Ստանիսլավ Զասը շարունակում է «հավատարիմ մնալ ինքն իրեն եւ ՀԱՊԿ-ի ոգուն» 

Ստանիսլավ Զասը շարունակում է «հավատարիմ մնալ ինքն իրեն եւ ՀԱՊԿ-ի ոգուն» 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը (ի դեպ՝ Բաքվի ռազմական ակադեմիայի շրջանավարտ) հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ելակետ են ընդունում այն, որ Լաչինի միջանցքի խնդիրը, որը Երեւանը բարձրացնում է միջազգային մակարդակով, գտնվում է ՀԱՊԿ պատասխանատվությունից դուրս։ Նա նաեւ ասել է, որ Հայաստանից այս առնչությամբ դիմում չի ստացվել։ Սպասել, որ Ստանիսլավ Զասն այլ բան է ասելու, պարզապես միամտություն կլիներ։ Սակայն, ամեն դեպքում, մի հարց կա, որն ուղղակի անհնար է ներկա իրավիճակում չբարձրաձայնել ․իսկ ո՞րն է ՀԱՊԿ-ն համարում իր պատասխանատվության գոտին։

ՀԱՊԿ-ում, առհասարակ, գոնե գիտե՞ն, թե բացի Քասիմ Ժոմարտ Տոկաեւին իշխանության ղեկին պահելուց ուրիշ ինչ են արել, կամ ինչի համար գոյություն ունի այդ կառույցն առհասարակ։ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո ՀԱՊԿ-ն կարծես թե գործ չունի, որովհետեւ՝ «սահմանը հստակեցված չէ», 44-օրյայի ժամանակ Հայաստանի տարածքում ռումբեր ընկան, ՀԱՊԿ-ն «մատը մատին չխփեց», բայց դրա փոխարեն՝ Ղազախստանում հենց միջկլանային գզվռտոց սկսվեց, մարդիկ դուրս եկան փողոց, ՀԱՊԿ զորակազմը հայտնվեց այնտեղ, որպեսզի հանկարծ այդ երկիրը «ռուսների համար ցանկալի» ուղեծրից դուրս գալու հնարավորություն չունենա։ Նույնիսկ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքներում, որոնք այժմ Ռուսաստանը համարում է իրենը, կամ անմիջականորեն Ռուսաստանի բուն տարածքներում ռմբակոծություններ են լինում, բայց ՀԱՊԿ-ի «ծպտունը չի ելնում»։

Ու այսքանից հետո, ընդհանրապես, ՀԱՊԿ-ն՝ որպես ռազմաքաղաքական բլոկ, ո՞ւմ է պետք։ Ի՞նչ իմաստ ունի նման «դիակ» պահելը, որ նեխի։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է արդյոք այս հարցին ՀԱՊԿ-ից հստակ բացատրություն տալ։ Ընդամենը մեկ արկ ուկրաինական կողմից ընկավ լեհական տարածք, արդեն համարյա երրորդ համաշխարհայինն էր սկսվում, ՆԱՏՕ-ն մեկ ակնթարթում ոտքի ելավ։ Մինչ հիմա՝ սեպտեմբերյան սրացումից հետո, մենք միայն ՀԱՊԿ-ից անիմաստ հավաստիացումներ, հորդորներ եւ հայտարարություններ ենք լսել։ Արդյոք ժամանակը չէ՞ պարզապես լուծարել ՀԱՊԿ-ն եւ նոր կառույց ձեւավորել կամ պարզապես երկկողմ ռազմաքաղաքական պայմանագրերով լուծել անվտանգային խնդիրը։