Մեծ Պահքի ժամանակ մենք մեզ դիտում ենք մեր խղճի հայելու առաջ․ Գարեգին Ա

Մեծ Պահքի ժամանակ մենք մեզ դիտում ենք մեր խղճի հայելու առաջ․ Գարեգին Ա

Փետրվարի 12-ից Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում է Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը։ Ներկայացնում ենք Գարեգին Ա կաթողիկոսի պատգամներից մի հատված.

• Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու շրջան չէ, այլ ներքին հոգեկան վերափոխության, ինքնարդարացումի, ինքնասրբագրման, ինքնաբյուրեղացման մի սքանչելի առիթ: Բոլոր շարականները, աղոթքները մեր Եկեղեցում մարդուն ուղղում են դեպի իր ներքին աշխարհը: Մենք առհասարակ մեր սովորական կյանքում բացվում ենք դեպի ուրիշը, դեպի արտաքին աշխարհը: Քիչ անգամ առիթ ենք ունենում մենք մեզ հետ զրույցի նստելու:

• Մեծ Պահքի շրջանը այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ, որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

• Մեծ Պահքը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու հարց չէ: Մեծ Պահքը ուտել–չուտելու հետ կապված հարց չէ: Եկեղեցին մեր ուտելիքով չէ, որ կզբաղվի: Եթե որոշ կանոններ են սահմանվել, և ճիշտ են արել մեր հայրերը, դրանք նրա համար են եղել, որ մենք խուսափենք այնպիսի կերակուրներից, այնպիսի խրախճանքներից, այնպիսի հաճոյապաշտական բարքերից և սովորություններից, որոնք մեզ մոլորեցնում են: Այդ հրաժարումը առիթ է տալիս մեզ, որ մենք նայենք մեր հոգեկա՛ն աշխարհին:

• Դա նպատակ չէ, դա միջոց է մեր նպատակին հասնելու: Բուն նպատակը Մեծ Պահքին մեր հոգեկան բյուրեղացումն է, մաքրումը մեր անձին, հարազատացումը մեր սեփական աստվածատիպ ինքնությանը, որ աղարտվել է հաճախ և աղարտվում է միշտ մեր մեղանչական բնությանը բերումով իբրև մարդ: 

• Կոչ եմ անում մեր ժողովրդին, որպեսզի Մեծ Պահքի շրջանին ոչ թե միայն իրենք իրենց մասին մտածեն, յուրաքանչյուրը իր մասին, այլ նաև ծառայության մասին, ուրիշին բարիք գործելու մասին:

• Մեծ Պահքի ընթացքում առաքինությունները, բարոյական այն արժանիքները, որ մարդ էակը կբարձրացնեն՝ պետք է տարածվեն ժողովրդի մեջ: Ձեզ մի օրինակ տամ. եթե Պահոց շրջանին դուք կարենաք մի տկար անձի օգնել, մի տարեց ծեր անձի գետնից վեր բարձրացնել, մի հիվանդին, մի որբին, մի աշակերտին օգտակար լինել՝ դա Մեծ Պահքին հավատարիմ գտնվելու լավագույն ձևերից մեկն է, որովհետև ուրիշին բարիք ընծայելը, ուրիշին երջանկություն ընծայելը ինքն իրեն համար նաև, իր սեփական երջանկությունը բազմապատկել կնշանակի: Եթե բարիքը մեր մեջ պահենք, ամբողջականորեն և հարազատորեն քրիստոնյա չենք լինի: