Արեն Դեյիրմենջյան․ Որտեղ հայ կա, այնտեղ իր կողքին է Ավետարանչականը․․․

Արեն Դեյիրմենջյան․ Որտեղ հայ կա, այնտեղ իր կողքին է Ավետարանչականը․․․

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենի կարծիքով, եթե հայերը վերակազմավորվեն և միավորվեն, կհաղթահարեն ցանկացած արհավիրք

Հարցազրույցը՝ ՀՀ վաստավոր լրագրող Գուրգեն Խաժակյանի

-Հարգելի պարոն Դեյիրմենջյա՛ն, կարո՞ղ եք պատմել Ձեր ընտանիքի, արմատների, կրթության, անցած ուղու մասին։

-Ծնվել եմ Բեյրութում 1990թ․, ավետարանական հոր և առաքելական մոր ընտանիքում։ Երջանկահիշատակ պապս եղել է պղնձագործ, հայրիկս շարունակել է իր գործը, լայնացնելով և զարգացնելով այն` արդեն տարբեր մետաղների առումով, դե ես էլ օգնել և մինչ այսօր էլ օգնում եմ իրեն, ինչպես կարողացել և կարողանում եմ․․․Ցանկանում եմ մեր ընտանիքի պատմությունից, ժառանգությունից շատ հեռու չմնալ․․․

Ավարտել եմ Բեյրութի Ամերիկյան համալսարանը, հետո երկու տարով մեկնել եմ Շվեյցարիա, որտեղ ստացել եմ MBA մագիստրոսի աստիճանը։

․․․28 տարեկանում իմ մեջ մի բան արթնացավ, որ ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել իմ կյանքում: Որոշեցի, որ բիզնեսից դուրս ունեմ այլ բան տալու: Մանավանդ, որ հայրս ճնշման տակ ինձ չէր դնում, պնդեր, որ իր գործը պետք է շարունակեմ: Հայրս ասաց, որ ես ազատ եմ, որի համար ես շատ շնորհակալ եմ իրենից: Երբ որոշեցի, որ ժամանակն է դուրս գալ բիզնեսից, դա զուգադիպեց նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի փնտրտուքին, և երբ 2019 թվ.-ին Բեյրութում հանդիպեցինք, պարոն Խանջյանն ինձ առաջարկեց երկու տարի փորձաշրջանով գալ Հայաստան: Այդ երկու տարին դարձավ երեք տարի: 
Այստեղի գործերի մեծ մասն անցել էր իմ հսկողության տակ, հմտացել եմ մեր գործում:

2022 թ․ սեպտեմբերի 1-ից ստանձնել եմ ԱՀԱԸ գործադիր տնօրենի պաշտոնը:

 - Արցախում եղե՞լ եք:

-Հայկական աշխարհում գրեթե ամեն տեղ գրասենյակներ ունենք, և, իհարկե, հերոսական Արցախում։ 

-Քանի որ ծրագրերին արդեն լավագույնս ծանոթ եք, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, խոսեք, խնդրեմ, ԱՀԱԸ մոտակա ծրագրերի մասին: 
(․․․Սակայն մինչ այդ կցանյանայի հասկանալ, թե այսօրվա դժվարագույն իրավիճակում, երբ հասկանալի պատճառներով շատ-շատերը խուսափում են Արցախում ներդրումներ անել, Ավետարանչական Ընկերակցությունը ո՛չ միայն շարունակում է իր ծրագրերը, այլ ծավալում  նորերը․․․
․․․Չգիտե՛մ, իրավունք ունեմ ասելու, որ մի քանի հանդիպումից հետո մեծարգո պարոն Խանջյանի հետ, նաև՝ ուսումնասիրելով իր կենսագրությունը, իր վերաբերյալ խոնարհիս մոտ ձևավորվեց այն տպավորությունը, որ նա լուրջ, վաղուց կայացած ամերիկյան տիպի բիզնեսմեն է, ով մշտապես հաշվարկում է ռիսկերը․․․)

-Պարոն Խանջյանի հավատամքն այն է, որ ինչ-ինչ քաղաքական իրավիճակներ չպետք է ազդեն մեր գործունեության վրա, որտեղ հայ կա, կարիքի մեջ է, քաջալերման խնդիր կա, մենք պիտի կողքին կանգնենք․․․ 
Ինչպես վերը արդարացիորեն նշեցիք, Զավեն Խանջյանը լավ գիտակցում է բոլոր ռիսկերը, ես էլ՝ որպես այստեղի պաշտոնյա, պարտավոր եմ երբեմն իրեն հարցնել․ արդյոք պատրա՞ստ ենք Արցախում այս կամ այն նոր ծրագիր սկսել․․․ 
Նրա պատասխանը հետևալն է․ հայեր կան Արցախում, ուստի մենք իրենց կողքը պիտի կանգնե՛նք:  
Գիտե՛ք, ինչ-ինչ կազմակերպություններ, մարդիկ կան, ովքեր ամպագոռգոռ հայտարարություներ են անում, գովազդում, ծախսելով բառացիորեն կոպեկներ, սակայն, այո՛, փաստն այն է, որ այսօր հայկական երկրորդ հանրապետությունում ամենամեծ ներդրումներ անողը մեր կազմակերպությունն է․․․Եվ սա պետք է իմանա հայ ժողովուրդը։

-Եթե չեմ սխալվում, ձեր կազմակերպությունը նաև օգնել է վերակառուցել Ադրբեջան ագրեսորի կողմից ռմբակոծված Արցախի բնակելի տները․․․

-Այո՛, արդեն քսան տուն վերակառուցել ենք Արցախում, մասնավորապես՝ Մարտունիում, Ստեփանակերտում, և այժմ էլ կառուցում ենք վեց նոր տուն՝ Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ գյուղում, որպեսզի արցախցի վեց ընտանիք վերադառնա Հայաստանից այնտեղ։
․․․Հայաստանում այսօր մոտ 15-20 հազար արցախցի կա, դրանց մի մասը արդեն տեղավորվել են այստեղ, սակայն իրենց մի ստվար մասն էլ ցանկանում է վերադարնալ Արցախ; կապը իրենց հետ պահում ենք․․․

-․․․Ակամայից աչքիս առաջ եկավ տեսարանը, թե 44-օրյա պատերազմի օրերին ինչպես էին ավտոբուսները բերում Ավետարանչական Ընկերակցության գլխամասի դուռը՝ Բաղրամյան, 18 փախստականներին, ուր իրենց ապաստարան էին տալիս, ապահովում տաք սնունդով, հագուստ-կոշիկով, գումարով, երեխաներին էլ՝ դասագրքերով․․․

 - ․․․Արցախի կառավարությունը մի նոր մանկապարտեզ կառուցելու համար մեզ շենք նվիրեց՝ մի նախկին հյուրանոց։ Լավագույն ճարտարապետ մասնագետներ Հայաստանից վարձեցինք, «Ստորակետ» ընկերությունը, որը, կարծում եմ, Հայաստանի լավագույն ընկերություններից է: Այն վերաձևավորեց այդ շենքը, և հիմա արդեն շինարարական՝ ներքին հարդարման աշխատանքները սկսված են։ Արցախում հիմա ունենք իննսուն աշխատակից; այս թվի մեջ պետք է ներառել Շուշիի մեր աշխատակիցներին։ Ներկայումս ունենք․ Մարդակերտում՝ մանկապարտեզ, Ասկերանում՝ մանկապարտեզ և «Շող» ցերեկային կենտրոն, Ստեփանակերտում՝ մանկապարտեզ և «Շող»։
Սակայն Արցախում պետք է կրկնապատկենք մեր ջանքերը․․․ Մենք կազմակերպել ենք Հայաստանից մոտ երկու հազար երեխաների` 3-18 տարեկան հովհանավորումը տարբեր սփյուռքահայ ընտանիքների կողմից՝ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլն, և այդ կապը շարունակական բնույթ է կրում։
Անապահով ընտանիքի, երբեմն՝ որբ երեխաներ են․․․Ավելորդ է թվում նշելը, որ այդ երեխաները օգտվում են նաև մեր ծրագրերից։
Նոր ծրագրերից մեկն էլ այն է, որ Լորիում ներդրումներ ենք անում կաթի, պանրի արտադրության զարգացման մեջ՝ ո՛չ թե փողով, այլ խորհրդատվությամբ, բիզնես առիթներ ստեղծելով իրենց համար։ Դա անում ենք համագործակցությամբ «Հայաստանի երեխաներ հիմնադրամ»-ի (Children of Armenia, COAF) հետ։ Մոտավոր 200 ընտանիքի նյութական վիճակը կբարելավվի այս ծրագրի շնորհիվ․ մոտ 500 կով արհեստականորեն կբեղմնավորվի, և այլն․․․ 
Առանց կեղծ համեստության նշեմ, որ սույն ծրագրի, որի արժողությունն է մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար՝ հինգ տարվա համար, նախաձեռնողը Ձեր խոնարհ ծառան է։ Նպատակն այն է, որ Հայաստանի հեռավոր մարզերում, մանավանդ՝ սահմանամերձ, քաջալերենք բնակչությանն առ այն, որ իրենք մենակ չեն, մեր կողմից մոռացված և լքված չեն, և որ իրենք էլ չլքեն իրենց գյուղերը։ ․
ԱՀԱԸ «Ավետիսյան» դպրոցի մասին արդեն գիտեք; տարեկան դասարաններ ենք ավելացնում, և հիմա արդեն մոտ 700 աշակերտ կա այնտեղ։ 
Հայաստանում չորս «Շող» կենտրոն կա; վերջերս էլ մեկը բացեցինք Ստեփանավան քաղաքում, այն դարձավ մեր վեցերորդ կենտրոնը Հայաստանում և Արցախում։ Երևանում նույնպես մեծ ծրագրեր ունենք: 
Ծրագիր ունենք, որի մասին վերջնականապես չեմ կարող խոսել, բայց ասեմ հետևյալը: Համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ տարածք վերցնելու համար, որտեղ մենք պետք է նախ պատրաստենք նոր ուսումնական կենտրոն/մանկապարտեզ՝ 200 հոգու համար, և այն նվիրելու ենք կառավարությանը/հայ ժողովրդին: Փոխարենը մենք ստանալու ենք հատուկ պայմաններ, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն իրականացնել։
Օգտվելով այս առիթից, կցանկանայի նշել՝ որպեսզի խուսափենք մեր ժողովրդի մեջ տարածվող ինչ-ինչ թյուրըմբռնումներից, որ Հայ Ավետարանական Եկեղեցին գրեթե երկու հարյուր տարվա պատմություն ունի, հանդիսանալով, կարելի է ասել, Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցի։

