց այս անգամ չէր կարող չլսել Փաշինյանի ելույթը, որը բնորոշեց «զարհուրելի»․ «Զարհուրելի էր: Այն պահին, երբ սահմանին տղաներ են զոհվում՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորության պատճառով, վերջինս ինչ-որ բառամթերք է արտաբերում՝ տնտեսական աճի, Աշոտիկի մասին։ Ամենազարհուրելի երազում անգամ չէր կարելի պատկերացնել, որ մենք ականատեսն ենք լինելու մեր պետականության այսպիսի կործանման։ Ալիեւի նպատակը շատ պարզ է՝ ստանալ Զանգեզուրի միջանցքը՝ իր ուզած ճանապարհով, եւ դա ստանալու է։ Իր գծած քարտեզով։ Որ Հայաստանում չկա իշխանություն, դա միանշանակ է, այստեղ կա Ադրբեջանի իշխանության դուստր ձեռնարկություն` ի  դեմս ՀՀ կառավարության եւ Միլի մեջլիսի, եւ ընդդիմության լուռ թողտվությամբ Ալիեւը ստանալու է այն, ինչ ուզում է: Հաջորդը լինելու է Սեւանը, հետո՝ անկլավները, իսկ հետո, ինչպես Ալիեւն է ասել, «ես Երեւան հասնելու եմ ոչ թե տանկերով, այլ՝ քայլելով»»։ Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ամեն օր ունենալու ենք զոհ, կորուստ, մահ ու արյուն։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով էլ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ավելի վատ է լինելու՝ անդադար։ Պատգամավորը հիշեցրեց, որ երկու տարի շարունակ իրենց քաղաքական ուժը զգուշացնում է իշխանություններին հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի անհնարինության մասին։ Մամիջանյանի խոսքով՝ իշխող թիմը չորս տարի շարունակ այնքան է փչացրել արտաքին գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունները, որ երբ հարձակում կա ՀՀ սուվերեն տարածքի վրա, միջազգային կառույցների կողմից չկա իրավիճակին պատշաճ արձագանք ու գնահատական։