Խուճապի մեջ գտնվող մարդիկ հաճախ խարդախության զոհ են դառնում․ Փաստաբանը՝ ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին

Խուճապի մեջ գտնվող մարդիկ հաճախ խարդախության զոհ են դառնում․ Փաստաբանը՝ ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին

Չնայած «Վագներ» ՄՌԿ մարտիկների ռազմական հեղաշրջման փորձը երեկ կասեցվեց, սակայն Ռուսաստանում դժվար է իրավիճակը կայուն համարել։

«Հրապարակի» հետ զրույցում Մոսկվայի «Защита правом» փաստաբանների կոլեգիայի անդամ, ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, փաստաբան Գայանե Թևանյանը պատմեց, որ ժողովրդի շրջանում խուճապ կա, ինչը հղի է լուրջ ռիսկերով։
«Երեկ օրվա ընթացքում իրավիճակը մի քանի անգամ փոխվել է, առավոտվանից նորություններ էին տարածվում, որ «Վագների» մարտիկները Ռոստովից գալիս են Մոսկվա, ճանապարհներին պոստեր են դրված, զորքերը, զրահատեխնիկան կազմպատրաստ կանգնած էր, որ ժողովրդի դեմ ակցիաներ չկազմակերպվեն։ Լուրջ լարվածություն կար, Ռոստովը փակ էր, քաղաքապետը հայտարարել էր, որ ոչ ոք առանց սուղ անհրաժեշտության դուրս չգա տնից։ Քաղաքում երկու կողմերից էլ զինվորներ են, կարող են կրակոցներ լինեն, բարեբախտաբար, կրակոցներ չեղան, բայց Ռոստովից Մոսկվա ճանապարհը փակ էր»,- տեղեկացրեց Թևանյանը։

Անգամ լուրեր կային, որ կարող են սահմանափակել նաև ինտերնետը, որպեսզի ժողովրդի շրջանում ապատեղեկատվությամբ խուճապ չտարածվի։ Այդ ընթացքում «Վագների» հետ բանակցություններ էին ընթանում Բելառուսի նախագահի ակտիվ ներգրավվածությամբ։ Արդեն կեսօրին լուրեր կային, որ Մոսկվան շատ խիստ պատրաստվում է, բոլորը տեղերում խիստ ստուգումներ էին։ Միևնույն ժամանակ․ Պուտինը որոշում ստորագրեց, որ կարող են 30 օրով ձերբակալել անձանց, որոնք փորձում են իրավիճակը ապակայունացնել, ըստ էության՝ հանրահավաքները, ցույցերը, զանգվածային միջոցառումները արգելվում էին։ 

«Ժողովուրդն իսկապես խուճապի մեջ էր, բոլորին հետաքրքրում էր, թե ուր հասավ զորքը, մոտենում են, թե ոչ, Լիպեցկը, Տուլան, Տվերը պատրաստված էին։ Երեկոյան արդեն իրավիճակը կտրուկ փոխվեց, հայտարարվեց, որ զինվորները վերադառնում են իրենց դաշտային ճամբարներ՝ իրենց գտնվելու վայրեր։ Իսկ ՄՌԿ «Վագների» հիմնադրի Եվգենի Պրիգոժինի մասով արդեն երեկոյան պաշտոնապես հայտարարեցին, որ նրա դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կվերադառնա Բելառուս»,-երեկվա իրադարձությունները Մոսկվայից ներկայացնում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը դեռ խուճապի մեջ է, և չի բացառվում, որ կրկին տեսնենք 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած արտագաղթի մեծ ալիքը։ 

«Մարդիկ քայլեր են ձեռնարկում, որ մեկնեն, ով հասցնում է, լքում է երկիրը տարբեր պատճառաբանություններով՝ հանգստի, արձակուրդի են մեկնում։ Շատերն են մտադրված հեռանալ, որոշ ժամանակ սպասել և հասկանալ իրավիճակը»,-ասում է վերջինս և հավելում, որ այս ամեն ինչը հանգեցրել է ավիատոմսերի կտրուկ թանկացման, նաև ներսում աշխատուժի արտահոսքի պայմաններում գործատուները խնդիրների առաջ են կանգնում։
Փաստաբանը նշում է, որ ժողովրդի խուճապային տրամադրություններից օգտվում են ոչ միայն ավիաընկերությունները, այլև անշարժ գույքի սեփականատերերը, մասնավորապես՝ կտրուկ բարձրացել է նաև ՌԴ սահմանին մոտ գտնվող բնակավայրերում տների առուվաճառքը և վարձակալությունը։ 

«Գտնվելով խուճապի մեջ՝ մարդիկ հաճախ սխալ քայլերի են դիմում, այդպիսի իրավիճակների մենք բախվել ենք մեր պրակտիկայում, օրինակ՝ փորձել են արագացնել ՌԴ-ում գտնվող իրենց անշարժ, շարժական գույքի վաճառքի, վարձակալության հարցերը, փորձանքի մեջ են հայտնվել, անհայտ, կասկածելի միջնորդների են դիմել, արդյունքում և գույքից են զրկվել, և գումարները չեն ստացել, դարձել են խաբեության զոհ»,-ասաց Թևանյանը։

Վերջինս ՌԴ-ում բնակվողներին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, օրերի, վայրկյանների ընթացքում անշարժ, շարժական գույքի առուվաճառքի հարցերով չզբաղվել, կասկածելի ընկերությունների, միջնորդների հետ գործ չունենալ, ուշադիր լինել, թե ում ինչի համար են լիազորագիր տալիս։

Փաստաբանի փորձը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիները խաբեության զոհ են դառնում ոչ միայն իրենց երկրում, այլև այլ երկիր տեղափոխվելուց հետո, այդպիսի խնդիրներով եւս դիմողների պակաս չկա։

Մասնավորապես՝ մարդիկ տեղափոխվում են Հայաստան՝ չունենալով ծանոթներ-կապեր, չտիրապետելով օրենսդրական կարգավորումներին, քաղաքացիություն ստանալ կարգին կամ էլ չգիտեն, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ, ինչպես տեղափոխել բիզնեսը, հաշիվները, նոր ընկերություն գրանցել։ 

«Պարզ է չէ՞, իր երկրից, տնից-տեղից խուճապահար դուրս եկած մարդուն հետաքրքրում է միայն իր խնդիրները արագ լուծվեն և հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք անիրական խոստումներ են տալիս, գումարներ կորզում, արդյունքում՝ ոչինչ էլ չեն անում։ Կամ չտիրապետելով շուկայական գներին և դառնալով նման խարդախությունների զոհ՝ արդյունքում նաև պատճառ են դառնում, որ Հայաստանում էլ կտրուկ թանկացումներ լինեն, ինչը մենք տեսանք անշարժ գույքի վարձակալության գների դեպքում»․-ասում է «Защита правом» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Նույն խնդիրներին բախվում են մեր համերկրացիները արդեն ՌԴ-ում, որտեղ փորձում են աշխատանքի անցնել, հաճախ չգիտեն իրենց իրավունքները, չգիտեն ինչպես պաշտպանել իրենց, կարող են ակամայից տհաճ միջադեպերի մեջ հայտնվել, որոնք չգիտեն ինչպես հաղթահարել։

Գայանե Թևանյանը նշում է, որ իրենց փաստաբանները պատրաստ են իրավաբանական օգնություն ցույց տալ  ինչպես ՀՀ-ում ՌԴ քաղաքացիներին, այնպես էլ  ՀՀ քաղաքացիներին ՌԴ տարածքում։