- ․․․Ներեցեք ընդհատելու համար, սակայն չե՞ք կարծում արդյոք, որ պարզ հայաստանցի մարդը, գործնականում, մեծ դժվարությամբ կզատի իրարից Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և Հայ Ավետարանական Եկեղեցին։ Բացի այդ էլ, մեր համաքաղաքացիներից քչերը ընդհանրապես գիտեն Եկեղեցու/Ընկերակցության մասին․․․

- Իրավացի եք․․․Ավետարականությունը/Protestantism-ը բավականին տարածված է աշխարհում՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ում, հետո՝ Գերմանիայում, մի շարք այլ երկրներում, սակայն մեր պաշտելի Հայրենիքում, այսպես ասած՝ դրա հողի վրա, դեռ անելիքներ ունենք շատ այս առումով, մանավանդ որ այստեղ, ասենք այսպես՝ գերիշխում է Հայ Առաքելական Եկեղեցին․․․
․․Անշուշտ, մենք կշարունակենք մեր ծրագրերը: 
Օրինակ, Տավուշի մարզի սահմանամերձ գոտում, Բերդ քաղաքում կառուցեցինք շենք, որը կունենա երկու գործառույթ․նախ՝ բարեգործական ճաշարան անօգնական տարեցների համար, երկրորդ՝ ցերեկային կենտրոն, որը պետք է ժամանակի ընթացքում վերածենք արդեն լիարժեք «Շող» կենտրոնի։ Այդտեղ համագործակցում ենք “Mission Possible” հոլանդական կազմակերպության հետ։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի՝ ռազմավարական առումով՝ բնակիչները չզգան, որ այնտեղ լքված են, և մնան իրենց բնակավայրերում։
Ունենք կենտրոններ, որտեղ ժողովուրդը հավաքվում է, բիզնես – պլաններ  պատրաստում ու մեզ են ներկայացնում: 
Զորօրինակ, ունենք կենտրոն Սիսիանի մոտ գտնվող Շաղատ գյուղում, որտեղ մարդիկ ուզում են դառնալ վարսավիր, մատնահարդար և այլն, կարելի է ասել, բիզնես start-up-ների մեջ ներդրումներ ենք անում՝ թրեյնինգների, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու ձևով։
Նմանատիպ մյուս կենտրոն ունենք Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղում, նաև՝ Վարդենիսի մոտակայքում գտնվող Մեծ Մասրիկ գյուղում, որը շատ էր տուժել թշնամու ռմբակոծումներից 44-օրյա պատերազմի օրերին։ 
Օգնում ենք մարդկանց, որ աշխատանք ունենան իրենց իսկ բնակավայրերում, այլ ո՛չ թե գան դրա համար, ասենք, Երևան։
․․․Հայաստանի համար հեշտ շրջան չէ: Պատերազմում կռվելու հին ձևերն այլևս չեն գործում, պետք է միասին մտածենք նոր ձևերի մասին, վերակազմավորվենք ինքներս և վերակազմավորենք բանակը, տնտեսությունը, ամեն ինչ․․․
Միշտ առիթ ունենք նորից փորձելու, վաղվա օրն ապրելու, դա որոշակի է, պետք է չհուսահատվենք ու միշտ նորից սկսենք, ու ես հավատում եմ մեր կազմակերպությանը և Հայաստանին: 
Սկսենք նոր ուժով, և դա մեզ պետք է քաջալերի շարունակել փորձել այս երկիրը դնել ճիշտ ուղու վրա, եթե բոլորս հավատանք մեր ուժին, վերակազմակերպենք ինքներս մեզ, միավորվենք, և Ատծո օգնությամբ Հայաստանը կհաղթահարի որևէ՛ դժվարություն։