Հիշեք` ընտրությունը գաղտնի է
Ծանր ժամանակներ են, ոչ մի բանի սիրտ ու հավես չկա, առավել եւս` ընտրությունների: Նաեւ դրանով է պայմանավորված, որ այս անգամ նախընտրական փուլը պասիվ է, թեեւ ակտիվ զանգվածը սովորաբար այս փուլերում ակտիվանում է եւ ինչ-որ փոփոխության շանս տեսնում: Պասիվ են անգամ լրագրողները, որոնց աշխատանքն այս շրջանում կարեւորվում է, եւ նրանց միջոցով է հանրությունը կողմնորոշվում, թե ում ընտրի: Եվ Երեւանը, որն ավելին է, քան մայրաքաղաքը, եւ որի ղեկավարը երկրի երկրորդ կամ երրորդ մարդն է` ըստ ունեցած կշռի, միշտ մեծ ուշադրություն է իր վրա բեւեռում, ու նախընտրական փուլում այստեղ միշտ բուռն կրքեր են փոթորկվում:
Անգամ այն ժամանակներում, երբ ընտրությունների արդարության հանդեպ մենք ոչ մի վստահություն չունեինք, նախընտրական փուլն ուղեկցվում էր աժիոտաժով, իրարանցմամբ, մարդիկ քննարկում էին, թե ում ընտրեն, ակտիվացնում-ուղղորդում էին ընտրողներին: Այս տարի չկա նախկին էնտուզիազմը, եւ դա պայմանավորված է մեր երկրի ծանր կացությամբ, իշխանությունների գործած սխալներով, մեր պետականության երերուն վիճակով: Ամեն դեպքում, արձանագրենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավարտվեց առանց լուրջ էքսցեսների, հուսանք` քվեարկության օրն էլ միջադեպեր չեն լինի: 14 քաղաքական ուժ` տարբեր ակտիվությամբ ու հաջողությամբ, քարոզարշավ արեց, եւ այսօր վերջին օրն է, երբ քարոզարշավը դեռ թույլատրելի է:
Ի՞նչ կարելի է ասել երեւանցի ընտրողին. անպայման գնացեք ընտրության եւ իրացրեք ձեր քաղաքացիական պարտքը, անկախ նրանից՝ ունեք ֆավորիտ, թե ոչ: Հետեւեք, որ ձեր ընտրատեղամասում խախտումներ չլինեն: Ընտրեք բացառապես ձեր խղճով, հիշեք` ընտրությունը գաղտնի է: Ինքս ընտրելու եմ Մանե Թանդիլյանին` գուցե կանացի սոլիդարությունից ելնելով:
Կարծիքներ