Որ դեպքում եկեղեցին չի կարողանա քննադատել ՀՀ իշխանություններին

Որ դեպքում եկեղեցին չի կարողանա քննադատել ՀՀ իշխանություններին

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե Հայաստանի գործող իշխանությունները պատրաստում են օրենսդրական մի նախաձեռնություն, որով կարգելվի կրոնի սպասավորներին՝ քննադատել իշխանություններին։ Արգելքը խախտողներին սպասվելու է վարչական պատիժ։ Հասկանալի է, որ այդ նախաձեռնությունն առաջնահերթ կերպով ուղղված է լինելու առաքելական եկեղեցու դեմ, քանի որ հենց առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն են՝ կրոնի սպասավորների կատեգորիայից, ամենաշատը քննադատում գործող իշխանություններին։ Հետեւելով «երբեք մի ասա երբեք» սկզբունքին՝ չենք բացառում, որ Հայաստանի գործող իշխանությունները դրան էլ գնան։ Սակայն հարցը ոչ այնքան նման քայլ անել-չանելու իշխանությունների կամքին կամ վճռականությանն է վերաբերում, որքան այդ քայլի հետ կապված բազմաթիվ խնդիրներին։ Ընդ որում, այդ խնդիրները կառնչվեն ոչ միայն Հայաստանի Սահմանադրությանը, այլ նաեւ՝ միջազգային օրենքներին ու կոնվենցիաներին, որովհետեւ սահմանափակվելու է մարդու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը, որը հարվածի տակ է դնելու Հայաստանում բազմակարծության լինելիությունը, ընդհանուր առմամբ։ Իսկ դա արդեն գոնե, եվրոպական եւ ամերիկյան իրավունքի ընկալումներով, լուրջ խախտում է՝ մարդու իրավունքների հետ կապված։

Տեսականորեն, իհարկե, կարելի է պատկերացնել, որ եթե նման օրենսդրական փոփոխություն արվի, Արեւմուտքը, հաշվի առնելով իր շահերի հետ կապված շատ հարցեր, ինչպես որ շատ դեպքերում արել է, այս անգամ էլ աչք կփակի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտման, իսկ այս պարագայում՝ նաեւ եկեղեցու ու պետության տարանջատվածության դրույթի վրա։ Սակայն ներկայիս իրավիճակում մի փոքր կասկածելի է, որ իշխանությունը գնա նման քայլի, եւ Արեւմուտքն էլ դրա վրա աչք փակի՝ հաշվի առնելով այն, որ Երեւանի վրա Արեւմուտքը սկսել է լուրջ ճնշում գործադրել, ինչի մասին «Հրապարակն» արդեն գրել է իր հոդվածներից մեկում։
Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերությունների ներկա փորձը երբ ուսումնասիրում ենք, ողջամտության սահմաններում մեկ տարբերակ կա միայն, որի գործադրմամբ հնարավոր է հասնել նրան, որ կրոնի սպասավորները զերծ մնան տվյալ պետության իշխանություններին քննադատելուց։

Դա Իտալիա պետության եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոն Վատիկանի հարաբերություններն են։ Սակայն, ինչպես հայտնի է, Վատիկանն անկախ պետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով, եւ գործում է Հռոմի ու Վատիկանի միջեւ բավականին լավ մշակված իրավապայմանագրային բազա։ Այստեղ արդեն հարց է առաջանում՝ պատրա՞ստ են արդյոք Հայաստանի գործող իշխանությունները, որպես առկա դրական փորձ, օգտվել Իտալիա պետության եւ Վատիկանի փոխհարաբերությունների մոդելից։ Այսինքն՝ պատրա՞ստ են արդյոք Հայաստանի իշխանությունները սկսել գլոբալ գործընթաց, օրինակ, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ դարձնելու համար, որպեսզի արդեն որպես երկու լիարժեք միջազգային իրավունքի սուբյեկտներ՝ միմյանց հետ պայմանավորվեն, ու արդեն Մայր Աթոռից որեւէ եկեղեցականի կողմից քննադատությունը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, բացառվի։

Մնացած որեւէ տարբերակ Հայաստանի գործող իշխանությունների դեմ ճնշումներ գործադրելու հավելյալ լծակներ է տալու արտաքին խաղացողներին՝ որպես միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների խախտում։