Ե՞րբ Ուկրաինա կհասցվի Abrams տանկերի առաջին խմբաքանակը

Ե՞րբ Ուկրաինա կհասցվի Abrams տանկերի առաջին խմբաքանակը

Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը կարող են հայտնվել Ուկրաինայի մարտադաշտում այս տարվա սեպտեմբերին, հայտնում է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-ն ծրագրում է օգոստոսին մի քանի Abrams ուղարկել Գերմանիա, որտեղ տանկերը վերջնական մոդիֆիկացիայի կենթարկվեն։ Այս գործընթացի ավարտից հետո տանկերը սեպտեմբերին կուղարկվեն Ուկրաինա։

Abrams-ի առաջին խմբաքանակը կներառի 6-ից 8 տանկ, Politico-ին ասել է կոնգրեսմենի օգնական, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը նախատեսում է ուղարկել 31 տանկ, որը հավասար է մեկ ուկրաինական գումարտակի։

«Մենք, անշուշտ, աշխատում ենք, որպեսզի դրանք հնարավորինս արագ հասցնենք Ուկրաինա», - պարբերականի հետ զրույցում ասել է Պենտագոնի խոսնակ, գնդապետ Մարտին Օ'Դոնելը՝ հրաժարվելով ներկայացնել կոնկրետ ժամանակացույցը:

Politico-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ տանկերի մոդիֆիկացիաների առաջին շարքն արդեն արվել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ժամանակ կունենա մինչև օգոստոսի վերջ ավարտին հասցնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները։

Նշվում է, որ նախքան ուկրաինացի զինվորականները կսկսեն շահագործել տանկերը, նրանք պետք է մոտ 10 շաբաթ տեւողությամբ վերապատրաստման դասընթաց անցնեն Գերմանիայի «Գրաֆենվեր» ռազմաբազայում։ Պենտագոնի պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինացիները նախատեսում են այս վերապատրաստումն ավարտել օգոստոսին։