Փաշինյանի մոտ երկու ժամից հանդիպում է կայանալու

Փաշինյանի մոտ երկու ժամից հանդիպում է կայանալու

Այսօր՝ ժամը 15:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կհանդիպի արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Երկու ամիս տեւած դադարից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին որոշել է հանդիպել արտախորհրդարանական ուժերին: 

Դեռ ամիսներ առաջ Փաշինյանը նշել էր, թե պայմանավորվածության համաձայն, բացի յուրաքանչյուր ամիս անցկացվող խորհրդակցական ժողովի նիստերից, նման հանդիպումներն ունենալու են պարբերական բնույթ: 

Հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ այսօր հրավիրել են իրենց, սակայն նշեց, որ տեղյակ չեն, թե հանդիպման օրակարգում ինչ հարցեր են լինելու: Ասաց` հավանաբար Արցախի հարցը կքննարկվի: Մեր այն հարցին, թե ի՞նչ առաջարկներ ունեք Փաշինյանին, Տիգրան Խզմալյանն ասաց, որ արդեն 2 տարի է իրենց առաջարկները վերաբերում են եվրոինտեգրմանը: