Ռուսաստանն ունի շատ մեծ խնդիր՝ թույլ չտալ մեր տարածաշրջանում իր համար երկրորդ ճակատի բացում

Ռուսաստանն ունի շատ մեծ խնդիր՝ թույլ չտալ մեր տարածաշրջանում իր համար երկրորդ ճակատի բացում

«Եթե դիտարկենք ռուս-ուկրաինական, այսպես կոչված, պատերազմը, որովհետև իրականում դա ռուս-ուկրաինական պատերազմ չի, այլ՝ պայմանական Արևելք-Արևմուտք նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանն այս փուլում շարունակում է հայտարարված իր կողմից գործընթացների տրամաբանությունը առ այն, որ փաստացի Դոնեցկն ու Լուգանսկը անցնել են Ռուսաստանին։ Դրա հետ մեկտեղ գիտենք, որ բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում Խերսոնի մարզում, Խարկովի այն հատվածում, որն անցել է ռուսական կողմին։ Այնտեղ Ռուսաստանի կողմից բավականին ակտիվ լեգիտիմացման պրոցեսներ են գնում՝ ընդհուպ մինչև անձնագրերի տրամադրում։ Կարծում եմ, որ ուկրաինական բոլոր տարածքները, որտեղ ռուսական կողմն այս ընթացքում մտել է, վաղ թե ուշ միավորվելու են Ռուսաստանին։ Գործընթացները շատ արագ կգնան։ Այդուհանդերձ Ռուսատանի գերխնդիրն այն է, որ արևելյան-հարավային այդ ամբողջ գիծը վերցնի, ինչը որ իրենք չեն էլ թաքցնում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանը գտնում է, որ սխալ է դիտարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը լոկ որպես Կենտրոնական Եվրոպայում որոշակի գործընթաց։ Այն վերափոխում է ամբողջ աշխարհակարգը՝ սկսած տնտեսական կապերից վերջացրած ռազմաքաղաքական  ազդեցության նոր գոտիների ձևավորումը։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը շատ մանրակրկիտ հաշվարկել էր հակազդեցության իր  գործողությունները։ Կարող ենք փաստել, որ Ռուսաստանի տնտեսությունը ցույց տվեց ուղղակի իր յուրահատուկ ունակությունը դիմակայելու։ Հետո այն պետությունների կողմից արված պատժամիջոցները, որոնք կիրառվեցին Ռուասաստանի դեմ, հարվածեցին առաջին հերթին հենց իրենց։ Ակնհայտ տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է էներգակիրների հետ կապված, ինֆլյացիայի հետ կապված։ Եվ երբ խնդիրները նայում ենք կոմպլեքսի մեջ, ապա գալիս ենք այն եզրակացության, որ այսօր ձևավորվում է նոր աշխարհակարգ»։

Թե ինչպես է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներն ազդում Հայաստանի վրա,վերլուծաբանն ասաց․ «Այս գործընթացները Հայաստանի վրա ազդում են ուղղակի։ Քանզի այդ նոր աշխարհակարգի սահմանները, որոնք գծվում են՝ Հայաստանը գտնվում է հենց այդ պայմանական սահմանամերձ միջազգային գոտում։ Եվ այստեղ տեսնում ենք նաև մեզ համար ոչ ցանկալի գործընթացներ, որոնք պայմանավորված են այս իշխանության լրիվ անհամապատասախան, աբսուրդին հավասար քաղաքականությամբ։  Այս ամենը տանում է Հայաստանի մասնատմանը։ Մի կողմից էլ տեսնում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների շատ մեծ հետաքրքրությունները մեր տարածաշրջանում։ Օրինակ, վերցնենք ԵՄ- Ադրբեջան օրեր առաջ ստորագրված պայմանագիրը, որով Ադրբեջանը մինչև 2022 թվականը ավելացնելու է գազի մատակարարումը դեպի Եվրոպա։ Գիտենք, որ Ռուսաստանի գազը Եվրոպայի համար դարձել է մի մեծ գլխացավանք, և Եվրոպան փնտրում է մաքսիմալ ինչ-որ նոր հոսքեր, որով կարող է իր էներգետիկ անվտանգությունն ապահովել»։

Աբովյանն ընդգծում է, որ Ադրբեջանի  և ԵՄ-ի միջև ստորագրված փաստաթուղթը գազի  մատակարարման հետ կապված խիստ հակառուսական քայլ է։ Սակայն Ռուսաստանն ունի շատ մեծ խնդիր՝ թույլ չտալ մեր տարածաշրջանում իր համար երկրորդ ճակատի բացմանը, որը շատ հմուտ օգտագործում են թե Ադրբեջանը, թե Թուրքիան՝ Ռուսաստանին պարբերաբար այս կամ այն կերպ, պայմանական ասած, քաղաքական շանտաժի ենթարկելով։

«Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք  է հասկանանք, որ այս թոհ ու բոհի մեջ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է պաշտպանել իր կենսական, գոյաբանական շահը։ Այստեղ տեսնում ենք մի իրավիճակ, երբ շուրջբոլորն իրենց հետաքրքրությունները փորձում են պահպանել այս գործընթացի մեջ։ Եվ հիմնականում բոլոր խաղացողները՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ Վրաստան իրենք են հիմա կառուցում իրենց քաղաքականությունը՝ քիչ, թե շատ՝ դուրս գալով իրենց ստրատեգիկ նպատակներից։ Հայաստանը ոչինչ չի անում, միայն փորձում է օգտակար լինել բոլորին, բացի ինքն իրենից։ Պնդում եմ այս պարագայում բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում՝ կա միջազգային կոնսենսուս, որ՝ դե, եթե Հայաստանը չի պաշտպանում իր շահերը, մնացածն իրենց շահերը անպայման պաշտպանելու են, բայց խնդիր է, թե՝ ում հաշվին։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կենսական և գոյաբանական հետաքրքրություններին։ Ասեմ ավելին՝ այս քաղաքականությունն անմիջապես բերելու է լուրջ քաղաքական խնդիրների։ Այո, ռուս-ուկրաինական գործընթացները գլոբալ առումով ազդեցություն են թողնելու  ամբողջ  տարածաշրջանում»,-ասաց Արման Աբովյանը։