«Հրապարակ». Երեւանի ավագանին չպետք է նման լինի այսօրվա խորհրդարանին 

«Հրապարակ». Երեւանի ավագանին չպետք է նման լինի այսօրվա խորհրդարանին 

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա քվեարկություն: Սեպտեմբերի 16-ը լռության օր է` մասնակցող ուժերն այդ օրը «ընդհատակ կանցնեն»` երեւանցուն հնարավորություն տալով, որ իր մտքերն ի մի բերի: Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 14 ուժը 40 օր քայլեցին Երեւանի փողոցներով, բակերով, տվեցին ամենաանիրատեսական խոստումները, ստեցին ու սպառնացին, խնդրեցին ու համոզեցին: Մարդիկ նրանց լսեցին թերահավատությամբ, ծաղրեցին, պաստառներ պատռեցին, հայհոյանքներ գրեցին, Ֆեյսբուքում սեւ փիառ արեցին եւ «տապոռային» քարոզչություն: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ տրամադրություններով են ավարտում ուժերը քարոզարշավը, ինչ հույսեր ու ծրագրեր ունեն:

«Ապրելու երկիր» կուսակցության շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը նախընտրական քարոզարշավը համարում է կայացած, իրենք հասցրել են շրջել քաղաքում ավելի քան 2 անգամ. «Արդյունավետ քարոզարշավ էր, անգամ բոլոր թաղամասերում հասցրել ենք լինել այս օրերին շուրջ երկու անգամ: Հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ: Վարչական շրջաններում լոկալ թիմեր ունենք, որոնք բնակիչների հետ ամեն օր շփումների մեջ են եղել: Մեր ծրագիրը գրված էր բնակիչների հետ շփումների հիման վրա, հետեւաբար՝ քարոզարշավի ընթացքում մենք արձանագրեցինք, թե ինչ խնդիրներ ունեն երեւանցիները: Մենք բոլորն արձանագրել ենք, ներկայացրել դրանց լուծման հստակ ծրագրերը՝ հստակ ժամկետներով: Հույս ունենք, որ կարժանանանք երեւանցիների վստահությանը»: Նա կարծում է, որ այսօրվա պայքարը թե՛ քաղաքային է եւ թե՛ քաղաքական. «Կուսակցությունները քաղաքական են, սակայն Երեւանը, մայրաքաղաք լինելով, ունի հսկայական խնդիրներ, կառավարման անհրաժեշտություն: Տարիներ շարունակ խնդիրներ են կուտակվել Երեւանում, որոնց վերաբերյալ մենք հստակ մեր ծրագրերն ենք ներկայացրել: Այս ընտրությունները շատ կարեւոր են մեզ համար, որովհետեւ մենք տեսնում ենք իշխանափոխությունն այս ընտրությունների միջոցով: Այն մարտահրավերները, որ այսօր ծառացել են մեր երկրի առջեւ, գործող իշխանությունները ոչ միայն լուծել չեն կարողանում, այլեւ խորացնում են դրանք: Հասարակության համար այսօր գերակշռում է քաղաքական օրակարգը, սակայն հաշվի առնելով, որ ամեն ընտրող կարող է ընտրությունների մասին իր ընկալումներն ունենալ, մենք ներկայացրել ենք թե՛ քաղաքային եւ թե՛ քաղաքական ծրագրեր»: Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ ընտրակեղծարարություն չլինի, մեր զրուցակիցը նշեց. «Մեր վստահված անձինք լինելու են բոլոր ընտրատեղամասերում: ՔՊ-ի վարչական ռեսուրսի դեմ պայքարի փորձն ունեցել ենք մարզերում, ուստի մեր ձայներին տեր ենք կանգնելու: Երեւանցիներին վստահեցնում եմ, որ ցանկացած ձայն արտացոլվելու է ընտրությունների արդյունքների վրա, ուստի բոլոր երեւանցիներին կոչ եմ անում՝ մասնակցել ընտրություններին եւ ընտրել հենց մեզ: Մնացածն արդեն մենք գիտենք: Իշխանությունների պահվածքն այնքան բաց է, որ իրենց չարաշահումներն ու վարչական ռեսուրսների կիրառումը չեն էլ փորձում թաքցնել, բայց մենք չենք զարմանում: Մեզ համար դա անակնկալ չէ»: 

Երեւանում լինելու է ավելի քան 475 ընտրատեղամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ է կարծում, որ հիմնական ուղերձներն այս ընթացքում հասցրել են երեւանցիներին. «Մեր ուղերձներն այս ընթացքում, ըստ էության, տեղ են հասել, գուցե ոչ բոլոր ծրագրերը, սակայն առանցքային երկուսը հասել են երեւանցիներին. համատիրությունների եւ սեփական տների խնդիր` սրանք այսօր ամենակարեւորն են: Երեւանցիներին իրազեկել ենք դրանց հետ կապված ամեն բան: Ինչ վերաբերում է տպավորություններին, կարծում եմ, որ մասնակցությունը կլինի ցածր, որովհետեւ կա ընդհանուր լարվածություն` քաղաքական ուժերի միջեւ, որն էլ առաջացնում է հանրության անտարբերությունը»: Խաժակյանն այս ընտրությունները համարում է քաղաքային եւ քաղաքական պայքարի հիբրիդ. «Կան շատ կարեւոր քաղաքային ծրագրեր, որոնք հնչեցրել ենք, կա նաեւ քաղաքական կոնտեքստ, որը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Այդ մասին եւս խոսել ենք: Եթե այսօրվա խորհրդարանի պատկերից դասեր քաղել ենք, որտեղ կա մեծամասնությունից կազմված իշխող ուժ եւ երկու ընդդիմադիր ֆրակցիաներ, որոնք ամեն բան անում են` իրենց պարտականություններից բացի, ապա Երեւանի ավագանին չպետք է նման լինի այսօրվա խորհրդարանին»: Իսկ ի՞նչ է ուզում այսօր երեւանցին։ «Երեւանցին այսօր ուզում է լուծել համատիրությունների խնդիրը, նաեւ ցանկանում է բեռնաթափված տեսնել քաղաքը, ինչպես նաեւ սեփական տների հարցն օրինականացված տեսնել»: 

