Ինձ հարմար չէ․ ի՞նչ է ասել Պուտինն Էրդողանին

Ինձ հարմար չէ․ ի՞նչ է ասել Պուտինն Էրդողանին

Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծելու թեման շարունակում է մնալ օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ նախագիծը ենթադրում է ոչ թե գազի հսկայական ծավալների պահեստավորում, այլ էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծում։ 

«Մենք չենք պատրաստվում այնտեղ հսկայական քանակությամբ գազ պահեստավորել։ Դա պարզապես հարմար վայր է նման էլեկտրոնային առևտրային հարթակ կազմակերպելու համար, քանի որ Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր Եվրոպայի համար»,- պարզաբանել է Պուտինը։

Նա չի բացառել, որ կայցելի Թուրքիա՝ միաժամանակ հնարավոր համարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցելելու տարբերակը։

«Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք․ կամ ինքը կգա մեզ մոտ, կամ ես գնամ իր մոտ, կտեսնենք։ Նա ինձ հրավիրել էր դեռևս (Թուրքիայում նախագահական և խորհրդարանական) ընտրություններից առաջ, բայց հետո որոշեցինք, որ ավելի լավ է դա չանել, որպեսզի ոչ ոք չշահարկի այս թեման»,- ասել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, ընտրությունների նախաշեմին իր այցը կարող էր դիտվել որպես ներքաղաքական գործընթացի վրա ազդելու փորձ, ուստի երկուստեք որոշում է կայացվել հետաձգել այն։

«Ուզում էինք խոսել հեռախոսով, նախագահ Էրդողանը առաջարկեց զրուցել, բայց դա առաջարկեց ինձ համար ոչ այնքան հարմար պահի։ Ես առաջարկեցի այսօր - նրան հարմար չէր, առաջարկեցի վաղը - նրա համար նույնպես հարմար չէր: Նախնական պայմանավորվեցինք զրուցել առաջիկա չորեքշաբթի։ Կխոսենք և կորոշենք»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ, լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե Պուտինը որոշակի դժգոհություն ունի Էրդողանի վերջին, այդ թվում՝ ՌԴ-ի շահերին հակասող գործողություններից, ինչի պատճառով մերժել է Էրդողանի՝ հեռախոսազրույց ունենալու առաջարկությունները։