Մինչև երբ

Մինչև երբ

Իսկապես, մինչև երբ ենք մնալու այս իրավիճակում: Իշխանությունը գլխներիս ահավոր մի փորձանք, ոչ ադեկվատ ընդդիմությունն էլ ոչ պակաս փորձանք: Իհարկե, ունենք նաև ադեկվատ ընդդիմություն, բայց ... Բան չասեմ՝  հույս տածելով, որ հույսը ոչ թե որպես վերջինը կմահանա, այլ կոգևորի մի նոր Նժդեհի: Եթե հարց ծագի, թե ինչու Նժդեհի և ոչ Վազգեն Սարգսյանի՝ պատասխանեմ. որովհետև վերջինս իշխանություն էր, իսկ Նժդեհը Սյունիքում թշնամու դեմ պատերազմելով՝ դիմակայում էր նաև երևանյան իշխանությանը: Այսօր մենք այդ վիճակում ենք՝ անհրաժեշտ է կռիվ տալ թշնամու դեմ՝ թիկունքին չունենալով հայրենանվեր իշխանություն: 

Վերադառնանք ոչ ադեկվատ ընդդիմադիրներին, քանի որ ինչպես ժամանակին խոստովանեց մերժվող Սերժը՝ դրսի ուժերը շատ հզոր են եւ կարող են նրանցից Նիկոլի իրավահաջորդ սարքել: Բայց այդ ուժերը հզոր էին այնքանով, որքանով մենք թուլացանք՝ փորձելով խաղեր տալ Հյուսիսի ու Արևմուտքի միջև: Իսկ դրանց առճակատման պարագայում ղեկին է մնալու է այն ուժը, որն անվերապահորեն հանձնվում է հովանավորների բարեհաճությանը: Այսօր դեպի Արևմուտք շրջված Նիկոլի պարագայում առկա չէ բացարձակ անվերապահությունը: ՀԱՊԿ-ի անդամության, այսպես կոչված, կասեցումը չի նշանակում անդամության ավարտ, եթե չի կատարվում հաջորդ քայլը: Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դա անել չի համարձակվում: Սկզբնական շրջանում դա ընդունելի համարվեց, բայց այդպես երկար շարունակվել չի կարող: 

Չի կարող, օրինակ, Հայաստանը համագործակցել անգլո-ամերիկյան հետախուզությունների հետ ու մնալ ՀԱՊԿ-ի անդամ: Հայաստանը չի կարող լինել միջնորդ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու ճանապարհին: Չի կարող վարչապետը դեմ գնալ «Զանգեզուրի միջանցքը» թշնամուն տրամադրելու՝ անգլո-թյուրքական ծրագրին: Նարավոր չէ անդամակցել տնտեսական միությանը՝ միաժամանակ «կասեցնելով» անդամակցությունը ռազմաքաղաքական միավորին: Բայց ինչպես տեսնում ենք, Նիկոլն անընդհատ փորձում է անել և՛ մեկը, և՛ մյուսը: Ինչը մի ոչ գեղեցիկ օր խնդիր է առաջացնելու անձամբ իր իշխանության համար: Այդ օրն ինքը կարող է զարմանքով տեսնել, որ այլևս «մեծարգո վարչապետ» չէ: Քանի որ այսօրվա շրջապատը այդ կոչումով դիմելու է մեկ ուրիշին:

Եվ այդ մեկ ուրիշը կարող է լինել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջապատից: Բայց այդ մեկը հաստատ կլինի ավելի արևմտամետ: Եվ ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում չի լինի Ռուսաստանի դաշնակիցը՝ ինչպես ինքն է հայտարարում, այլև կարող է գնալ ավելի հեռու: Օրինակ՝ նույնիսկ պատերազմ հայտարարել Ռուսաստանին: Բայց ի տարբերություն ԱՄՆ-ի, որին 1975-ին պատերազմ էր հայտարարել Ուգանդայի բռնապետը և որը դա բանի տեղ չէր դրել, ՌԴ-ն անպայման կպատժի իրեն պատերազմ հայտարարած ՀՀ ղեկավարին: Եվ եթե ինձ հարցնեին, թե արևմտամետների շրջանից ում եմ տեսնում Նիկոլին փոխարինող՝ կասեմ ԱԺԲ-ական որևէ մեկին: Հատկապես նրան, ով ավելի շատ է հայհոյում ՌԴ նախագահին՝ աղավաղելով նրա ազգանունը: Որովհետև եթե պետական մտածողության և ընդհանրապես տրամաբանության բացակայության չափանիշ փորձենք գտնել, ապա այն հենց ռուսատյացությունն է: Եվ որքան ավելի մեծ, այնքան ավելի ընդունելի դրսեցիների համար: 