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը քարոզարշավի ընթացքում մի մտահոգիչ փաստ է արձանագրել` հատկապես երիտասարդների մոտ կուսակցություններն ու քաղաքական ուժերը վստահություն չեն ներշնչում: Նա կարծում է, որ քվեարկությանը մեծ թվով մարդիկ չեն մասնակցի, որովհետեւ հիասթափված են: Իհարկե` պետք է այնպես անել, որ երեւանցին անպայման մասնակցի ընտրություններին, սակայն ոչ թե մարդկանց վրա պետք է ճնշում գործադրել, վախեցնել, այլ՝ խրախուսել, օրինակ, առաջարկել, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիներն ազատվեն որոշ հարկերից, կամ գոնե կրճատել դրանք. «Քարոզարշավի ընթացքից չեմ դժգոհում, երեւանցու ցանկությունները շատ տարբեր են՝ կախված վարչական շրջանից ու կրթական ցենզից, անգամ՝ տարիքից: Հատկապես երիտասարդները մտածում են, որ քաղաքականությունն ինչ-որ կեղտոտ խաղ է, եւ չեն ցանկանում դրա մասնակիցը դառնալ: Դա շատ վատ է, պետությունն այդ հարցում, կարծում եմ, մեծ անելիք ունի: Վերջին տարիների իրադարձություններն են հասարակությանն այս աստիճան հիասթափեցրել, կարծում եմ` անկապ բաների վրա միլիոններ ծախսելու փոխարեն պետությունը պետք է մարդկանց լսի մշտապես, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն: Պետք է այնպես անել, որ գոնե երեւանցին ճանաչի տարբեր կուսակցություններին ու գաղափարները: Ես պետությանն առաջարկում եմ՝ այնպիսի ծրագիր մշակել, որ ամեն քաղաքացի ընտրություններին գնա, սակայն դա լինի խրախուսման մեթոդով, այլ ոչ թե վախեցնելու կամ պարտադրելու»: 

Հայկ Մարությանի ցուցակի երրորդ համար Իզաբելլա Աբգարյանն էլ կարծում է, որ այս քարոզարշավը տարբերվում էր բոլոր մնացյալից, քանի օր երկրում իրավիճակը միանգամայն այլ է: «Ես համարում եմ, որ այս քարոզարշավն անցավ բավականին բարդ պայմաններում, մենք էլ մեր հերթին փորձել ենք հնարավորինս համեստ լինել այս ողջ ընթացքում՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Արցախում եւ Հայաստանի սահմաններում: Եթե իրավիճակն այլ լիներ, բնականաբար, շատ ավելի նպաստավոր կլիներ քարոզարշավը: Մենք փորձել ենք շփումներ ունենալ երեւանցիների հետ, եւ կարող եմ ասել, որ երեւանցին ունի 3 հիմնական մտահոգություն. պետության անվտանգություն` մարդիկ վախ ունեն ապագայի հանդեպ, գնաճ` ամեն ինչ թանկացել է, եւ, վերջապես, խնդիրներ, որոնք վերաբերում են բակերին: Ամեն քաղաքացի ներկայացնում էր իր բակի խնդիրը: Ամենամեծ մտահոգությունը, որ ինձ մոտ առաջացավ այս ընթացքում, այն է, որ մարդիկ վախենում են տեսախցիկի առջեւ արտահայտել իրենց վստահությունն ու աջակցությունը: Մեզ խնդրում են անջատել տեսախցիկը եւ նոր միայն հայտնում են իրենց աջակցությունը: Նման իրավիճակ ես հիշում եմ 2013 թվականին, երբ շրջում էի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ցավոք, այդ երեւույթները շարունակվում են, եւ, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ, որ իշխող ուժն իր հույսն ամբողջությամբ դրել է վարչական լծակների վրա: Նրանց քարոզարշավին մասնակցում են քաղաքապետարանի վարչության պետեր, թաղապետարանի աշխատակիցներ, պետական կառույցների ներկայացուցիչներ եւ այլն: Դա շատ մտահոգիչ է»,- ասում է Աբգարյանը: Ինչպե՞ս եք վերահսկելու ընտրության պրոցեսը, որ կեղծիքներ չլինեն։ «Ընտրություններին մասնակցելու է 14 ուժ: Կան ուժեր, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, ուստի նրանց վրա հույս դնել չի կարելի: Վստահ եմ, որ բոլոր իրական ընդդիմադիր ուժերը փորձելու են ձայները վերահսկել ոչ միայն ընտրատարածքի ներսում, այլեւ դրանից դուրս, որպեսզի իշխանությունն այլ միջոցների չդիմի: Մենք աշխատում ենք վստահված անձերի հետ եւ պատրաստվում ենք թեկնածուներով մասնակցել ձայների հաշվարկի ընթացքին: Մենք այդ իրավունքն ունենք»,- եզրափակեց Աբգարյանը: