Ի՞նչ են անում պատկան մարմինները

Ի՞նչ են անում պատկան մարմինները

Ադրբեջանում շփոթված են: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս վերահաստատել է ճշմարտությունը՝ ապրիլյան քառօրյայում հայկական կողմը հաղթող է: Բաքվում բառիս բուն իմաստով վայնասուն է բարձրացել: Պսակազերծվում է Ալիեւի «հաղթական բանակի» առասպելը: Սերժ Սարգսյանն այս իմաստով շատ հարմար պահ է ընտրել՝ տավուշյան եռօրյա մարտերի ցավոտ արձագանքները ոչ միայն չեն մարում, այլեւ մինչ այդ ադրբեջանական մունջ հանրությանը մղում են հարցադրումների: Ահա այս իրավիճակում Հայաստանի երրորդ նախագահը բացահայտում է ալիեւյան քարոզչամեքենայի կեղծիքը: Դա ապացուցելու համար հեռու գնալ պետք չէ:

Բավական է բացել ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների 2016 2-3-ի արխիվները (եթե պահպանվում են) եւկտեսնենք, թե ինչ անոնսներ էին անում. «Եւս մի ցատկ՝ մեր զորքերը կտիրեն Սարսանգի ջրամբարին» կամ՝ «ազատագրվել է Սեյսուլան գյուղը» կամ՝ «ադրբեջանական զրահատեխնիկան շարժվում է Հադրութի ուղղությամբ» եւ համեմատել փաստացի իրավիճակի հետ:

Եւ Թալիշն է հայկական վերահսկողության տակ, եւ Մատաղիսը, եւ Սեյսուլանը, եւ Հադրութն ու մյուս բոլոր տարածքները: Եթե սա հայկական կողմի հաղթանակը չէ, ապա ի՞նչ է: Բաքվի լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ, իբր, ներկայումս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդական Պողոսյանն ասում է, որ 2016թ. ապրիլի  2-ին Սերժ Սարգսյանը «զանգել է Հայաստանի Անվտանգության խորհուրդ եւ առաջարկել որ հեռացնեն կառավարման ողջ համակարգը, այն ամենը, ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին, մամուլին՝ ներառյալ Անվտանգության խորհրդի հարցերին»: Կա՞ նման անձնավորություն, որեւէ պաշտոն Անվտանգության խորհրդում զբաղեցրե՞լ է, ե՞րբ է նման հայտարարություն արել, ինչպե՞ս է այդ տեսագրությունը հայտնվել ադրբեջանական մամուլի տրամադրության տակ: Այս հարցերի պատասխանը պիտի Հայաստանի ԱԱԾ-ն, ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը տան: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց ապրիլյան քառօրյան իրոք հայկական բանակի հաղթանակն է: Այն նսեմացնելու ցանկացած փորձ պետք է դատապարտվի: