Դրո՞շ, հովվի մահա՞կ, թե՞ բահի կոթ

Դրո՞շ, հովվի մահա՞կ, թե՞  բահի կոթ

Վերջին պատերազմից հետո Հայաստանում թափ է առել մի գործընթաց, որը նախկինում բնորոշ էր հարևան հանրապետության քաղաքացիներին, որի դեմ մենք պայքարում էինք՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, անհատ մարդկանց և այլն: Հիմա մենք մեր սեփական երկրում դարձել ենք նման գործընթացների հեղինակ և զարմանալի չի լինի, ասենք, ադրբեջանական որևէ կազմակերպություն դիմի միջազգային ինչ-որ կազմակերպության՝ խնդրով, որ հայերը ջարդում են արցախյան պատերազմի հերոսներից մեկի քիթը կամ պաշտելի Կոմիտասի կիսանդրին, այրում են ու պղծում ոչ միայն թուրքադրբեջանական, այլև հայկական դրոշը և այլն:

Սա գործընթաց է, որը կարծում եմ ուղղորդվում է մեկ կենտրոնից և վերջնական նպատակը՝ արժեքների, ինքնության, արժանապատվության ոչնչացնումն է, որը բերում է ծայրաստիճան եսասիրության, որը մերժում է ընդհանուրը, մերժում է անցյալ, ներկա և գալիք ժամանակները:

Վերջին պատերազմից հետո Երևան-Գյումրի միջպետական մայրուղու եզրերի որոշ բլուրների վրա հայտնվեց հայկական եռագույն դրոշը: Առաջին հայացքից գովեստի արժանի երևույթ է, սակայն, ժողովրդական իմաստությամբ տերհայրն ասում է՝ ես կնքողն եմ, ապրեցնողը չեմ: Այս դրոշատարածման հեղինակներն էլ ընդամենը տեղադրողներ են: Իսկ հետո, քամին ու անձրևներն են որոշում, որոշելը ո՞րն է. կարճ ժամանակում հազար կտոր են անում դրոշը, որի ձողը դառնում է հովվի մահակ կամ շինականի բահի կոթ:

Ի՞նչ է՝ տեղադրողները չգիտե՞ն, որ իրենց տեղադրածները նման վիճակում են հայտնվել: Անշուշտ տեղյակ են և վերջին զարգացումները թույլ են տալիս ենթադրելու և համոզվելու, որ մեր պետական դրոշը, մեր աչքի դեմ մտածված կերպով պղծվում է: Գուցե ուշքի գանք և բռնենք հեղինակների ձեռքերը կամ ստիպենք տեր կանգնեն իրենց անհասկանալի և անպտուղ նախաձեռնությանը:

Հ.գ. Հիշու՞մ եք Նիկոլի և մաքսայինի աշխատողի պատմությունը՝ իբր անկյունում հայտնված դրոշի վերաբերյալ: Դժվար չհիշեք:


Նորայր Գրիգորյան