Հնգամյա գահավիժում

Հնգամյա գահավիժում

Չկա մի ասպարեզ, մի ուղղություն, որտեղ այս իշխանությունը նահանջած չլինի իր նախկին դիրքորոշումներից, ժամանակին արտահայտած տեսակետներից, հռչակած գաղափարներից: Կարելի է հավերժ թվարկել նախկին եւ ներկա ՔՊ-ի ասածների ու արածների հակասությունները: Պադավատապետության դեմ պայքարից մինչեւ պադավատապետության վերածվել, Աղդամն ու Արցախն իրենց հայրենիքը հռչակելուց մինչեւ «Արցախն Ադրբեջան է» հայտարարել, «Ոչ մեկը թող չկասկածի իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելուն» ասելուց մինչեւ «ե՞ս էի պատերազմը վարում» չքմեղանալ:

2018-ին ասում էին. տեսեք` վարչապետի շարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ` ճանապարհը զիջում է հետիոտնին, հետո արդեն կանաչ լույսի տակ փողոցն անցնող հղի կնոջը մեքենայի տակ գցելն ու սպանելը համարեցին նորմալ: 2018-ին իջնում էր կառավարության շենքի բակ` զրուցում քաղաքացիների հետ, Մարտի 8-ին փողոցներում կանանց ծաղիկներ էր բաժանում, հիմա անգամ կառավարության աշխատողները չեն մոտենում ակցիա անող քաղաքացիներին: Կարելի է հատորներ գրել, թե ընդդիմադիր ուժն ինչպես մի քանի տարում վերածվեց հազար տարվա բյուրոկրատիայի, եւ ինչպես համեստ, փողոցից իշխանության եկած տղաները հղփացան ու մեծամտացան` կայծակնային արագությամբ վերածվելով հակաժողովրդավարական իշխանության, պատժիչ մեքենայի, որը ժողովրդից թիկնապահների ու ոստիկանների ստվար շարքերով է պատնեշվում:

Այսօր եւս երկու հակաժողովրդավարական քայլ կանի ՔՊ-ն` Սեւանից 70 միլիոն խորանարդ մետր ջրառի որոշում կկայացնի, մինչդեռ ժամանակին ասում էին՝ երբեք Սեւանի մակարդակն այսքան բարձր չի եղել: Եվ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ` իրենց ուզած ծանր հանցագործներին ներում կշնորհեն, չնայած իրավաբանները զգուշացրել են դրա կործանարար հետեւանքների մասին: