Զինվորը խռով է, գնա, գնա, գնա․․․

Զինվորը խռով է, գնա, գնա, գնա․․․

Զոհվածների ծնողներից, քույրերից հաճախակի եմ լսում՝ տղուս, եղբորս տնկած ծառը չորացել է։ Կամ ծաղիկը, որը շատ էր սիրում ու իրենք ամեն կերպ փորձում էին ,, լավ նայել նրան,, դեղնել ու հանգել է։ Զոհվածներից մեկի քույրն էլ ասում էր՝ մանուշակները եղբորս էին, նա չէր խնամում, բայց այնպես փարթա՜մ էին աճում։ Երբ լսեցինք բոթը, մեկը մյուսի հետևից թառամեցին նրանք։ Կամ՝ տղայիս  տնկած վարդերը դեպքից հետո մեկը մյուսի հետևից չորացան․․․ Սա պատահականությու՞ն է, թե՞ ծաղիկն էլ մարդու նման հոգի ունի։ 
Այս մասին հիշեցի, երբ այսօր էլի աչքովս ընկավ Աննա Հակոբյանի ,,լիրիկական զեղումները,, զինվորի հաշվով։ Ինչքա՜ն կարելի է  զոհված տղաների արյունոտ համազգեստից բռնել ու փորձել բարձրանալ․․․ Հանգիստ թող նրանց։ Ու հերիք է մտնես, ինչպես դու ես ասում՝ «նրանց մարմինը, միտքը գլուխը»։ Աստված իմ ու չի սարսափում գրել․ «տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ։ Յուրաքանչյուր նման  պահի, ինչպես նաեւ հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երեւէջը»:

Լիրիկադ չի անցնում, տիկին։ Դու առանց զգալու, ընդամենը ստեղծագործում ես մարդկանց ներվերի վրա։ Ստեղծագործությունդ կարող ես հարստացնել։  Մի զինվորի վրա ողբալու փոխարեն ողբա հայոց գենոֆոնդի փոշիացման համար։ Քո յուրաքանչյուր բջիջով Արցախի հողի արյան բաղադրությունը զգա, հայի արյան համը զգա։ Ի՞նչ համ ունի, կասե՞ս։ 

Ինչու՞ են չորանում զոհվածների աճեցրած ծառերը, ծաղիկները, կասե՞ս։ Բնությունն անգամ նրանց հետ չորացրիք։ Հիմա «սիրապստիկդ բռնե՞լ է» ։ Վերջ տուր։ Փակիր արարիդ վարագույրը ու գնա, գնա, գնա․․․ Զինվորը խռով է, գնա, գնա, գնա։