Արևշատը հիմա դարձել է թրքաշատ, միայն Մարատն ու Ղարիբն են մնացել գյուղում...

Արևշատը հիմա դարձել է թրքաշատ, միայն Մարատն ու Ղարիբն են մնացել գյուղում...

Աշխատում էի Արևշատի հիմնական դպրոցում (Հադրութի շրջան)...

Այսօրվա պես հիշում եմ թե ինչպիսի խանդավառությամբ էր աշակերտական կոլեկտիվը նշում Հայոց Բանակի և Հայ Զինվորի տոնը...

Դահլիճ չուներ դպրոցը, բայց դա չէր խանգարում, որպեսզի առաջին կամ երկրորդ հարկի միջանցքում տեղադրվեր Եռագույնը, պատից փակցվեր հերոսների մասին պատմող պաստառը, ի դեպ դպրոցը կրում էր արևշատցի Մարատ Զաքարյանի անունը, ով Արցախյան առաջին պատերազմում էր ընկել, ում քույրը նույնպես աշխատում էր դպրոցում։ Այդ օրը ամենաշատը նա էր հուզվում...

Այնուհետև շարք էին կանգնում աշակերտները։

Տնօրենի` տիկին Բադալյանի շնորհավորական ուղերձին հաջորդում էր համայնքապետի մաղթանքը, այնուհետև խոսքը փոխանցվում էր դպրոցին կցված` N զորամասի ներկայացուցչին , ով հպարտությամբ պատմում էր հայկական բանակի ձեռքբերումներից...

Տղաները հագնում էին զինվորական համազգեստ, աղջիկները` պարտադիր զինվորական գլխարկ էին կրում` արձակած մազերով...

Ու մեկը մյուսի հետևից սկսում էին արտասանել։

Գևորգ և Կորյուն Զաքարյանները, ովքեր նմանատիպ միջոցառումները զարդարում էին իրենց քաղցրաձայն երգերով, մի քայլ առաջ էին գալիս, վերցնում խոսափողը և դպրոցը, օդն ու Արևշատը թնդում էին նրանց զիլ ձայնից...

Դպրոցին կից փոքրիկ հուշարձան կար, պարտադիր ծաղիկ էին խոնարհում բոլոր հիշարժան օրերին...

Ապրիլյան քառօրյայի ժամանակ գյուղից անմահացավ հետախույզ Ղարիբ Սահակյանը։

Նրան էլ էին պարտադիր հիշում ու մեծարում 2016 թվականից ի վեր...

Ես այսպես եմ հիշում Բանակի օրվան նվիրված տոնակատարությունը։

Այդ երանելի ժամանակներից տարիներ են անցել (2012-2016թթ)։

Արևշատը հիմա դարձել է թրքաշատ...

Զաքարյան եղբայրներն ընկել են 44 օրյա պատերազմի ժամանակ...

Միայն Մարատն ու Ղարիբն են մնացել գյուղում...

Այսքանից հետո նույնիսկ չգիտեմ էլ ում և ինչու շնորհավորեմ...

Բայց հայի կերտվելիք հաղթանակների և ուժեղ բանակ ունենալու հույսով` ասում եմ.

-Ոտքի կանգնիր հայ զինվոր...

Դու ես քո պետության միակ պահանջատերը...

#Տոնդ_շնորհավոր

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախի Տող գյուղի ուսուցչուհի, էքսկուրսավար