Այս պահին կարեւոր է միջազգային հանրության գործնական միջամտությունը․ արձագանք՝ Լիբանանից

Այս պահին կարեւոր է միջազգային հանրության գործնական միջամտությունը․ արձագանք՝ Լիբանանից

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին, ժամը 13։00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, այդ թվում՝ Ստեփանակերտի եւ Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, ԼՂ-ում երկու զոհերից մեկը երեխա է, կա 13 վիրավոր։

Ադրբեջանական վերջին ագրեսիան՝ ԼՂ խաղաղ բնակչության դեմ, դատապարտել եւ ռազմական գործողությունները դադարեցնելու անհապաղ կոչ են արել Ֆրանսիան ու Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել՝ դադարեցնել արյունահեղությունն ու վերադառնալ դիվանագիտական երկխոսության։ Ի՞նչ արձագանքներ կան Լիբանանում, ի՞նչ մտահոգություններ եւ քայլեր ունեն այնտեղ ապրող մեր հայրենակիցները։ «Հրապարակ»-ի զրուցակիցն «Արարատ» օրաթերթի (հիմնադրվել է 1937թ․) գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանն է։

- Արդյոք Լիբանանի պաշտոնական կամ հանրային շրջանակներում արձագանք կա՞ երեկ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։

 - Լիբանանահայ գաղութի մեջ տակավին պաշտոնական արձագանք չկա, բայց համայնքը շատ մտահոգ է իրավիճակով, եւ պաշտոնական հայտարարություններ, վստահ եմ, կլինեն։

- Ի՞նչ են մտադիր անել լիբանանահայերն ադրբեջանական նոր ագրեսիայի հետ կապված՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի։

 - Ինչպես ամբողջ սփյուռքի մեջ, Լիբանանի մեջ նույնպես բոլորս մեծ մտահոգությամբ ենք հետեւում Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետ կապված զարգացումներին: 2020-ի պատերազմից ի վեր մշտապես առկա է այն մտավախությունը, որ Ադրբեջանը կդիմի սադրանքների, ընդ որում՝ հասնելով լայնածավալ հարձակման ու պատերազմական գործողությունների: Մեզ համար լրջագույն մտահոգություն են այս իրադարձությունները, երբ Արցախը եւ անմեղ արցախցիներն են թիրախավորվում, երբ տակավին մեր հողը չի չորացել հայ նահատակների թափած արյունից։

- Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է կանխել նոր ցեղասպանությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։

- Այս պահին մեզ համար կարեւոր են միջազգային հանրության գործնական արձագանքը եւ կանխարգելիչ միջամտությունը, որը, սակայն, չկարողացավ զսպել ադրբեջանական հարձակողական եւ անմարդկային նկրտումները: ՄԱԿ-ի բանաձեւի բացակայությունն էլ դարձավ կանաչ լույս Բաքվի ռազմական գործողությունների կրկնության համար։ Մենք նախկինում էլ, հիմա էլ՝ միշտ հորդորել ենք՝ միասնական լինել, մեր պետականությունը պաշտպանել, այս փորձությանը դիմադրել՝ վանելով ներքին խռովությունները:

Արա Ալոյան