Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գնացել էին տուն…

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գնացել էին տուն…

Դիմադրության շարժումը շարունակվում է: Այլեւս դժվար է պատկերացնել, թե այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը ինչպես է շարունակելու իր պաշտոնավարումը: Նրա հեռացումն արդեն տեսանելի է: Բայց սրան զուգահեռ հաճախ ենք լսվում տարբեր կարծիքներ, թե՝ շարժման «անդրկուլիսյան» առաջնորդները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «թող տուն գնան, բոլորը դուրս կգան հրապարակ ու կարճ ժամանակահատվածում կհեռացնեն Փաշինյանին»: Ակնհայտ է, որ երկու նախկին նախագահներն այս շարժման լոկոմոտիվն են: Թեեւ նրանք ելույթներ չեն ունենում, այս ընթացքում հանրային խոսք չեն հնչեցնում, բայց ամեն օր գալիս են Ֆրանսիայի հրապարակ՝ իրենց ընտանիքներով, իրենց թիմերով, հետեւորդներով: Որքան էլ շարժման մեջ, Ֆրանսիայի հրապարակում կան հասարակության կողմից խիստ անընդունելի դեմքեր՝ լիսկաներ, գոնսալեսներ, սաշիկներ եւ այլն, պետք է ընդունենք, որ այս շարժումը կայացավ երկու նախագահների ու նրանց իմիջի շնորհիվ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի իննից հետո, երբ թափ առավ «Հայրենիքի փրկության շարժումը», նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը նույնպես հայտնվեց ոմանց քննադատությունների թիրախում. սկսեցին հիշել նրա կատարած ու չկատարած մեղքերը, համարեցին, որ նա «Սերժի մարդն» է, «Քոչարյանի մարդն» է, որ ծեր է եւ չի կարող գոնե ժամանակավորապես երկիր ղեկավարել: Սա այն դեպքում, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ լինելու է միայն կարճաժամկետ անցումային կառավարության ղեկավար եւ չի հավակնում մնալ երկրի ղեկին: Վազգեն Մանուկյանը լավ պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, պրոֆեսիոնալ: Բայց ոմանք նրան, եւ, առհասարակ, այդ շարժմանը «տուն ուղարկեցին», եւ ասացին, որ «հներից մարդ չի լինելու»: Ու շարժումը՝ իր բոլոր առաջնորդներով, գնաց տուն: Դրանից հետո եղան ԱԺ ընտրություններ: Արդյունքում հասարակությունը ընտրեց հենց այն մարդկանց ու իրենց քաղաքական թիմին, որոնց ժամանակին տուն ուղարկեցին. խորհրդարանում ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղում է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Երրորդ տեղում է սերժսարգսյական ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցությունների հիմքի վրա ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը: Սա նշանակում է, որ հասարակության ընդդիմադիր մեծամասնությունը վստահում է ՀՀ երկու նախագահներին: Ու զուր են այն պնդումները, թե հասարակությունը չի վստահում նրանց ու նրանց ներկայությունը հրապարակում խանգարում է Նիկոլին հեռացնելուն: 

Բացի այդ, մեկ տարուց ավել այս երկու առաջնորդները «տանը նստած էին», ակցիաներ, հանրահավաքներ չէին կազմակերպում: Ընդդիմադիր դաշտը թողել էին բաց, ազատ: Բոլորին հնարավորություն էին տվել գործելու, հանրահավաքներ անելու, շարժումներ կազմակերպելու եւ Փաշինյանին հեռացնելու: Ինչպես տեսանք, ոչ ոք հանրահավաք չարեց, ընդդիմադիր շարժում չկազմակերպեց, Փաշինյանին չհեռացրեց: Մեկ- երկու հանրահավաք արեց ԱԺԲ-ն, որը ընդդիմանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր ընդդիմադիրներին եւ որի խնդիրը բացառապես Հայաստանը դեպի ԱՄՆ «տանելն» է: Որեւէ այլ քաղաքական շարժում Հայաստանում այս «ազատ ու դատարկ» տարածքում չձեւավորվեց: Դա նշանակում է, որ Հայաստանում չկա այդպիսի քաղաքական ուժ, որն ունի վստահության, քաղաքական եւ այլ ռեսուրսներ, որ կարողանա Փաշինյանին հեռացնել: Ուստի զուր են ոմանց «ստատուսային» կոչերն, ուղղված ՀՀ երկու նախագահներին՝ տուն գնալու, որպեսզի կարողանանք Փաշինանին հեռացնել…