Իսկ այսօրվա պայմաններում եթե մեդալի մի կողմը ռուսատյացությունն է, ապա հակառակ երեսն ուկրաինասիրությունն է: Եվ որքան մեծ է առաջինը, նույնքան մեծ է երկրորդը: Իսկ ԱԺԲ-ական շրջապատում հավաքված են հենց այդպիսինները: Բայց դրանք հենց ամենից ոչ ադեկվատ ընդդիմությունն են գործող իշխանությանը: Օրինակի հետևից հեռու չգնանք. մարտի երկրորդ տասնօրյակից ռուսականի անվան ներքո ուկրաինական զինուժը փորձում է ներխուժել սահմանակից ռուսական տարածք: Թեև փորձերը դեռևս շարունակվում են, բայց դրանք արդեն ուկրաինացիներին արժեցել է մի քանի հարյուր զինվորականի և մի քանի տասնյակ ռազմատեխնիկայի կորուստ: Ռուսական տելեգրամյան ալիքներում արդեն խոսվում է տեխնիկայով ուժեղացված երեք գումարտակի ոչնչացման մասին:

Ուկրաինական ռուսախոս ադեկվատ տելեգրամյան ալիքների ներկայացմամբ՝ ուկրաինական այդ ներխուժումը, նախ, նպատակ ուներ մխտռել մարտի 15-ին սկսվող ու երեք օր տևող՝ ՌԴ նախագահի ընտրության գործընթացը: Երկրորդ, ապահովել մեդիա տիրույթում ուկրաինական հաղթանակի գովազդը, քանի որ գետնի վրա ուկրաինական զինուժը շարունակ նահանջում է արևելքում: Երրորդ, Արևմուտքին ցույց տալ, որ իրենք շարունակում են կռվելը, որպեսզի շարունակվի սպառազինության ու գումարների ներհոսքը: Չարրորդ, ռուսական որևէ շրջկենտրոն գրավելով՝ հայտարարել դրա ազատագրման և ենթադրաբար ժամանակավոր կառավարություն կազմելու մասին: Ասվում է նաև, որ հույս կար դրանով ստիպել ռուսներին, որպեսզի նրանք թեթևացնեն ճնշումը ռազմաճակատի արևելյան հատվածում՝ զորքերի մի մասը տեղափոխելով ուկրաինական ներխուժման տարածք: Բայց ինչպես արդեն ասվեց, ուկրաինական այդ ներխուժումը հիմնականում տապալվել է, ինչն ընդունել են նաև Կիևում: Ուկրաինական ռազմական ղեկավարությունում նույնիսկ ենթադրում են, որ հարձակման և դրա ուղղությունների մասին նախօրոք տեղյակ են պահել ռուսական զինուժին: 

Էական չէ, թե որքանով է դա ճշմարիտ: Էականն այն է, որ մի քանի օր ԱԺԲ-ական գործիչները հայտարարում էին (երևի դա դեռևս շարունակվում է), որ դրվել է ՌԴ իշխանության դեմ հաղթանակի սկիզբը: Եվ ոչ միայն հայտարարում էին, այլ համարյա թե տոնում էին այդ իրադարձությունը: Հենց այսպիսի անձինք կփոխարինեն Նիկոլին, եթե դրսեցիները որոշել պաշտոնանկ անել նրան: Ու հենց այսպիսիները «կապահովեն» մեր պայծառ ապագան:

Հ. Գ. ԱԺԲ-ն կարող է տոնել հակառուսականության հաղթանակը. ռուսական արդեն 4 ընտրատեղամասում ընտրողները գունավոր հեղուկ են լցրել քվեատուփի մեջ: Մեկում էլ քվեախցիկ են այրել: