«Հրապարակ». Հերթական մանիպուլյացիան․ մինչեւ 2019-ը հարկերն այլ մեթոդաբանությամբ են հավաքագրվել
Մայիսի 22-ի մամուլի ասուլիսը Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե ինչքան լավ է աշխատում իր կառավարությունը։ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերին։ «Ինչպես տեղյակ եք, 2021-22 թվականներին ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ այս հանգամանքի բերումով 2021 թվականի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը։ 2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 մլն դրամ։ Սա շուրջ 7 միլիարդ դրամով ավելին է, քան 2012, 13, 14, 15, 16, 17 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած։ Այսինքն՝ այդ բոլոր 6 տարիների հարկերի հանրագումարից ավելի շատ հարկ է վճարվել 7 միլիարդով ավելի, քան 2022 թվականին»,- ասաց Փաշինյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանին հարցրինք՝ իրապե՞ս 2022 թվականին ԶՊՄԿ-ն ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարին միասին վերցած՝ մինչեւ 2017 թվականը, եւ ինչպե՞ս է դա հնարավոր։ Պարսյանն ասաց, որ դա մանիպուլյացիա է Փաշինյանի կողմից, քանի որ հարկերի հավաքագրման տարբեր մեթոդաբանություններ են եղել։
«Այդ ժամանակաշրջանները համեմատելու համար պետք է մեթոդաբանությունները նույնը լինեն։ Մինչեւ 2019 թվականը հարկերի հավաքագրման մեթոդաբանությունն այլ է եղել, դրանից հետո ուրիշ է եղել։ Այսինքն՝ նախ այդ կետով մենք չենք կարող այդ ժամանակահատվածները միմյանց հետ համեմատել։ Երկրորդը՝ 2021 թվականից վերանայվեց նաեւ մետաղների՝ մասնավորապես պղնձի եւ մոլիբդենի արտահանման հարկային քաղաքականությունը, մասնավորապես՝ արտահանման տուրք տրվեց այդ ապրանքների արտահանման դեպքում, եւ հետագայում դա վերածվեց պրոգրեսիվ ռոյալթիի, այսինքն՝ այդ ոլորտում 2022 թվականին եւ 2012, 13, 14 թվականներին տարբեր հարկային քաղաքականություն է եղել, եւ հարկային բեռն ավելացել է օրենսդրության փոփոխությունների հետեւանքով։ Երրորդ գործոնը, որը կարող է ազդել այդ պրոցեսի վրա, հանքաքարի արտահանման ծավալներն են։ Այս տարիների ընթացքում հանքարդյունահանման ծավալները կտրուկ աճել են եւ համեմատելի չեն 2012-2013 թվականների հետ, եւ դա միանշանակ կարող էր նպաստել, որ 2022 թվականին ավելի շատ հարկ հավաքվեր, քան 5 տարիների ընթացքում։ Այդպիսի ոլորտներ շատ կան Հայաստանում, ոչ միայն ԶՊՄԿ-ն, այլեւ այլ ոլորտներում եւս նման կազմակերպություններ կարող ենք գտնել, որ 2022 թվականին ավելի շատ են հարկ վճարել, քան անցած տարիների ընթացքում, այսինքն՝ դրանք համեմատելի ժամանակաշրջաններ չեն, եւ բազմաթիվ գործոններ են ազդում։ Նույն հաջողությամբ այդ թվականներին կարող են լինել կազմակերպություններ, որոնք շատ են վճարել, հիմա քիչ են վճարում։ Փաշինյանն ինչո՞ւ չի ասում, որ, օրինակ, Սոթքի հանքավայրն այդ նույն ժամանակահատվածում վճարում էր մոտ 20 միլիարդ դրամի չափով տարեկան հարկ՝ այն դեպքում, երբ, օրինակ, 2020 թվականից հետո հարկային մուտքերը կտրուկ նվազել են․ անցած տարի, օրինակ, ընդամենը 3 միլիարդ են վճարել՝ 7 անգամ ավելի քիչ, քան 2020 թվականին, այս տարի ընդամենը 700 մլն դրամի հարկ է վճարվել։ Թող իր օրոք Սոթքի հանքավայրի վճարած հարկերը համեմատի եւ կտեսնի, որ վճարված հարկերը 20-30 անգամ ավելի քիչ են, քան 2017 թվականի վճարած հարկերը։ Սա կոռեկտ մոտեցում չէ, սա մանիպուլյացիա է հանրության նկատմամբ, թե ինչքան լավ են իրենք աշխատում, բայց հանքարդյունաբերության հաշվին հարկային բյուջեի աճը լավ բանի մասին չի խոսում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ կախվածություն կա այդ ոլորտից։ Դրան հակառակ՝ մեր արդյունաբերության մյուս ճյուղերն էական խնդիրներ ունեն, նրանց վճարած հարկերն են նվազել, օրինակ՝ կաթնամթերքի ու մսամթերքի արտադրության դեպքում վճարված հարկերը նվազել են»,- ասաց Պարսյանը։
Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ 1 հարկատուն էր, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով «Գազպրոմ Արմենիային»: «Գազպրոմը» վճարել է շուրջ 20 միլիարդ, իսկ ԶՊՄԿ-ն՝ 15 միլիարդ դրամ հարկ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն 35 միլիարդ դրամ հարկ էր վճարել։
Կարծիքներ