ՍԴ-ն ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ», ՍԴ-ն իր համար աշխատում է

ՍԴ-ն ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ», ՍԴ-ն իր համար աշխատում է

Փետրվարի 27-ին լրացավ ՍԴ 7 անդամների կողմից կառավարության առաջարկած «կաշառքից»՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։ Եվ այդպես էլ որեւէ դատավոր չգնաց գործարքի ու չօգտվեց իրեն ընձեռված այդ «բացառիկ» շանսից՝ գնալ վաղ կենսաթոշակի եւ մինչեւ խոր ծերություն ապրել բարձր թոշակով, շառից ու փորձանքից հեռու։ Նշենք, որ այս առաջարկը վերաբերում էր ՍԴ 9 անդամներից 7-ին միայն, մյուս երկուսը՝ Արման Դիլանյանն ու աշխատանքի չներկայացող Վահե Գրիգորյանը, այս «մարդասիրական» առաջարկից օգտվել չէին կարող, քանզի նրանք ընտրվել են ՍԴ դատավոր Սահմանադրության՝ անցումային դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո։ Իշխանությունը նրանց հետ խնդիր չունի։ Խնդիրն այն 7 դատավորներն են, որոնք մեկ տարի առաջ հայտնվեցին իշխանությունների թիրախում, սակայն չհանձնվեցին, մնացին ու պայքարեցին, թեպետ առջեւում հանրաքվեն է, որը չգիտենք, թե ինչ ճակատագիր կունենա։

Երեկ մեզ հաջողվեց խոսել միայն Ալվինա Գյուլումյանի հետ, որը մեր զանգի պահին ծանրաբեռնված աշխատում էր։ Համենայնդեպս, այդպես ասաց։ Երբ հարցրինք՝ պայմանավորվե՞լ էին յոթ անդամներով, որ չպետք է օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկից, տիկին Գյուլումյանն ասաց՝ միասնական որոշում չեն ունեցել, յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշել չօգտվել։ «Մենք աշխատել ենք որեւէ քննարկում չունենանք էդ թեմայով, որպեսզի հանկարծ մեկը մյուսի վրա ազդեցություն չունենա»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։

Նկատեցինք, որ այս ընթացքում, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանություններն «աշխատում էին» ՍԴ անդամների վրա, որ համոզեն նրանց՝ գնալ վաղ կենսաթոշակի։ «Կոնկրետ ինձ վրա չեն աշխատել, ոչ»,- հակառակորդին հաղթողի մեծահոգությամբ ասաց նա։ Գյուլումյանն իր գործընկերների մասով էլ տեղյակ չէր՝ որեւէ մեկը նրանց հետ «աշխատանք» տարե՞լ է, թե՞ ոչ։ Հիմա, փաստացի, մնացել է միայն հանրաքվեի տարբերակը, որով իշխանությունը կարող է ազատվել ՍԴ 7 անդամից։ Եթե հանրաքվեին ժողովուրդն «այո» ասի, ի՞նչ է լինելու իրենց հետ, Գյուլումյանն ասաց․ «Եկեք «եթե» չասենք, ես հանրաքվեի մասին ավելի ուշ, եթե հարկ եղավ, կասեմ ինչ-որ բան, հիմա ոչինչ չեմ կարող ասել»։ Իսկ ՍԴ-ն «պլան Բ» ունի՞ այս հարցում։ «ՍԴ-ն ո՛չ «պլան Ա» ունի, ո՛չ «պլան Բ» ունի, ՍԴ-ն իր համար աշխատում է։ Ես չեմ կարող հիմա ոչինչ ասել»,-ասաց տիկին Գյուլումյանը։

Խոսեցինք նաեւ երկու «անձեռնմխելի» դատավորներից մեկի՝ Արման Դիլանյանի հետ։ Նա չցանկացավ որեւէ գնահատական տալ ո՛չ իր 7 գործընկերների որոշմանը, որոնք չտրվեցին իշխանությունների տեռորին ու շանտաժին, ո՛չ էլ Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չներկայանալու, բայց աշխատավարձ ստանալու փաստին։ Նախընտրեց բոլոր հարցերում ձեռնպահ մնալ։
«Ես էդ մասին կարծիք չեմ կարող հայտնել, հարգելիս, որովհետեւ ես կոռեկտ չեմ համարում էդ հարցի վերաբերյալ որեւէ դիրքորոշում արտահայտել»,- ասաց պարոն Դիլանյանը։ Նա նաեւ նշեց, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե զարգացումները, ի վերջո, ուր կբերեն, եւ արդյոք դրանց ճյուղերից մեկը չի բերի Սահմանադրական դատարան։ «Ուստի, հետագայում ինքս ինձ չկաշկանդելու համար ձեռնպահ եմ մնում ցանկացած մեկնաբանությունից էս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

Դիլանյանն ասաց նաեւ, որ ինքը հաճախում է աշխատանքի, կատարում է իր պարտականությունները։ Իսկ այն, որ Վահե Գրիգորյանը չի ներկայանում աշխատանքի, բայց աշխատավարձ է ստանում, այս հարցով էլ չցանկացավ կարծիք հայտնել։ Հարցրինք՝ ի՞նչն է կաշկանդում իրեն կարծիք հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ի վերջո, ինքը ներկայացնում է մի կառույց, որի անդամների մեծ մասից այսօր իշխանությունը փորձում է ազատվել։ «Ամեն դեպքում, ես գործում եմ որպես դատավոր, որպես իրավաբան եւ էդ կարգի հարցերի վերաբերյալ այլեւս ձեռնպահ եմ մնում որեւէ դիրքորոշում արտահայտել»,- եղավ պատասխանը։

- Բայց ի՞նչն է Ձեզ կաշկանդում կարծիք հայտնել, Դուք ձեռնպահ եք մնում, որովհետեւ Ձեզ չի՞ վերաբերում այս խնդիրը, թե՞ այլ պատճառ կա։

- Ինձ առավելապես կաշկանդում են իմ՝ դատավորի կարգավիճակը եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված սահմանափակումները։

- Բայց Դուք նույն հավասար կարգավիճակում եք, ինչ Ձեր մյուս 7 գործընկերները, որոնցից ուզում են ազատվել իշխանությունները։ Սա Ձեզ մտահոգո՞ւմ է, եւ արդյոք սա համարո՞ւմ եք գործադիրի կողմից միջամտություն դատական իշխանությանը։

- Ես ասացի, որ ամեն մեկս ինքն է որոշում իր վարքագիծը, ես կարծում եմ, որ ես կաշկանդված եմ կոնկրետ Սահմանադրական դատարանի մասին օրենքով դատավորի վարքագծի համար նախատեսված այդ չափանիշներով։ Դրա համար ես ձեռնպահ եմ մնում որեւէ դիրքորոշում արտահայտել էդ հարցում։

- Նույն հաջողությամբ վաղը կարող է իշխանությունները նաեւ Ձեր դեմ նման քայլեր ձեռնարկեն։ Եթե հիմա Դուք ձեռնպահ եք մնում, չեք ուզում գնահատական հնչեցնել, վաղը կարող է նույն խնդրին Դուք բախվեք, եւ անտարբեր լինեն արդեն մյուսները Ձեր հանդեպ։

- Ես անտարբեր չեմ որեւէ խնդրի, պարզապես ես իմ դիրքորոշումը՝ որպես դատավոր, արտահայտում եմ իմ՝ որպես դատավորի գործունեությամբ։

- Բայց Դուք ներկայացնում եք մի կառույց, որի դեմ քայլեր է ձեռնարկում գործադիր իշխանությունը, որի վերաբերյալ հայտարարություններ է անում։ Դուք այդ ընտանիքի մաս եք կազմում, այս ամենը Ձեզ չի՞ հետաքրքրում ընդհանրապես։

- Հարգելիս, ինձ թվում է՝ ե՛ւ Ձեր բարձրացրած հարցերը, ե՛ւ մեր խոսակցությունը, իրականում, այդքան էլ հեռախոսային խոսակցություններ չեն, միգուցե ինչ-որ մի պահի մենք առիթ կունենանք ավելի երկարատեւ, ավելի մանրամասն խոսելու, քննարկելու այդ հարցերը։ Բայց այս պահին ես ավելացնելու ոչինչ չունեմ։

- Շատ լավ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ տարբերություն կա Ձեր եւ ՍԴ մյուս 7 անդամների միջեւ։

- Ի՞նչ առումով նկատի ունեք, այս պահի՞ն։ Այս պահին որեւէ տարբերություն չկա։

- Այդ դեպքում ի՞նչն է թույլ տալիս մյուս 7 անդամներին գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, իսկ Ձեզ՝ ոչ։

- Մենք նորից վերադառնում ենք նույն հարցերին, հետեւաբար, հնչելու են նույն պատասխանները։

- Լավ, իսկ երբեւէ Դուք որեւէ կարծիք կհայտնե՞ք այս իրավիճակի վերաբերյալ։

- Իհարկե, ոչ մի բան չեմ բացառում։

- Հանրաքվեից հետո՞։

- Տեսնենք, չգիտեմ դեռ, չեմ որոշել։

- Իսկ մասնակցելո՞ւ եք հանրաքվեին։

- Եկեք արդեն էս հարցերը թողնենք, ես Ձեզ հաջողություն եմ մաղթում եւ լավ օր։