Հուղարկավորել եք Արցախը և Վիգենի հուղարկավորումի՞ց  եք խոսում

Հուղարկավորել եք Արցախը և Վիգենի հուղարկավորումի՞ց  եք խոսում

Վիգեն Խաչատրյանի  հուղարկավորմանը կամ թաղմանը ընդդիմության  մասնակցելը հարևանը հարևանի հետ կամ բարեկամը բարեկամի հետ կռիվ չէր, որ ասես՝ ամոթ է, ինչու՞ չեն գնացել։ Ընդդիմությունը չի գնացել Վիգեն Խաչատրյանի հուղարկավորմանն ու թաղմանը ոչ սովորական խռովության պատճառով։ Իշխանությունն էլ դա լավ հասկանում է։ Վիգեն Խաչատրյանի միջնորդավորված  արած հայտարարությունների նետը հայ ժողովրդի սիրտն  է խոցել։ Մի քանիսը մեջբերեմ․  
«Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»։

«Վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։

«Մենք կարող ենք ասել՝ Ղարսն էլ է մերը»։

«Փաշինյանը ճիշտ է ասել, որ Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ»։

«Ցանկացած շփում Ադրբեջանի ղեկավարի հետ պետք է համարել առաջընթաց»։

Արցախն ասում են տալիս ենք, որ խաղաղություն լինի, բայց հայտարարում է․

«Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ խաղաղության»։

Ցանկացած իրեն հարգող ժողովուրդ ո՞նց կընդունի նման հայտարարությունները։ Համացանցային փոթորիկը դրա պարզ արձագանքն էր։ Դա կարելի է համարել նաև մինի հանրաքվե։ Դա կարելի է համարել ընդվզում։ Եվ այդ ընդվզումը ոչ թե ,,ոչնչությունների,, , ինչպես իրենք են անվանում,  այլ իրենց երկիրը սիրողների կողմից էր։  Այլ բան է, որ շատերը չէին կարողանում իրենց տիրապետել ու կոշտ բառեր էին օգտագործում։ Բայց խոսքը հայրենիքի մասին է, խոսքը Արցախը հանձնելու, խոսքը  Հայաստանի սահմանները փեշերից հոշոտելու մասին է։ Ո՞վ չգիտե,  որ Վիգեն Խաչատրյանը նման հայտարարությունների հեղինակը չէ։ 

Վ. Խաչատրյանի հայտարարություններից մեկից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավարն անգամ արձագանքեց. «Անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա»։ Այսինքն նա ընդունեց, որ մարդը սեփական կարծիք չունի և կրկնում է այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ուզում էր։ Որ իր հայտարարությունների կամ դժոխային գրքի միակ հեղինակը ինքը չլիներ։ Գիրքը ունենար համահեղինակներ, մասնակիցներ։

Հիմա դուք պատկերացրեք, որ համահեղինակներին այդպիսի սվիններով է դիմավորում ժողովուրդը, համացանցը, հեղինակին ո՞նց կդիմավորի։ Նման պայմաններում ո՞նց եք գտնում ընդդիմության  մասնակցությունը հուղարկավորմանը կամ թաղմանը։  Դուք հուղարկավորել եք կենդանի մի օրգանիզմ՝ Արցախը և կենդանի վիճակում ուզում եք հանձնել հողին, հիմա Վիգենի՞ց եք խոսում։ Այսինքն դժոխային գրքի համահեղինակների թի՞վն եք ուզում մեծացնել․․․