«Հրապարակ». Դավադիրների եռյակը

«Հրապարակ». Դավադիրների եռյակը

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում: Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ՄԻՊ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է, թե ինչ թեմաներ գտնեն Թագուհի Թովմասյանի վրա, որ հնարավոր լինի զրկել նրան պաշտոնից: Քանի որ միայն Էդգար Ղազարյանին խոսելու իրավունքից չզրկելը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՄԻՊ հանձնաժողովի նախագահին պաշտոնազրկելու համար, փնտրել են այլ պատճառներ: Վլադիմիր Վարդանյանը հուշել է, որ խորհրդի նիստերից բացակայությունը կարող են հիմնավորման մեջ նշել:

Այսինքն՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում շահագրգռված է խմբակցությունից առնվազն 3 հոգի. Արթուր Հովհաննիսյանը, ում մասնակցությամբ ՄԻՊ ընտրության հանձնաժողովի նիստը սկանդալի վերածվեց, Անդրանիկ Քոչարյանը, ով իրականում պայքարում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն իր հանձնաժողովից արտահոսքեր է ապահովում, եւ Ռուստամ Բաքոյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է եւ, ասում են, աչք ունի Թովմասյանի աշխատասենյակի ու ծառայողական ավտոմեքենայի վրա: