Зри в корень

Зри в корень

Ի՞նչ իմանա անտեղյակ, իր համար ապրող մարդը, թե ինչով է զբաղված այսօրվա կառավարությունը։ Արտաքուստ կարծես ամեն ինչ նորմալ է։ Ահա, Ռուսաստանի արտգործնախարարը եկավ Հայաստան, ժպիտը դեմքին քայլում է Արարատ Միրզոյանի կողքով, ապա հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստան են եկել Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, էլի ինչ-որ պաշտոնյաներ։ Սրանք էլ շարվեշարան գնացին կառավարություն՝ հանդիպման։ Կառավարության նիստում հայտարարեցին, որ սահմանամերձ գոտում բնակվողներին օգնելու են, որ տներ կառուցեն՝ հիպոթեքային վարկերը փակելու համար գումարներ են տրամադրելու։

Հետո մի մեծ ու փառահեղ ցուցադրություն կազմակերպեցին՝ նոր ազգային ավիափոխադրող է սկսում աշխատել, նոր ինքնաթիռ է ձեռք բերել, վարչապետն էլ անձամբ գնաց, շնորհավորեց՝ այս մի գործն էլ արեցինք։ Դրան գումարած՝ կաշառակեր դատախազ են բռնել․ տեղն է դրան, թող նստի, որ մյուսներին դաս լինի։ ՀԱՊԿ արտգործնախարարների հերթական նիստն է Երեւանում ընթանում։ Հաղորդեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված մասի նորոգումն է ավարտվում։ Բնականոն գործող երկրի առօրյա է՝ մտածում է այս երեւույթների խորքը չտեսնող քաղաքացին։

Իրականում Լավրովը եկել է, որ Ռուսաստանի դիրքերն ամրացնի եւ տարածաշրջանում «ասողի» իր դիրքը պահպանի։ Արեւմտյան պաշտոնյաները գալիս են, քանի որ հույս ունեն մեզանով մի քանի լրացուցիչ հարված հասցնել Ռուսաստանին։ Ազգային ավիափոխադրող՝ արաբական փայատիրոջ մասնակցությամբ, ուղղակի նոնսենս է, մանավանդ առաջին չվերթն էլ դեպի Եգիպտոս է պատրաստվում իրականացնել։ Իսկ բռնված դատախազը կաթողիկոսի զարմիկն է, եւ այս գործը պարզ քաղաքական շահ է հետապնդում։ Վարկերի սուբսիդավորումն էլ բանկային բիզնեսին աջակցելու համար է մտածված։