Ինչ է անում Արմեն Գրիգորյանը եվրոպաներում. Երկու հակադիր կարծիք

Ինչ է անում Արմեն Գրիգորյանը եվրոպաներում. Երկու հակադիր կարծիք

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը այցելել էր Լիտվա։ Այնտեղ անվտանգության քարտուղարը հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Ադոմենասի, ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, Կառավարության կանցլերի, Ազգային պաշտպանության նախարարության եւ Սեյմի հետ։ Hraparak.am-ը այս այցի վերաբերյալ մեկնաբանություններ է ստացել քաղաքագետներից։

- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այցելում է Լիտվա, որտեղ հանդիպումներ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մինչ այդ Հայաստանի վարչապետն էր մեկնել Եւրոպա եւ Ռուսաստան` հանդիպումներ, հայտարարություններ։ Այս պահին իրար հետ խոր հակասություններ ունեցող պետություններ կատարած այցելությունները, երկկողմ համագործակցության փորձերը ինչպես են համատեղվում։ Մասնավորապես, Արմեն Գրիգորյանի հանդիպումներն ու պայմանավորվածություններն ինչ են նշանակում։ Արդյո՞ք այստեղ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ են տեղի ունենում, որոնք վաղը Հայաստանի համար կարող են լինել կործանարար։

Քաղաքագետ Արթուր Ղազարյան.

- Բուն Լիտվայի Հանրապետությունը չեմ կարծում այն դերակատարումը կամ խաղացողն է Հարավային Կովկասում կամ տարածաշրջանում, որ այնտեղի բարձր մակարդակի հանդիպումները ազդեցություն ունենան որևէ կերպ։ Բայց կարելի է կարծել, որ այնտեղ գուցե 3-րդ երկրի հետ հանդիպում է տեղի ունենում ու ձեր ասածը կարելի է փաստել, որ, այո, ինչ-ինչ պայմանավորվածություններ, կամ քաղաքական կուրս են փորձում փոխել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Եվ այս առումով կարծում եմ կարող է մերձբալթյան այդ երկիրը դառնա միջնորդ` ինֆորմացիայի փոխանցման։

- Կարելի՞ է ասել, որ հայաստանյան իշխանությունները երկու լարի վրա են խաղում։

- Ոչ թե այսօր, այլ շատ ավելի վաղուց էր դա՝ սկսած 2018 թվականից, երբ իշխանության եկան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժերը։ Երկու լարի, երեք լարի վրա խաղեր, բայց արդեն ուկրաինական պատերազմից հետո փորձեցին էլ ավելի բացեիբաց խաղալ այդ լարերի վրա, և բնականաբար դժգոհության ալիք բարձրացրեց մեր ռազմավարական գործընկերոջ ՝ Ռուսաստանի Դաշնության մոտ։ Եվ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովի ելույթից հետո էլ ավելի բուռն հակազդեցություն առաջացավ Հայաստանի ներքաղաքական դաշտում, որի ականատեսն ենք հենց այս օրերին տեղի ունեցող պրոցեսներով, բողոքի գործընթացներով։ Այս հանդիպումներով նրանք հայ հասարակությանը հրամցնում են` իբր խաղաղության դարաշրջան է եկել, խաղաղության պայմանագիր և երկու մեր թշնամի երկրների հետ համաձայնագրեր, սահմանների բացում, իրար տարածքային ամբողջականությունների ճանաչում և այլն։ Բայց այս ամենով հանդերձ բուն պրոցեսը թաքցվում է մեզանից, որը կարծում եմ շատ ավելի վտանգավոր տեղ է տանում։ Դարավոր թշնամին, կարծեք թե, բավարարված է մեր իշխանություններին առաջ քաշած պահանջներով, զիջումներով։ Զիջողական քաղաքական կուրս է որդեգրել իշխանությունը և առիթից օգտվելով մի քանի պրոցես շատ արագ հանգուցալուծման են փորձում հանգեցնեն մեր թշնամի երկրները` «ախորժակը ուտելիս է բացվում» հայտնի արտահայտությամբ: Փաստորեն, այսօր նրանք տեսնում են, որ առանց դիմադրության իրենց բոլոր պահանջները, որոնք մեծամասամբ ի հաշիվ Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի, իրականացվում են։ Եվ այս գործընթացում բնականաբար մեղմ ասած՝ շատ լուրջ է այսօր իրավիճակը թե աշխարհաքաղաքական, թե Հայաստան – թշնամի հարևաններ առումով։ Եվ այս համատեքստում մի փոքր անզգուշությունը կամ մի փոքր քաղաքական մանեվրելը, կամ այդ լարերի վրա խաղալը կարող է կործանարար հետևանքների հասցնել Հայաստանի և Արցախի համար։ Երբ Հայաստանը տարիներ առաջ փորձում էր բազմավեկտոր կոնտինենտալ քաղաքականություն որդեգրել արտաքին ճակատում ինչ-որ առումով հասկանալի էր: Թեպետ նաև այն ժամանակ կարող էր քննադատությունների տեղիք տալ, բայց այս օրերում, երբ հստակ աշխարհակարգ է ձևավորվում` և հստակ է Արևմուտքի դերակատարությունը, և Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը, ընդհուպ մինչև հեռավոր Չինաստան, Հնդկաստան, որոնք հետաքրքրված են տարածաշրջանով և ոչ միայն, այս փուլում պետք է հստակ դիրքավորվել որպես պետություն։ Այս օրերին բազմավեկտոր քաղաքականություն վարելը կամ բոլորին բավարարելն անհնար է պարզապես։ Սա կհանգեցնի անկանխատեսելի վտանգների։

Քաղաքագետ  Ռուբեն Մեհրաբյան

- Մեկը մյուսին ոչ միայն չի բացառում, այլև պահանջում է` ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելու համար։ Այո, հենց նման դիվերսիֆիկացված աշխարհագրությամբ կոնտակտ է ենթադրում։ Ես կարծում եմ դա ճիշտ մոտեցում է և միայն կարող եմ հաջողություն մաղթել նրանց ջանքերին։ Այստեղ ամեն ինչ չի, որ դուրս է բերվում հանրային իրազեկման հարթություն, բայց խոսել ինչ-որ դավադրապաշտական հարթության վրա` հիմքեր չունեմ։ Ավելին ես տեսնում եմ, քանի որ հիմա աշխարհակարգի խարխլման պայմաններում շատ մեծ են անվտանգության ռիսկերը մեր երկրի  շուրջ, ապա հենց այդ հարթության վրա է պետք դիտարկել, որ դրանք անհրաժեշտ քայլեր են՝ ընդ որում Մոսկվայում լինի, թե` Լիտվայում: Իսկ այսօր էլ տեսանք, որ Արմեն Գրիգորյանը այցելելու է Մեծ Բրիտանիա։ Դրանք քայլեր են հենց մեր պետության անվտանգության շահերից բխող: Էլի եմ կրկնում` ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելու համար։