«Հրապարակ». Արցախը Հայաստան է, ինչպես Կարսը, Արդահանը

«Հրապարակ». Արցախը Հայաստան է, ինչպես Կարսը, Արդահանը

ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը երեկ մկան ծակին հազար թուման էր պատրաստ տալ, միայն թե ճողոպրեին լրագրողներից՝ նրանք չէին ցանկանում հարցազրույցներ տալ։ Ընդամենը մեկ օր առաջ Փաշինյանը բացահայտ ասել էր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։ Մեզ հաջողվեց զրուցել ՔՊ ամենաբարեհամբույր պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո պայքարելու են նրա ինքնորոշման իրավունքի իրականացման համար։ Մեր զրույցը Աղազարյանի հետ։

- Իշխանության գալուց ամիսներ անց «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարության հեղինակ  Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ուղիղ տեքստով երեկ գրեթե հայտարարեց, որ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»։ Նա խոստովանեց, որ ԼՂ-ն ճանաչելու է Ադրբեջանի մաս։ Արցախի եւ Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր իրենց վրդովմունքն են հայտնել այս հայտարարության վերաբերյալ։ Ի՞նչ խղճով եք որոշել՝ 120  հազար արցախցիների ճակատագիրն այդկերպ վճռել։

- Շատ եք շահարկում վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը, դա ասվել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ պայմաններում։ Ես ներողություն եմ խնդրում վարչապետից՝ իր մտքերը մեկնաբանելու համար, բայց անձամբ իմ կարծիքով՝ այդ հայտարարությունն այն մասին է, որ Արցախը Հայաստան է, ինչպես Կարսը, Արդահանը։

- Այսինքն՝ «վերջ» բա՞ռն եք խմբագրում․․․ Հիմա, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Արցախն Ադրբեջան է․ սրա մասին է խոսքը․․․․

- «Եվ վերջ»՝ որովհետեւ, ի տարբերություն Կարսի, Արդահանի եւ պատմական հայրենիքի այլ հատվածների, Արցախում ապրում է մեր ժողովրդի մի հատվածը, դրանով է «վերջ», եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր ժողովրդի ապրելու եւ ինքնորոշման իրավունքի իրացման համար։

- Եթե դուք Արցախը որպես Ադրբեջան եք ճանաչում, ինչպե՞ս պիտի արցախցիներն ինքնորոշվեն։

- Մենք վերահաստատում ենք այն հանգամանքը,  որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար՝ սրանով ուզում ենք հաստատել, որ Ադրբեջանի հետ սահմանային խնդիր չունենք՝ չհաշված որոշ լոկալ խնդիրներ։ Իսկ Արցախի  ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, Ադրբեջանի հետ արցախցիների փոխհարաբերությունների հարցը պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ այդքան բան։ Սա մեր պետական տեսակետն է, կա մի ուրիշ իրողություն, որ Արցախի ժողովուրդը հայտարարել է իր անկախության մասին, դա կա։

- Եթե, ինչպես ասում եք՝ ամեն ինչ անելու եք ինքնորոշման իրավունքի իրացման համար, այդ դեպքում ճանաչեք Արցախի անկախությունը, այլ ոչ թե հանձնեք Ադրբեջանին՝ հազարավոր մարդկանց տանելով ցեղասպանության։

- Գիտեք, բոլոր ջրերը ետ են քաշվել, դաշտը զուլալվել է, եթե մեր ընդդիմադիրները համաձայն չեն մեր մոտեցումների հետ, կարող են իրենք գեներացնել հարցը եւ օրակարգ բերեն Արցախի անկախության ճանաչման հարցը, բնականաբար, իմ կարծիքով՝ մենք չենք պաշտպանի այդ հարցը։

- Ինչո՞ւ, եթե ասում եք՝ ամեն ինչ անելու եք․․․

- Այո, հետամուտ ենք լինելու, բայց դա չի նշանակում, որ առաջինը մենք պիտի ճանաչենք․․․ Եթե մեր ընդդիմադիր գործընկերները տեսնեն, որ չենք աջակցում իրենց նախաձեռնությանը, թող համապատասխան քայլերի դիմեն, ներկայանան ժողովրդին այդ օրակարգով, թող ասեն, որ մեզ բերեք իշխանության, որ ճանաչենք Արցախի անկախությունը եւ այլն․․․

- 2021-ի նախընտրական քարոզարշավին դուք խոստանում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացին աջակցել։

- Հիմա էլ ենք ասում, բա այդ փողերն ո՞վ է տալիս Արցախին։ Եվ, ի վերջո, Արցախն աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն է, թե ինքնորոշման իրավունքի ճանապարհով մենք ուր կհասնենք, միջազգային հանրությունն ինչպես կարձագանքի՝ կտեսնենք։ Բայց եթե հիմա Արցախի կարգավիճակի հարցը վճռենք, նոր ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալիս՝ մեզ պատերազմ հայտարարելու։