Նիկոլը ռուսի՞նն է, թուրքի՞նը, թե՞ Արևմուտքինը․․․

Նիկոլը ռուսի՞նն է,  թուրքի՞նը, թե՞ Արևմուտքինը․․․

Սարոյանն ասում էր՝ ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է։ Այսօր հայտնվել ենք ոչ թե ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է իրականության մեջ, այլ ամեն տեղ, ամեն ինչ սխալ է դառը ճշմարտության առաջ։ Մեկ ասում եք՝ Հայաստանի աղետի պատճառը ռուսն է։ Բայց մեր իշխանությունը ռուսի պոչը բաց չի թողնում։ Մեկ ասում եք՝ աղետի պատճառը Արևմուտքն է, իշխանությունը Արևմուտքից սոսնձնված է։ Մեկ ասում եք՝ աղետի պատճառը Ադրբեջանն ու Թուրքիան է, իշխանությունը նրանց հետ սինխրոն է գործում։  Եթե իշխանությունը ռուսի հետ չի, ինչպե՞ս է նրան հանդուրժում Ռուսաստանը։ Եթե իշխանությունը Արևմուտքի հետ չի, ինչպե՞ս է նրան հանդուրժում Արևմուտքը։ Եթե իշխանությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չի, ինչու՞ են նրան այդպես անխոնջ պաշտպանում ու հանդուրժում։ Ավելի պարզ բացատրեմ մանկությանս հասարակ մի օրինակով։ Մայրս հավ էր եփել, որ աշխատանքից գա ու ճաշ եփի։ Մենք չորս դպրոցահասակ երեխաներ էինք։ Մայրս աշխատանքից գալիս ու տեսնում է, որ եփած հավ չկա։ Հարցնում է՝ ո՞վ է կերել։ Չորսս էլ անկեղծ պնդում ենք, որ մենք չենք կերել։ Նույնիսկ իմ բառերն եմ հիշում, որ ասում էի՝ ես հո դեւ՞ չեմ, որ մի ամբողջ հավ ուտեմ։ Հետո մայրս չորսիս կանչում է առանձին- առանձին  ու ասում՝ լավ եք արել, որ կերել եք, ճիշտը ասեք։

Եղբայրներիցս մեկն ասում է, որ ինքը հավի սպիտակ միսն է կերել, մյուսն ասում է, որ ինքը թևերն ու մի բուդն է կերել, ես ու քույրս էլ մեր կերածն ենք խոստովանում։ Վերջը ամբողջանում է հավը։ Չորս երեխեքս իրարից թաքուն, առանձին- առանձին  գնացել ու հավից մեր սիրած պատառն էինք պոկել։ Հիմա Արցախն ու Հայաստանը հայտնվել են նույն ,, եփած հավի վիճակում,,։ Ամեն մեկն իր համար իր սիրած պատառն է պոկում, մեր չեղած իշխանությունն էլ կանգնած բաժանում  է։ Ով ինչ պատառ  ուզում, ասում է՝ համեցեք խնդրեմ։ Ռուսինը ռուսին է տալիս, Արևմուտքինը Արևմուտքին, Ադրբեջանին ու Թուրքիային էլ իրենցն է տալիս։ Մաս- մաս բաժանում է, ու մենք չենք հասկանում, թե Նիկոլը ռուսի՞նն է,  թուրքի՞նը, թե՞ Արևմուտքինը։ Հենց այս սարդոստայնն էլ առաջացնում է մեր հարցադրմանը՝ ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է։ Այսինքն մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ո՞վ է Նիկոլը։ 

Նիկոլը իր աթոռի տեղապահն է։ Ով թիքա ուզի, տալու է։ Նրա համար Արցախ, Հայաստան, հայություն գաղափար չկա։ Նիկոլի Հայաստանն իր աթոռն է։ Ինքը բոլորի հետ առանձին- առանձին բանակցել է՝ թե ում ինչ է հասնում, որ ինքը մնա։  Ու քանի «եփած հավը» իր ձեռքին է, պահելու է աթոռը։ Դե նրանք էլ հո հիմար չեն, որ ասեն՝ թող Նիկոլը գնա, մի ուրիշը գա։ Ունեցվածքի տերը պիտի ձայն հանի, նրան էլ լռեցնում են կամ էլ ոչինչ չհասկանալով՝ բունն է մտնում։ Խոսողի վրա էլ գործ են կարում։